Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքը հայ իրականության մեջ

19.12.2007

Ամեն անգամ սահմանադրական այս նորմն ընթերցելիս՝ ակամայից հիշում եմ ԵԱՀԿ-ի երևանյան գրասենյակի նախկին տնօրեն Պրյախինի՝ մի առիթով պատմած անեկդոտը, որը մոտավորապես հետևյալն էր. Հայաստանում եվրոպացին գնում է ճաշարան ճաշելու: Ճաշարանում մատուցողուհին նրան տալիս է ուտեստների ցանկը: Եվրոպացին նայում է ուտեստների ցանկին և ասում. «Բերեք, խնդրեմ, մեկ աման հնդկական ապուր», իսկ մատուցողուհին պատասխանում է. «Գիտեք, թեև ցանկում գրված է, սակայն մենք հնդկական ապուր չունենք»: Եվրոպացին կրկին նայում է ուտեստների ցանկին և ասում. «Այդ դեպքում բերեք, խնդրեմ, կիևյան կոտլետ»: Մատուցողուհին կրկին պատասխանում է. «Կներեք, բայց մենք կիևյան կոտլետ էլ չունենք»: Եվրոպացին բարկացած մի կողմ է նետում ուտեստների ցանկը և բղավում. «Չե՛մ հասկանում, սա ուտեստների ցա՞նկ է, թե՞ Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը»:

Որքանով է այս անեկդոտը մեր իրականությանը մոտ, թողնում եմ ընթերցողի դատին, իսկ թե ինչ է նշանակում դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք, կփորձեմ շարադրել ստորև:

Եվ այսպես, ինչպես նշեցի վերը, համաձայն ՀՀ սահմանադրության 18-րդ հոդվածի՝ յուրաքանչյուր ոք ունի իր իրավունքների և ազատությունների դատական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք:

Որպեսզի զերծ մնամ տեսական վերլուծությունից կփորձեմ այս իրավունքի հարցը ներկայացնել փաստաբանի տեսանկյունից՝ կոնկրետ օրինակով:

Վերջերս, ՀՀ նախագահը ստորագրեց Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը, համաձայն որի՝ Վարչական դատարանին ընդդատյա են լինելու` հանրային իրավահարաբերություններից ծագող բոլոր գործերը (բացառությամբ ՀՀ սահմանադրական դատարանի ենթակայությանը վերապահված գործերի և քրեական գործերի), մասնավորապես, պետական համայնքային կամ այլընտրանքային ծառայությանն անցնելու կամ իրականացնելու հետ կապված վեճերը, վարչական մարմինների միջև իրավասության հարցերի վերաբերյալ այն վեճերը, որոնք ենթակա չեն լուծման վերադասության կարգով, իրավաբանական այնպիսի փաստերի հաստատման վերաբերյալ գործերը, որոնք նշանակություն ունեն ֆիզիկական և իրավաբանական անձանց հանրային սուբյեկտիվ իրավունքների ծագման, հիմնավորման, փոփոխման կամ դադարման համար, հասարակական կազմակերպությունների, այդ թվում՝ արհեստակցական միությունների, ինչպես նաև հանրային իրավունքի բնագավառում գործող կամ գործելու նպատակ ունեցող այլ միավորումների գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու վերաբերյալ վեճերով գործերը, վճարման կարգադրություն արձակելու վերաբերյալ այն գործերը, որոնք բխում են հանրային իրավահարաբերություններից:

Նույն օրենքի 115-րդ հոդվածը սահմանում է, որ Վարչական դատարանի` գործն ըստ էության լուծող դատական ակտերն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից, եթե այդ ակտերի օրինական ուժի մեջ մտնելու այլ ժամկետ նախատեսված չէ այդ օրենսգրքով:

Այսինքն, 2008 թվականի հունվարի մեկից, եթե վարչական մարմինը տուգանք նշանակի ինչ-որ իրավախախտման համար, ապա անձինք հնարավորություն կունենան այդ վարչական ակտը բողոքարկել Վարչական դատարան, որի կայացրած դատական ակտը, անկախ իր թերություններից և տարաբնույթ ընկալումներից, քաղաքացիների մեծ մասի համար լինելու է վերջնական: Ինչո՞ւ վերջնական, որովհետև այդ ակտը կարող է բողոքարկվել միայն վճռաբեկության կարգով, իսկ համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ վճռաբեկ բողոք կարող է բերել միայն այդ դատարանում հավատարմագրված փաստաբանը, ինչպես նաև գլխավոր դատախազը և նրա տեղակալները՝ օրենքով նախատեսված դեպքերում:

