Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Երկու խոսք «Ընտանեկան բռնության մասին» ՀՀ օրենքի նախագծին փոխարինած՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ

17.11.2017


ՀՀ կառավարությունը շրջանառության մեջ է դրել նոր նախագիծ, ըստ որի փորձել է կարգավորել ընտանեկան բռնության հետ կապված հարաբերությունները։ Ուսումնասիրելով այդ նախագիծը ցանկանում եմ փաստել, որ այն հիմնովին ձևախեղել է նախկին նախագծում առկա դրույթները և իմ կարծիքով դարձրել է մի այնպիսի փաստաթուղթ, որտեղ բազում են այնպիսի եզրույթները, որոնք հիմք են տալու բռնարարին հավերժ շրջանցել այդ օրենքով առկա արգելքները։ Այս առումով մեծ է ցանկությունս բարի ողջույներս հղել «Հանրապետական» կուսակցության՝ ավանդական հայ ընտանիքի ջատագովներին և անշուշտ նրանց անդեմ արբանյակներին, քանի որ այս նախագիծը կարծես թե արտացոլում է նրանց պատկերացումները ընտանեկան բռնության վերաբերյալ։

Իսկ ի՞նչ է հայ ավանդական ընտանիք։ Այս հարցի պատասխանը անկեղծ ասած ես չգիտեմ, գոնե որպես իրավական կատեգորիա չգիտեմ։ Այս հարցի վերաբերյալ մեր մեծերից բազմիցս արտահատվել է Գրիգոր Արծրունին իր՝ «Մշակ» թերթի էջերում։ Եվ առհասարակ մեր մեծերը ժամանակին շատ ճիշտ բնորոշել են հայու տեսակը, հայու այն տեսակը, որ դարեր շարունակ իբրև շարժվել է «ավանդական արժեքներով», որի արդյունքում ձևախեղել է բուն հասարակական արժեքները, քանի որ նրա համար միակ կարևորը եղել է ինքը և իր ընտանիքը և այն ժամանակ, երբ պետք է եղել, որ հավաքական բարեկեցության համար նա կտրի իրենից և տա հանուն հավաքականի, նա դա չի արել։ Ըստ մեր մեծերի, նույն այդ ավանդական ընտանիքի հայրը, դրսում որպես կանոն ստրուկ է եղել, իսկ իր տան մեջ բռնապետ, ինչը չի կարողացել դրսում անել՝ պարսիկի կամ թուրքի հետ շփվելիս, նա այդ արել է իր տանը, միաժամանակ փոխառելով նույն այդ պարսիկից և թուրքից բազմաթիվ «ավանդական արժեքներ»։ Նույն այդ ավանդական արժեքներից է եղել այն, երբ կինը իր ամուսնուն ճանաչել է միան ամուսնությունից հետո՝ ամուսնական անկողնում։ Նույն այդ ավանդական արժեքներից է այսպես կոչված՝ «կարմիր խնձորը» և երբ կնոջ մոտ կյանքում որևէ սխալ է տեղի ունենում, ապա այդ «ավանդական հայ ընտանիք» կոչվածը անողորմ խարազանում է այդ կնոջը՝ նրա ճակատին դրոշմելով անբարոյականի կնիքը։ Միևնույն ժամանակ տղամարդը, համաձայն այդ ավանդական արժեքների, ապահովագրված է այդ սխալներից, քանի որ դրանք սխալներ չեն նրա համար, այլ «լավ տղություն» են։

Ինչևէ մի փոքր զգացմունքային ստացվեց, բայց նկատի ունենալով, որ այս նախագծում բացահայտված չէ ի վերջո ի՞նչ է «հայ ավանդական ընտանիք» հասկացությունը, ես փորձեցի ինձ համար պարզել այն։ Կհակադարձեք՝ սխալվում եմ, բարի ես ինձ կատարյալ չեմ համարում և միգուցե և սխալվում եմ…

Կարդացեք նաև