Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Օրենքը փոփոխել թե՞ կիրառել

07.05.2009

Այսօր Հայաստանում արդեն օրինաչափ է դարձել, երբ մեկ ոլորտում հանդիպում ենք ինչ-որ խնդրի, ապա փոփոխում ենք օրենքները, շատ լավ հասկանալով, որ դա չի լուծում այդ ոլորտում առաջացած խնդիրները, ուղղակի այդ քայլով իրավաչկիրառողները ցանկանում են հասարակության մահկանացու անդամներիս մոտ տպավորություն ստեղծել, որ առաջացած խնդիրները օրենքների անկատարության մեջ է: Այս առումով վերջին տարիներին քանի~, քանի~ հանձնաժողովներ, խորհուրդներ, դեպարտամենտներ, օպերատիվ շտաբներ են ստեղծվել, որպեսզի կատարելագործեն օրենսդրությունը, բայց չգիտես ինչու հասարակական հարաբերություններում ոչինչ չի փոխում: Պատրիկները շարունակում են իրենց լկտի վարքագիծը, իսկ Պլեբեյները շարունակում են իրենց ոտնահարված իրավունքների վերականգնման փորձերը: Հին Հռոմում այս դասակարգային պայքարը տևեց գրեթե երեք դար:

Օրենքներ գրելուց զատ յուրաքանչյուր պետություն պետք է հնարավորություն ունենա այն կիրառել, հակառակ պարագայում այդ օրենքներ ստեղծելը, այլ պետությունների օրենքներից արտագրելը, հարմարեցնելը սեփական շահերին, կմնա միայն թղթի վրա: Այսօր, եթե անկեղծ լինենք, ապա պետք է փաստենք, որ Հայաստանում ստեղծվել է մի իրավիճակ, երբ մարդուն մեղադրում են մի բանում, որ նա չի կատարել, այնուհետև գտնում են ինչ-որ հոդված (այս դեպքում էական չէ թե ինչ հոդվածով կդատապարտեն, կարևորը պատժաչափն է), դատապարտում են, այնուհետև ստեղծում են ինչ-որ խորհուրդ և սկսում են փոփոխել այն հոդվածը, որով դատապարտել են անմեղին՝ պատճառաբանելով, որ այդ հոդվածի անկատարությունն էր պատճառը արդար անձին դատապարտելու մեջ: Բայց խնդիրը չի լուծվում:

Ու խնդիրը չի լուծվելու այնքան ժամանակ, քանի դեռ իրենց խելոք հռչակած օրենք փոփոխողները չեն հասկացել (կամ հասկացել են, բայց պնակալեզներ կամ կարիերիստներ են), որ օրենք ունենալու տեղը կարելի է ունենալ նաև մեկ սովորույթ, որը պարտադիր կլինի բոլորի և յուրաքանչյուրի համար: Իսկ իշխանություն ունեցող պաշտոնյաները կկիրառեն այդ սովորույթը՝ միշտ հիշելով, որ իրենք իրենց ծննդյան պահին իշխանություն չեն ունեցել, ոչ էլ իրենց ազատող բժիշկն է այդ իշխանությունը իրենց տվել այլ այդ իշխանություն տվողը նրանց այդ նույն հասարակությունն է, որին կոչված են ծառայելու, բայց կեղեքում են:

Այս առումով այսօր Հայաստանում ուղղակի օրհասական խնդիր է փոփոխել ոչ թե օրենքները այլ այն անբարեխիղճ պաշտոնատար անձանց, որոնց ուղեղներում նստած է սովորական խորհրդային ժամանակվա խուժանը, որը զբաղված է գործ սարքելով, դրանք ամենուր են սկսած սովորական ոստիկանական բաժանմունքից մինչև բարձրագույն դատական ատյանը:

Հին Հռոմում այսպիսի մի սովորույթ կար, երբ դատավորը կաշառակեր և անբարեխիղճ էր, վերջինիս կաշվից էին սարքում դատավորի աթոռը, որպեսզի դրա վրա նստող դատավորը միշտ հիշի, որ այն սարքված է իր կոլեգայի կաշվից և անօրինականություններ թույլ չտար: Կասենք ծայրահեղ է, բայց փաստ է, որ դա արդյունավետ է եղել:

Ինչևէ այն հասարակությունը, որը ապրում է առանց վարքագծի համընդհանուր և պարտադիր նորմերի և յուրաքանչյուր ոք անում է այն ինչ իր երևակայությունն է թելադրում, իսկ գրված օրենքները ուղղակի թղթի կտոր են, քաղաքակիրթ աշխարհի աչքին փչած թոզ, այդ հասարակությունը վաղ թե ուշ դատապարտված է բանական էակներից վերածվելու անբան անասունների, որտեղ գործում են կենդանական աշխարհին բնորոշ բնազդային օրենքները:

Փաստաբան՝ Գևորգ Գյոզալյան

Կարդացեք նաև