Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Նամակ ՀՀ վարչապետին։ Ողջամիտ ժամկետների խախտումը մեծապես կրում է սուբյեկտիվ բնույթ։

25.09.2017


Մեծարգո պարոն Վարչապետ

Ուշադրությամբ հետևելով Ձեր՝ կառավարության նիստերում արտահայտած մտքերին, մասնավորապես՝ անձանց ողջամիտ ժամկետներում գործի քննության իրավունքին վերաբերող, ինձ մոտ տպավորություն է ստեղծվել, որ Ձեզ համար այդ խնդիրը շատ ավելի կարևորություն ունի քան նիստերում այն հռետորաբանորեն ներկայացնելը՝ անշուշտ շահելով մեր համաքաղաքացիների համակրանքը Ձեր անձի նկատմամբ։

Խնդիրն իրոք ունի հրատապ և գործուն գործողությունների անհրաժեշտություն, քանի որ ինքս ամեն օր շփվելով դատական համակարգի հետ, միանշանակորեն փաստում եմ, որ առկա է խնդիր, որը սակայն առավելապես գտնվում է ՍՈՒԲՅԵԿՏԻՎ տիրույթում, քան օբյեկտիվ։

Այս տեսակետից կարծում եմ ժամանակն է վեր կանգնել տարիներ իրականացվող այն քաղաքականությունից, ըստ որի ամեն ինչի մեղավորը «վատ օրենքներն են»։

Որպես իրավաբան հավատացնում եմ Ձեզ, որ խնդիրների մեծ մասը կրում են ՍՈՒԲՅԵԿՏԻՎ բնույթ և տեսնել ցանկացողը կարող է այն տեսնել։

Ես իհարկե գիտակցում եմ, որ սույն նամակը-ահազանգը կարող է արժանանալ հերթական միջին դասի չինովնիկի կողմից ուսումնասիրելուն, առանց ձեզ տեղեկացնելու այն կուղարկվի ՀՀ արդարադատության նախարարություն, որտեղից էլ հերթական միջին դասի չինովնիկը ստանդարտ «պատճառաբանությամբ» ինձ կպատասխանի, որ օրենքները փոխելուց հետո ամեն ինչ լավ կլինի։ ԻՀԱՐԿԵ։

Իսկ խնդիրը շատ պարզ է։

14/02/2017թ-ին «Քոչհ և Գործընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը հայց է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան, ընդդեմ «Վինտերտեխնիկ Ինժիներինգ Արմենիեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ անհիմն հարստացմամբ ձեռք բերված գույքը վերադարձնելու պահանջով (Թիվ ԳԴ4/0202/02/17 քաղաքացիական գործ)։

12/06/2017թ-ին Դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու, պետական տուրքի արտոնություն սահմանելու և հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ։

15/06/2017թ-ին հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ կատարողական թերթը ներկայացվել է կատարման։

04/07/2017թ-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը հարուցել է կատարողական վարույթ, սակայն մինչ օրս Դատարանի որոշումը չի կատարել։

Միաժամանակ ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ավագ Գաբրիելյանը հիմնվելով այն բանի վրա, որ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը չի ավարտել կատարողական վարույթը, դատական նիստ չի նշանակում` իր աշխատակազմի միջոցով հայտնելով, որ քանի դեռ հայցվորը չի ներկայացրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության համապատասխան որոշումը, նա նիստ չի նշանակելու։ Արդյունքում կոպտագույն կերպով խախտվում է օտարերկրյա իրավաբանական անձի իրավունքը՝ գործը ողջամիտ ժամկետում քննելու և վճիռ կայացնելու վերաբերյալ, ինչն էլ իր հերթին որոշակի բացասական կարծիք է ձևավորում օտարերկրյա իրավաբանական անձի մոտ թե՛ ՀՀ արդարադատության և թե՛ ՀՀ-ում ներդրումեր կատարելու առումով։

«Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ, բացառությամբ սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով նախատեսված դեպքերի: Կատարողական գործողությունների իրականացման երկամսյա ժամկետում չեն հաշվարկվում կատարողական գործողություններն աճուրդային գործընթացում գտնվելու, գույքն ուղղակի վաճառքով իրացնելու, պարտապանի կամ նրա գույքի հետախուզման, ինչպես նաև կատարողական վարույթի հետաձգման կամ կասեցման ժամկետները: Օրենքով կամ այլ իրավական ակտերով սահմանված կատարողական գործողություններ իրականացնելու համար կարող են սահմանվել անհապաղ կատարման ժամկետներ:

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածը սահմանում է՝ Հայցի ապահովման մասին դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

Մի կողմ թողնելով այն ակնհայտ փաստը, որ դատարանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումը, ըստ վկայակոչված իրավակարգավորման, ենթակա է ԱՆՀԱՊԱՂ կատարման, ես «մեծահոգաբար» կվկայակոչեմ ընդհանուր նորմը, ըստ որի կատարողական գործողությունների իրականացման համար սահմանվում է երկամսյա ժամկետ։

Այս տեսակետից ակնհայտ է, որ հարկադիր կատարողը խախտել է երկամսյա ժամկետի օրենսդրական պահանջը։

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետներում քննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՈՒՄ արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ դատավորը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, ՈՐՈՒՄ ՆՇՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ՎԱՅՐԸ։

