Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Փաստաբանական ծառայությունների որակ

05.02.2018


Մի գործով դատական գործը շահել եմ, բայց ինչ-որ բան ինձ հանգիստ չի տալիս, մասնավորապես այն, որ մրցակցող կողմի փաստաբանի պատճառով այդ կողմը ոչ միայն տանուլ տվեց գործը, այլ նաև քրեական գործ հարուցվեց այդ կողմի նկատմամբ։ Երբ ուսումնասիրում եմ այսօրվա փաստաբանական ծառայությունների շուկան տեսնում եմ, որ այն պայմանականորեն կարելի է բաժանել երեք խմբի՝ նվիրյալներ, ժամանակավոր դիլետանտներ և նորեկներ։ Այս առումով իմ այս սուբյեկտիվ դատողությունը ցանկանում եմ կիսել հանրության լայն շրջանակի հետ, հույսով, որ փաստաբան ընտրելիս չեն սխալվի։

Նվիրյալների մասով կարծես թե շատ ասելու բան չկա, փաստաբաններ որոնք սիրում են իրենց գործը, պրոֆեսիոնալ են, նվիրված են փաստաբանական գաղափարին, գիտակցում են իրենց որակական հատկանիշները, ծախու չեն, ավելի շատ իրավապաշտպան են, քան ձեռնարկատեր, պետական այրերի հետ գործարքի չեն գնում, պայքարող տեսակ են, նախընտրում են մասնագիտական ազատությունը։ Որպես կանոն նվիրյալները փաստաբան են դառնում, քանի որ տեսակով ազատ են։ Ցավոք, իմ գնահատմամբ, այս տեսակը բավականին քիչ է փաստաբանական ծառայությունների շուկայում։

Ժամանակավոր դիլետանտները դրանք այն փաստաբաններն են, ովքեր այս համայնքում հայտնվել են ժամանակավոր, բացառապես փող աշխատելու և իրենց աստեղային ժամին սպասելու մոլուցքով։ Այս տեսակը ցանկացած պահի, առանց մտածելու կարող է թողնել փաստաբանական գործունեությունը, եթե նրան առաջարկեն պետական պաշտոն, բարձր վճարվող աշխատավարձ։ Այս տեսակետից նրանց համար մասնագիտական ազատությունն որևէ նշանակություն չունի։ Ահա այս տեսակն է, որ երբ հայտնվում է փաստաբանական ծառայությունների շուկայում, չի ճանաչում որևէ սահման, լկտի ստում է, շողոքորթում է, կաշառում է, մատնում է, կեղծում է, սպասում է իր աստեղային ժամին, որը շատ դեպքերում նաև քրեակատարողական հիմնարկ է տանում։ Այս տեսակն ազատությունն օգտագործում է բացառապես ստրուկի հոգեբանությամբ, նրա միակ բաղձանքը փողն ու պաշտոնն է։ Այս տեսակի մեջ կեղծավորությունը դրսևորվում է լիակատար տեսքով՝ առանց մնացորդի։ Ընդ որում այս տեսակը մտոք լինելով մի քանի տեղ չի հասցնում որևէ տեղում, միշտ նույն դիլետանտն է։ Այս տեսակի գործունեությունից անասելի վնաս է հասցվում ոչ միայն անձանց, այլ նաև այն միջավայրին որտեղ նրանք գործում են։

Նորեկները, անկախ իրենց փաստաբանական ստաժից, դրանք այն փաստաբաններն են, ովքեր կարծում են ինչքան շատ արտոնագիր ունենան այնքան լավ է։ Այս տեսակը ոչ միայն ձգտում է փաստաբանական արտոնագիր ստանալ, այլ նաև ձգտում է գիտությունների թեկնածու լինել, ստանալ բազմապիսի գեղեցիկ նախշերով արտոնագրեր։ Այս տեսակի համար կարևորը ձևն է և ոչ երբեք բովանդակությունը։ Այս փաստաբաններն ամենաշատն անպետք են հենց փաստաբանության ոլորտում, քանի որ նրանք երբեք փաստաբան չեն դառնում։ Այս փաստաբանները շատ դեպքերում չեն կարողանում պաշտպանել անգամ իրենց իրավունքները, էլ չեմ խոսում այլոցի մասին։

Ամփոփելով կարող եմ ասել, որ փաստաբանական ծառայությունների որակն անչափ կարևոր է, ուստի փաստաբան ընտրելիս պետք է զգուշորեն մոտենալ հարցին, քանի որ «վատ» փաստաբանի գործունեության արդյունքում անձը, որպես կանոն, դրա հետևանքները զգում է շատ ավելի ուշ։ Այս տեսակետից ես փաստաբանի ընտրությունը նմանեցնում եմ բժշկի ընտրությանը՝ վատ ընտրությունն անխուսափելիորեն բերելու է անկանխատեսելի հետևանքների։ Ուստի հեռու մնացեք բոլոր այն փաստաբաններից ովքեր ձեզ երաշխիքներ կտան դատական գործը շահելու մասին, կխոսեն իրենց ունեցած կապերից, կխոսեն դատավորի, դատախազի, քննիչի անձերի մասին և ընդհանրապես կմեծախոսեն և գլուխ կգովան։ Միաժամանակ հեռու մնացեք այսպես ասած լալկաններից ովքեր ավելի շատ խոսում են խնդրի կենցաղային մասից, քան իրավականի։ Մի քաշվե՛ք, հարցերով պարզեք թե որքանով է փաստաբանը կոմպետենտ ձեր շահերը ներկայացնելու։

Գևորգ Գյոզալյան

Կարդացեք նաև