Ինչպես ցույց է տվել հայ իրականությունը, ցավոք սրտի ՀՀ դատարաններում մինչ օրս ՀՀ օրենքներն ընկալվում են տարբեր կերպ, որի մասին վկայում են հենց իրենք՝ դատավորները: Օրինակ, ՀՀ արդարադատության խորհուրդը 19.11.2007 թվականին իր թիվ ԱԽ-11-Ո-32 որոշմամբ, ի պատասխան ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությանը (որը միջնորդել էր կարգապահական վարույթ հարուցել դատավոր Ալվարդ Հունանյանի նկատմամբ օրենքի կոպիտ խախտման համար), նշել է. «… Խորհուրդը իր մտահոգությունն է հայտնում ՀՀ արդարադատության նախարարի կողմից նմանատիպ խախտումներով կարգապահական վարույթ հարուցելու կապակցությամբ: Ժամանակակից անցումային հասարակություններում օրենսդրության զարգացման ցածր մակարդակի պայմաններում առավել մեծ են հնարավորությունները օրենքների տարաբնույթ մեկնաբանությունների:» (Ընդգծումը՝ Գ.Գ.):

Ուստի, այստեղ տրամաբանական հարց է առաջանում. եթե տարաբնույթ մեկնաբանությունները դեռ շատ են, ինչո՞ւ ենք երկաթյա վարագույրով փակում ՀՀ վճռաբեկ դատարանի մուտքը: Ավելին, համաձայն ՀՀ սահմանադրական դատարանի 09.04.2007 թվականի որոշման՝ Վճռաբեկ դատարանի սահմանադրական գործառույթից է անմիջականորեն բխում ոչ միայն ընդհանուր և մասնագիտացված ստորադաս դատարանների թույլ տված դատական սխալներն իր իրավասության շրջանակներում ուղղելը, այլև այդ դատարանների կողմից կիրառված նորմատիվ ակտերի (դրանց դրույթների) միասնական ընկալման վերաբերյալ իրավական դիրքորոշում արտահայտելը: Հետևաբար, եթե օբյեկտիվ լինենք, ապա միանշանակորեն կարելի է փաստել, որ Վճռաբեկ դատարանը երկաթյա վարագույրով փակելը դեռ վաղ է Հայաստանի Հանրապետության համար, քանի որ դեռևս հայ իրականության մեջ բազմաթիվ են այնպիսի երևույթները, ինչպիսիք են՝ կոռուպցիան, օրենքների անկատարությունը, դատավորների և փաստաբանների իրավագիտակցության ցածր մակարդակը և այլն:

Վաճառվում է ստորագրություն:

Իսկ այժմ փորձենք անդրադառնալ ՀՀ վճռաբեկ դատարանում հավատարմագրված փաստաբանների ինստիտուտին:

Ըստ Փաստաբանների պալատի տվյալների՝ հավատարմագրված փաստաբանների թիվը կազմում է մոտավորապես հիսունհինգ հոգի: Եթե մի պահ ենթադրենք, որ այդ փաստաբանները բոլորը միահամուռ կերպով փորձում են բավարարել հասարակական պահանջը և բողոքարկում են միայն (կրկնում եմ միայն) վարչական դատարանի դատական ակտերը, ապա այս դեպքում էլ մենք կունենանք խայտառակ պատկեր, քանի որ ֆիզիկապես ուղղակի հնարավոր չէ հասնել մեր դատավորների՝ անհիմն վճիռ գրելու արագության ետևից (ճշմարտությանը դեմ չգնալու համար պետք է նշենք, որ ՀՀ տնտեսական դատարանի դատավորներն այս առումով ավելի բարեխիղճ են): Իսկ արդյունքում խախտվելու է հազարավոր անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, քանի որ վերջիններս, ինչպես հստակ փաստել է ՀՀ արդարադատության խորհուրդը, երաշխավորված չեն լինելու օրենքների տարընթերցումներից, իսկ այնուհետև՝ դրանք բողոքարկելու հնարավորությունից: Եթե սրան էլ գումարենք վճռաբեկ բողոքը ստորագրելու համար "Ընտրյալ փաստաբանների" կողմից սահմանված բարձր սակագները և դատական համակարգում առկա կոռուպցիոն ռիսկերը, ապա կարելի է Սահմանադրության 18-րդ հոդվածն ընդհանրապես հանել:

Ի դեպ կոռուպցիոն ռիսկերի մասին նաև խոսել է ՀՀ սահմանադրական դատարանն իր 09.04.2007թ.-ի ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածի 1-ին կետի, 231.1., 231.2. հոդվածների դրույթների՝ Հայաստանի Հանրապետության սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով: Այդ որոշման մեջ բառացիորեն նշված է հետևյալը. «Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ համակարգային բարեփոխումների ժամանակ անհրաժեշտ է նկատի ունենալ նաև անցումային համակարգերին բնորոշ այնպիuի առանձնահատկություններ, ինչպիuիք են իրավագիտակցության դեռևu ցածր մակարդակը, հաuարակական հարաբերությունների սահմանադրականացման անբավարար աստիճանը, համակարգային անկատարությունները, կոռուպցիոն ռիսկը և այլն: Հետևաբար, իրավակարգավորման առանցքային խնդիրներից են, մասնավորապես, Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված ժողովրդավարական, իրավական պետության կայացման նախադրյալների ապահովումը, սահմանադրական ժողովրդավարության ամրապնդումը,
Սահմանադրության հիմնարար արժեքների ու սկզբունքների իրացման oրենսդրական ու կառուցակարգային երաշխիքների ստեղծումը, դատական իշխանության անկախության ու անկողմնակալության նկատմամբ հաuարակության անդամների վստահության ամրապնդումը և այլն:»:

Դժվար թե այս ամենին հնարավոր լինի հասնել հիսունհինգ փաստաբանի օգնությամբ:

Իսկ ի՞նչպես է հիմնավորում Վճռաբեկ դատարանը, հավատարմագրված փաստաբանների ինստիտուտի ներդրումը: Շատ պարզ. վճռաբեկ դատարանի դատավորները ո՛չ ժամանակ և ո՛չ էլ տրամադրություն ունեն կարդալու անբարեխիղճ փաստաբանների կողմից ուղարկված անհիմն վճռաբեկ բողոքները, ուստի նրանք կարծում են, որ եթե հավատարմագրեն հիսունհինգ փաստաբանի, վճռաբեկ բողոքները ավելի որակյալ կլինեն:

Այստեղ ուղղակի կարելի է «գաղտնազերծել» փաստաբանների մեջ ձևավորված այն պարզ մոդելը, որը հայտնի է «Ես քեզ, դու ինձ» անվանումով: Այսինքն՝ այն փաստաբանը, որը ձայն է տալիս այլ փաստաբանի, հենց այդ փաստաբանի միջոցով էլ ուղարկում է իր անորակ վճռաբեկ բողոքը վճռաբեկ դատարան: Ուստի այստեղ պետք է հիասթափեցնեմ մեր դատավորներին, քանի որ վճռաբեկ բողոքները որակյալ չեն դառնում և դրանում համոզվել են նաև իրենք: Թեպետև հստակ է, որ Վճռաբեկի խնդիրը ոչ թե որակի մեջ է, այլ քանակի: Հասկանալի է նաև, որ չաշխատել, բայց գումար աշխատել, սիրում են բոլորը: Ինչևէ, ավարտելով՝ կարելի է բերել Ռուսաստանի օրինակը, որը, մեղմ ասած, Հայաստանից առավել զարգացած լինելով, չի ներմուծել նորմեր, որոնք կխոչընդոտեր իր քաղաքացիների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքի իրականացմանը: Այնտեղ Վճռաբեկ դատարանը հասանելի է յուրաքանչյուր անձի, հետևաբար նաև, յուրաքանչյուր անձ որոշակի առումով երաշխավորված է, այսպես ասած, օրենքի տարընթերցումներից և դատական սխալներից:

Գևորգ Գյոզալյան