Ըստ էության դատավոր Ավագ Գաբրիելյանը արդարադատության իրականացումը կախվածության մեջ է դրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործողություններից, ասել կուզի մենք պետք է արդարադատություն որոնենք ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում, քանի որ եթե վերջինս այդպես էլ չկայացնի կատարողական գործողություններն ավարտելու մասին որոշումը, ապա սույն դատավորը այդպես էլ դատական նիստի օր չի նշանակի և չի իրականացնի արդարադատություն։

Ավելին, դատավորի այս դիրքորոշումը ոչ միայն չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ, այլ նաև այն որևէ աղերս չունի ներկա իրավակարգավորումների հետ։ Մասնավորապես, ինչպես նշեցի վերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասն ավելին քան հստակ է։ Այս առումով ակնհայտ է, որ սույն դատավորը 12/06/2017թ-ին կայացրած իր որոշման մեջ չնշելով դատաքննության ժամանակը և վայրը կոպտագույն կերպով խախտել է հիշատակված նորմը։

Էլ ավելին, ներկա իրավակարգավորումները և մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը որևէ պարտավորություն չի դնում հայցվոր կողմի վրա ներկայացնելու ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության՝ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը։ Սա ոչ այլ ինչ է քան վերադարձ սովետական սոցիալիստական բարքերին։

Ինչպես Դուք կարող եք տեսնել վկայակոչված նորմերից, խնդիրը օրենքների մեջ չէ, այլ այն կիրառողների։

29/06/2017թ-ին Դուք հերթական կառավարության նիստում նշել եք. «Դատարանների գործունեության վերաբերյալ մի շարք բողոքներ վերաբերում են դատական գործերի տևողությանը: Պետք է արձանագրել, որ դատական գործերի քննության երկար տևողությունը պայմանավորված է նաև օբյեկտիվ պատճառներով: Միայն 2016 թվականի ընթացքում դատարաններում առկա է եղել շուրջ 133 հազար քաղաքացիական գործ: Դատարանների նման գերծանրաբեռնվածությունը լուրջ ռիսկեր է առաջացնում արդարադատության արդյունավետության և մատչելիության տեսանկյունից»:

31/08/2017թ-ին Դուք անդրադառնալով դատական գործերի բաշխման ընթացակարգերի արդյունավետության բարձրացմանը և դատական գործերի քննության տևողության կրճատմանը՝ նշել եք. «Դատական գործերի քննության տևողության խնդրին մեր կողմից անդրադարձ էր կատարվել դեռևս սույն թվականի հունիսի 29-ին և տրվել հանձնարարական դատարանների բեռնաթափմանն ուղղված լուծումներ ներկայացնելու վերաբերյալ: Արդարադատության նախարարը տեղեկացրել է այդ նպատակով համապատասխան օրենսդրական փոփոխությունների մշակման ընթացքի մասին՝ հայտնելով նաև, որ դրանք սահմանված ժամկետներում կներկայացվեն կառավարություն: Միաժամանակ դատական գործերի քննության հետաձգումների կապակցությամբ ձևավորված իրավակիրառ պրակտիկայի, ինչպես նաև դատավորների միջև գործերի բաշխվածության առկա վիճակի ուսումնասիրությունների արդյունքում վեր են հանվել օրենսդրական և գործնական որոշ խնդիրներ: Մասնավորապես, մի կողմից, դատական գործերի բաշխման գործող կարգավորումները թույլ են տալիս միևնույն դատարանի տարբեր դատավորներին ծանրաբեռնել բավականին անհամաչափ, իսկ մյուս կողմից, դատական գործերի քննության հետաձգումները տեղի են ունենում դատական լայն հայեցողության տիրույթում՝ շատ դեպքերում չունենալով հստակ անհրաժեշտ պատճառաբանում»:

Այս տեսակետից ակնհայտ է, որ դատական գործերի քննության ողջամիտ ժամկետների չպահպանումը առավելապես գտնվում է սուբյեկտիվ ոլորտում, քան օբյեկտիվ և հերթական օրենքների փոփոխությունը դժվար թե փոխի իրավիճակը, քանի որ կգտնվեն այն կիրառողները ովքեր դրանք չեն կատարի և ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՉԵՆ ԵՆԹԱՐԿՎԻ։

Հիմք ընդունելով վերոգրյալը և առաջնորդվելով ՀՀ Սահմանադրության 53-րդ հոդվածով

Պահանջում եմ

Ձեռնարկել համապատասխան արդյունավետ միջոցներ ապահովելու համար Ընկերության՝ ողջամիտ ժակետում գործի քննությունն ապահովելու համար, մասնավորապես հանձնարարել ՀՀ արդարադատության նախարարին օրենսդրական փաթեթ կազմելուն զուգահեռ, դիմել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության պետին՝ հարկադիր կատարողին պատասխանատվության ենթարկելու համար, ինչպես նաև դիմել ՀՀ արդարադատության խորհուրդ՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար։

Հուսով եմ Ձեր հիասքանչ հռետորաբանությանը հետևում է նաև հիասքանչ գործը։


Հարգանքով՝
փաստաբան Գևորգ Գյոզալյան

Կարդացեք նաև