Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Հայցը կամ դիմումը առանց քննության թողնելը քաղաքացիական դատավարությունում

16.01.2006

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103 հոդվածի առաջին կետը սահմանում է, որ դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության, եթե՝ նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորը չի ներկայացել դատական նիստին և չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին: Այնուհետև նույն օրենսգրքի 104 հոդվածի չորրորդ կետը սահմանում է, որ հայցը կամ դիմումը առանց քննության թողնելու համար հիմք ծառայած հանգամանքները վերանալուց հետո հայցվորը կամ դիմողն իրավունք ունի կրկին դիմել դատարան: Այսինքն, եթե հայցվորը կրկին դիմում ներկայացնի դատարան, ապա գործի վարույթը կրկին կվերսկսվի: Ընդ որում ինչպես երևում է հոդվածի դիսպոզիցիայից գործով պատասխանող կողմը որևէ ձևով չի կարող միջամտել այս գործընթացին և ամեն անգամ հայցվորի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու դեպքում պատասխանողը ներկայանում է դատարան:

Ըստ Ռաֆիկ Պետրոսյանի «Հայաստանի քաղաքացիական դատավարության» բուհական դասագրքի, եթե դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորը (դիմողը) դատարան չի ներկայանում, ապա այս հանգամանքի առկայությամբ դատարանը եզրակացնում է, որ հայցվորը (դիմողը) այլևս շահագրգռված չէ վեճն ըստ էության լուծելու մեջ, բայց որովհետև դատարանը հաստատ չգիտի, թե որն է հայցվորի չներկայանալու իսկական պատճառը, ուստի հայցը (դիմումը) թողնում է առանց քննության:

Պետք է նկատել, որ այս հանգամանքի առկայության դեպքում այսինքն, եթե հայցվորը չի ներկայանում դատական նիստին, ավելի տրամաբանական կլիներ դատարանի կողմից գործի վարույթը հետաձգելը, քանի որ առաջին անգամ դատարանը չի կարող իմանալ հայցվորի դատարան չներկայանալու իրական պատճառների մասին (միգուցե դատարան գալու ճանապարհին հայցվորը վթարի է ենթարկվել): Ուստի այդ հանգամանքը պարզելու համար դատարանը կարող է գործի քննությունը հետաձգել կրկին անգամ ծանուցագիր ուղարկելով հայցվորին՝ պահանջելով ներկայանալ դատարան, բնականաբար որոշակի ժամանակ տրամադրելով: Այլ ձևով է հարցը կարգավորված Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական դատավարության օրենսգրքում որի 222 հոդվածի յոթերորդ մասում մասնավորապես սահմանված է, որ դատարանը հայցը թողնում է առանց քննության, երբ հայցվորը դատարանի կողմից ուղարկված երկրորդ ծանուցագիրը ստանալուց հետո չի ներկայացել դատական նիստին և չի խնդրել դատաքննությունը անցկացնել իր բացակայությամբ, իսկ պատասխանողը չի պնդում դատաքննությունը անցկացնել ըստ էության: Այստեղ ըստ իս ավելի ճիշտ է հարցը կարգավորված, քանի որ հաշվի են առնվել նաև պատասխանողի շահերը ինչը բխում է կողմերի իրավահավասարության սկզբունքից: Քանի որ եթե գործով պատասխանողը այնուամենայնիվ պնդի դատաքննությունը անցկացնել հայցվորի բացակայությամբ, ապա այն պետք է բավարարվի: Վերջին հաշվով դատարանի առաքելությունը արդարադատություն իրականացնելն է հետևաբար դատարանը չպետք է կաշկանդված լինի անբարեխիղճ կողմի ներկայությունից: Այստեղ կարող է հարց առաջանալ, իսկ, եթե հայցվորը այլևս շահագրգռված չէ այդ հայցով: Եթե հայցվորը այլևս չի ցանկանում շարունակել տվյալ գործը, ապա նա ունի մի շարք դատավարական հնարավորություններ գործի վարույթը ավարտելու, մասնավորապես նա կարող է հրաժարվել հայցից, կնքել հաշտության համաձայնագիր և այլն: Իսկ եթե հայցվորը առաջին անգամ չի ներկայանում դատական նիստին, ապա դատարանը ամեն դեպքում պետք է հետաձգի գործի վարույթը, քանի որ նա չգիտի հայցվորի չներկայանալու իրական պատճառների մասին (հիվանդություն, դժբախտություն և այլն): Ասվածիս վառ ապացույցը կարող է հանդիսանալ հետևյալ դատական պրակտիկայից բերված գործերը:

Անբարեխիղճ հայցվորը հայց է հարուցում առաջին ատյանի դատարան և անհիմն կերպով ձգձգում է գործի ժամկետները ամեն անգամ չներկայանալով դատական նիստին և համաձայն սույն օրենքի հայցը թողնվում է առանց քննության, իսկ հաջորդ օրը ըստ հայցվորի ներկայացրած դիմումի գործի վարույթը կրկին վերսկսվում է, ընդ որում այստեղ պետք է նշել, որ դատարան էլ անում է իր գործը, դատաքննության օրը նշանակելով տաս օրից ոչ շուտ: Այս ամբողջ ժամանակաընթացքում պատասխանող կողմը կրում է մեղմ ասած բարոյական վնասներ: Սպասելով դատաքննության օրվան նա պարզում է, որ հայցվորը չի ներկայացել դատարան և հայցը թողնվել է առանց քննության: Սակայն որոշ ժամանակ անց նրան կրկին կանչում են դատարան նույն գործով: Այսպես հայցվորը կարողանում է անվերջ ձգձգել գործի քննությունը փորձելով լուծել ինչ-որ խնդիրներ, ընդ որում դատարան էլ ամեն անգամ, երբ հայցվորի կողմից ներկայացվում է համապատասխան դիմում գործի վարույթը նորոգելու մասին, գործի քննության երկամսյա ժամկետը հաշվում է այն օրվանից, երբ հայցվորը ներկայացնում է դիմում: Պետք է նշել սակայն, որ առաջին ատյանի դատարանում ի տարբերություն Վերաքննիչ դատարանի պատասխանող կողմը մի փոքր շահեկան վիճակում է, քանի որ նա կարող է հակընդեմ հայց հարուցել հայցվորի նկատմամբ (սակայն հիմնականում նման ձևով վարվում են մասնագիտությամբ փաստաբանները կամ իրավաբանները, քաղաքացիների պարագայում այս հանգամանքը քիչ հավանական է) այլ է վիճակը Վերաքննիչ դատարանում: Համաձայն քաղաքացիական դատավարության օրենսգրքի 215 հոդվածի վերաքննիչ դատարանում գործով պատասխանողը զրկված է հակընդեմ հայց հարուցելու իրավունքից և սա լավ պայմաններ է ստեղծում ինչպես անբարեխիղճ հայցվորի այնպես էլ անբարեխիղճ դատավորի համար: Մասնավորապես, երբ առաջին ատյանի վճիռը բողոքարկվում է Վերաքննիչ դատարան, այստեղ սկսվում է կատարյալ քաոսը անբարեխիղճ հայցվորի և դատավորի ակտիվ մասնակցությամբ: Օրինակի համար վերաքննիչ դատարանում գործով հայցվորը մինչ դատաքննության օրը ինչ-ինչ պայմանավորվածություններ է ձեռք բերում դատավորի հետ սակայն այդ պայմանավորվածությունները իրականացնելու համար նրան հարկավոր է լինում որոշակի ժամանակ ուստի սույն օրենքի բացը լավ հնարավորություն է տալիս անտեղի ժամանակ ձգձգելու միաժամանակ պետք է նշել, որ մյուս կողմը չի կարող առաջին ատյանի դատարան հայց հարուցել նույն գործով, քանի որ համաձայն քաղաքացիական դատավարության օրենսգրքի 91 հոդվածի երրորդ կետի դատավորը մերժում է հայցադիմումի ընդունումը, եթե՝ այլ դատարանի … վարույթում առկա է նույն անձանց միջև, նույն առարկայի մասին և միևնույն հիմքերով վեճի վերաբերյալ գործ: Այստեղ պատասխանողը ուղղակի հայտնվում է փակուղային իրավիճակում: Սրան եթե գումարենք նաև այն հանգամանքը, որ պատասխանողի գույքի վրա կարող է հայցի ապահովում լինել, ապա պատասխանողը մի տեսակ հայտնվում է զոհի կարգավիճակում: Արդյունքում դատարանը կամ ավելի ճիշտ՝ արդարադատությունը անբարեխիղճ հայցվորի և անբարեխիղճ դատավորի ձեռքում դառնում է մի տեսակ կարուսել, զրկելով մյուս կողմին օրինական ձևով իր իրավունքները պաշտպանելու հնարավորությունից: Ընդ որում կողմը կարող է տաս անգամ դատարան չգալ և տաս անգամ նա կարող է դիմում ներկայացնել և վերսկսել գործը առավել ևս, եթե դա է ցանկանում նաև դատավորը: Այստեղ ուղղակի մենք գործ ունենք օրենքի լուրջ բացթողման հետ: Ընդ որում, երբ վերաքննիչ բողոքը բերում է գործով պատասխանողը գտնելով, որ առաջին ատյանի դատարանը ակնհայտ ապօրինի վճիռ է կայացրել և հանկարծ վերաքննիչ դատարանում չի կարողանում իրականացնել իր տնօրինչականության սկզբունքից բխող իրավունքները, ապա այս դեպքում պատասխանողը հայտնվում է անհավասար վիճակում, մի տեսակ կախված լինելով գործով հայցվորի գործողություններից: Դրանով իսկ հօդս են ցնդում նրա տնօրինչականության սկզբունքի վրա հիմնված իրավունքները:

Այսպիսով հաշվի առնելով դատարաններում ստեղծված առկա վիճակը մասնավորապես հայցը կամ դիմումը առանց քննության թողնելու հետ կապված իրավահարաբերությունները և օգտվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 27.1 հոդվածով ինձ ընձեռված իրավունքից, ինչպես նաև ի նկատի ունենալով, որ ներկայումս Արդարադատության նախարարության կողմից փոփոխություններ են նախապատրաստվում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վերաբերյալ

Առաջարկում եմ

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103 հոդվածի առաջին կետը շարադրել հետևյալ կերպ. … «նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորը կրկնակի կանչով չի ներկայացել դատական նիստին և չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին, իսկ պատասխանողը չի պնդում գործն ըստ էության քննելու»:

Հուսով եմ սույն առաջարկությունս սահմանված կարգով կուսումնասիրվի և անկախ դրա դրական կամ բացասական պատասխանից ինձ ողջամիտ ժամկետում կտրվի պատասխան:

Նախագիծ
Պ-835-30.03.2006-ՊԻ-010/0
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի /17 հունիսի 1998 թվականի, ՀՕ-247, այսուհետ` Օրենքսգիրք/103 հոդվածի 1-ին ենթակետի վերջին «մասին.» բառից հետո լրացնել «, եթե պատասխանողը չի պահանջում գործը քննել ըստ էության:»:

Հոդված 2. Օրենսգրքի 104 հոդվածի
ա) 3-րդ կետը շարադրել հետեւյալ բովանդակությամբ.
«3. Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը գործին մասնակցող անձանց կողմից կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` որոշումը ստանալուց հետո եռօրյա ժամկետում:»,
բ) հոդվածը լրացնել32 եւ 33 կետերով հետեւյալ բովանդակությամբ.
«32 . Գործի վարույթը վերսկսվելուց հետո, եթե նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով տեղեկացված հայցվորը չի ներկայացել դատական նիստին եւ չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին, դատարանը որոշում է կայացնում հայցն առանց քննության թողնելու մասին, եթե պատասխանողը չի պահանջում գործը քննել ըստ էության:»:
«33 . Հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումն անփոփոխ թողնելու մասին վճռաբեկ դատարանի որոշումն ստանալուց հետո դատարանը պարտավոր է գործին մասնակցող անձանց միջնորդությամբ մեկամսյա ժամկետում վերացնել հայցի ապահովմանն ուղղված միջոցները:»:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 103 հոդվածի 1-ին ենթակետի համաձայն դատարանը հայցը կամ դիմումն առանց քննության է թողնում, եթե նիստի ժամանակի եւ վայրի մասին պատշաճ ձեւով տեղեկացված հայցվորը չի ներկայացել դատական նիստին եւ չի խնդրել գործն իր բացակայությամբ քննելու մասին: Օրենքի պահանջը խիստ թերի է, որովհետեւ այն չի ապահովում նիստին բարեխիղճ կերպով ներկայացած պատասխանողի շահերի պաշտպանությունը, որի նկատմամբ հայցվորի պահանջով կարող են կիրառված լինել հայցի ապահովման միջոցներ:

Մրցակցության եւ կողմերի դատավարական իրավահավասարության սկզբունքներից ելնելով, անհրաժեշտ է Օրենսգրքի 103հոդվածի 1-ին կետին համապատասխան, արտասահմանյան երկրների օրինակով/տես ՌԴ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 222 հոդվածի 7-րդ մասը եւ ԱՊՀ բոլոր երկրների նույնանման օրենսգրքերի համապատասխան հոդվածները/ հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին որոշման կայացումը պայմանավորել նաեւ նիստին բարեխիղճ կերպով ներկայացող պատասխանողի համաձայնությամբ:

Նույն կերպ` Օրենսգրքի 104 հոդվածի 3-րդ կետին համապատասխան հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին դատարանի որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` միայն հայցվորի կողմից: Մինչդեռ նման որոշման բողոքարկման հարցում կարող են շահագրգռված լինել նաեւ պատասխանողը կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք, որոնց նկատմամբ դատարանը հայցվորի դիմումով ձեռնարկել է օրենսգրքի 98-րդ հոդվածով նախատեսված հայցի ապահովման միջոցներ` արգելանք է դրել նրանց պատկանող գույքի կամ դրամական միջոցների վրա, նրանց արգելել է որոշակի գործողություններ կատարել եւ այլն: Հետեւաբար, հայցվորից բացի, անհրաժեշտ է գործինմասնակցող մյուս անձանց նույնպես օժտել հայցն առանց քննության թողնելու որոշումը բողոքարկելու իրավունքով:

Սույն օրինագծի 1-ին հոդվածի եւ 2-րդ հոդվածի «ա)» կետի նոր ձեւակերպումները կոչված են վերացնելու հայցն առանց քննության թողնելու որոշումը բողոքարկելու հարցում գործին մասնակցողանձանց իրավունքի անհարկի սահմանափակումները:

Դատական պրակտիկան ցույց է տվել նաեւ, որ հայց հարուցելուց կամ հատուկ վարույթի գործերով դիմում տալուց հետո, այդ թվում նաեւ այն դեպքում, երբ վճռաբեկ դատարանը վերացնում է հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի որոշումը եւ գործը քննող դատարանում վերսկսվում է վարույթը, հայցվորները հաճախ չարաշահում են օրենքով իրենց վերապահված դատավարական իրավունքը եւ անհարգելի պատճառով չեն ներկայանում նիստի, միաժամանակ դատարանին չեն խնդրում գործն իրենց բացակայությամբ քննելու մասին, որի հետեւանքով դատարանը հայցը կամ դիմումը թողնում է առանց քննության: Նման դեպքում գործը քննող դատարանին օրենքն իրավունք չի վերապահում հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու հետ միաժամանակ վերանայել հայցի ապահովման միջոցները, որի հետեւանքով պատասխանողը կամ երրորդ անձը զրկվում են իրենց սեփականության իրավունքից ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 277 հոդվածին համապատասխան ազատորեն օգտվելու /տիրապետելու, օգտագերծելու, տնօրինելու/ հնարավորությունից: Օրինակ` հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու եւ վիճելի շենքի կամ շինության, կամ ժառանգական գույքի վրա դրված արգելքը չվերացվելու դեպքում շենքի /շինության/ կամ ժառանգական բաժնի իրավունք ունեցող անձինք փաստորեն կախման մեջ են դրվում անհարգելի պատճառով դատարան չներկայացող հայցվորի կամքից:

Գործին մասնակցող մյուս անձանց իրավունքները եւ շահերը կարող են տուժել նաեւ այն դեպքերում, երբ վճռաբեկ դատարանը անփոփոխ է թողնում հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու մասին առաջին ատյանի կամ վերաքննիչ դատարանի որոշումը, որովհետեւ այս դեպքում եւս չի լուծվում հայցի ապահովման միջոցների վերացման հարցը եւ պատասխանողի իրավունքներն իր սեփականության նկատմամբ այդպես էլ մնում են անիրագործելի:

Սույն օրինագծի «բ» կետի լրացումները կոչված են իրականացնել գործին մասնակցող մյուս անձանց իրավունքների պաշտպանությունը հայցվորի հնարավոր չարաշահումներից, մանավանդ որ հայցվորը կարող է հայցը կամ դիմումն առանց քննության թողնելուց որոշ ժամանակ անց եւ այն էլ`բազմիցս հարուցել նույն հայցը կամ դատարան տալ նույն դիմումը եւ փաստորեն տարիներ շարունակ միտումնավոր կերպով ձախողել գործի քննությունը, որովհետեւ օրենքը /Օրենսգրքի 104 հոդվածի 4-րդ կետը/ հայցվորին կամ դիմողին թույլ է տալիս հայցը կամ դիմումն առանց քննության թողնելու համար հիմք ծառայած հանգամանքները վերանայելուց հետո կրկին դիմել դատարան: Պատասխանողը կամ երրորդ անձը չեն կարող դուրս գալ այս շրջապտույտից:

Այսպիսով, ամբողջ օրինագիծը հետապնդում է անբարեխիղճ հայցվորի չարաշահումներից գործին մասնակցող մյուս անձանց իրավունքները եւ օրինական շահերը պաշտպանելու նպատակ: