Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Դատարանի անունը փոխելը բովանդակություն չի փոխում. փաստաբանը` Երևանում մեկ միասնական դատարան ստեղծելու մասին

08.12.2017


Կստեղծվի Երևանի մեկ միասնական առաջին ատյանի դատարան, սակայն այդ դժվար թե բովանդակային առումով էական փոփոխություններ իրականացնի, անունը փոխելը բովանդակություն չի փոխում:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը, անդրադառնալով ՀՀ կառավարության որոշման նախագծին, համաձայն որի՝ Երևանում կստեղծվի մեկ միասնական առաջին ատյանի դատարան:

«Միևնույն է, այդ դատարանը ևս կունենա նստավայրեր, իսկ թե ինչ կլինի անունը էական չէ: Չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ լինեն: Հիշում եմ, որ Հովհաննես Մանուկյանի պաշտոնավարման ժամանակ Հյուսիսային քրեական դատարան և Հարավային քրեական դատարան ստեղծվեցին, որոնք շատ կարճ կյանք ունեցան: Քանի դեռ համապատասխան մարմինները եզրակացություններ չեն անում իրենց անցյալից,ապա չեմ շտապի լավատեսական կարծիք հայտնել»,-ասաց Գյոզալյանը:

Դիտարկմանը, թե որոշման նախագիծը գործադիր մարմնին ներկայացնելիս Արդարադատության նախարարն ասաց, որ դա արվում է նաև դատարանների ծանրաբեռնվածության հարցը լուծելու համար, ենթադրվում է, որ որևէ վարչական տարածքում գրանցված դեպքը կարող է քննվել այլ դատարանում, փաստաբանն ասաց, որ հնարավոր է, սակայն դրանով հարցը չի լուծվում:

«Ես Երևանում չգիտեմ որևէ դատարան, որի դատավորները չբողոքեն իրենց ծանրաբեռնվածությունից, չկա նման դատարան: Նույնիսկ մարզերում է այդպես: Չկա դատարան, որ հայցադիմումը ներկայացնես և մեկ ամիս անց դատական նիստ նշանակվի»,-ասաց Գյոզալյանը:

Փաստաբանի խոսքով՝ պետք է դիտարկել խնդրի նաև սուբյեկտիվ պատճառը.«Դատարանների ծանրաբեռնվածության հարցը լուծող Կառավարությանը դատավորներից մեկի հետ կապված երեք անգամ գրություն եմ ուղարկել: Կարևոր է, որ դատավորների որակը ստուգեն, որովհետև եթե դատավորը չի ուզում աշխատել 3000 դատավոր էլ բերեն, միևնույն է, չի աշխատի»:

Սկզբնաղբյուր՝ «Դատարանի անունը փոխելը բովանդակություն չի փոխում. փաստաբանը` Երևանում մեկ միասնական դատարան ստեղծելու մասին» Բեթղեհեմ Արաբյան

Կարդացեք նաև