Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատարանի դատավոր Ավագ Գաբրիելյանը կոպտագույն կերպով խախտում է անձի իրավունքները

22.09.2017


Արդեն տևական ժամանակ է ինչ մենք տարբեր տրամաչափի պաշտոնյաներից լսում ենք, որ դատական գործերը ողջամիտ ժամկետներում չեն քննվում, որ պետք է օրենսդրական բարեփոխումներ արվեն և այլն։ Բազմիցս անգամ բարձրաձայնել եմ, որ այդ խնդրի լուծումն առավելապես սուբյեկտիվ դաշտում պետք է որոնել։ Ահա դրա օրինակներից մեկը։

Թիվ ԳԴ4/0202/02/17 քաղաքացիական գործով ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ավագ Գաբրիելյանը մինչ օրս կարծում է, որ նա իրավունք ունի դատական նիստ նշանակել միայն այն բանից հետո, երբ ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը կավարտի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը, իսկ հայցվոր կողմը այդ որոշումը կուղարկի դատարանին։ Այսինքն, եթե ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը չավարտի կատարողական վարույթը կամ հայցվորը այդ որոշումը չներկայացնի դատարան, ապա, ըստ դատավորի տրամաբանության նա նիստ չի նշանակի։

Այս հարցի վերաբերյալ է իմ դիմումն ուղղված ՀՀ արդարադատության խորհրդին։

ԴԻՄՈՒՄ
(ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ավագ Գաբրիելյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ)

Հարգելի ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

14/02/2017թ-ին «Քոչհ և Գործընկերներ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը (այսուհետև Ընկերություն) հայց է ներկայացրել ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետև Դատարան), ընդդեմ «Վինտերտեխնիկ Ինժիներինգ Արմենիեն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության՝ անհիմն հարստացմամբ ձեռք բերված գույքը վերադարձնելու պահանջով (Թիվ ԳԴ4/0202/02/17 քաղաքացիական գործ)։

10/03/2017թ-ին Դատարանի դատավոր՝ Ավագ Գաբրիելյանը (այսուհետև Դատավոր) անօրինական կերպով վերադարձրել է հայցադիմումը։
Դատարանի որոշումը 23/03/2017թ-ին բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան։

26/04/2017թ-ին ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը վերացրել է Դատարանի ապօրինի որոշումը։

12/06/2017թ-ին Դատարանը որոշում է կայացրել հայցադիմումը վարույթ ընդունելու, պետական տուրքի արտոնություն սահմանելու և հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ։

15/06/2017թ-ին կատարողական թերթը ներկայացվել է կատարման։
04/07/2017թ-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունը հարուցել է կատարողական վարույթ, սակայն մինչ օրս Դատարանի որոշումը չի կատարել։

Դատավորը հիմնվելով այն բանի վրա, որ ես Դատարանին չեմ ներկայացրել կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը, սույն դատական գործով նիստ չի նշանակում, իր աշխատակազմի միջոցով ինձ տեղեկացնելով, որ քանի դեռ չկա ՀՀ ԱՆ ԴԱՀԿ համապատասխան որոշումը նա իրավունք չունի նիստ նշանակելու։

Գտնում եմ, որ դատավոր Ավագ Գաբրիելյանի կողմից ԿՈՊՏԱԳՈՒՅՆ կերպով խախտվում է Ընկերության իրավունքը, ինչը ՄԻԱՆՇԱՆԱԿՈՐԵՆ հիմք է վերջինիս կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար, հակառակ պարագայում հեռավոր ապագայում Հայաստանի Հանրապետությունը ստիպված է լինելու անձի՝ ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի խախտման համար վճարելու Ընկերությանը, հետևյալ պատճառաբանությամբ։

ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ յուրաքանչյուր ոք ունի անկախ և անաչառ դատարանի կողմից իր գործի արդարացի, հրապարակային և ողջամիտ ժամկետներում քննության իրավունք:

Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները (…), ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ՈՂՋԱՄԻՏ ԺԱՄԿԵՏՈՒՄ արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ դատավորը, սույն օրենսգրքի 144-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված կարգով, հայցադիմումն ստանալու օրվանից եռօրյա ժամկետում հայցադիմումի ընդունումը չմերժելու կամ դիմումը չվերադարձնելու դեպքում կայացնում է դա ընդունելու մասին որոշում, ՈՐՈՒՄ ՆՇՎՈՒՄ ԵՆ ՆԱԵՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ՎԱՅՐԸ:

Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը դեռևս 13 հունիսի 2006 թվականին իր թիվ 98 որոշմամբ արտահայտել է հետևյալ դիրքորոշումը։

«Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպական կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ 6-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է. «Յուրաքանչյուր ոք, երբ որոշվում են նրա քաղաքացիական իրավունքներն ու պարտականությունները կամ նրան ներկայացված ցանկացած քրեական մեղադրանքի առնչությամբ, ունի օրենքի հիման վրա ստեղծված անկախ ու անաչառ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում արդարացի և հրապարակային դատաքննության իրավունք»:

Գործը ողջամիտ ժամկետում քննելը Կոնվենցիան դիտում է որպես անձի արդար դատաքննության իրավունքի տարր: Եվրոպական դատարանը նշում է, որ այս երաշխիքի նպատակն է դատական քննության բոլոր մասնակիցների պաշտպանությունը դատաքննության անհարկի ձգձգումներից, ինչը կարող է խափանել արդարադատության արդյունավետությունը և վստահությունը վերջինիս նկատմամբ: «Ողջամիտ ժամկետի» էությունը ենթադրում է ողջամիտ ժամկետում դատական ակտի կայացում, դրանով իսկ վերջ տալով անորոշությանը, որում գտնվում է այս կամ այն անձը` կապված նրա քաղաքացիաիրավական կարգավիճակից կամ նրան առաջադրված քրեական մեղադրանքից:

Քաղաքացիական գործերով ժամանակի հաշվարկը սկսվում է հայցադիմումը վարույթ ընդունելու պահից։

Եվրոպական դատարանի բերված նախադեպերը հաստատում են, որ քննության ողջամիտ ժամկետի պահանջի խախտման փաստը գնահատելիս հաշվի են առնվում միայն օբյեկտիվ պատճառներ: Իսկ մնացածը` դատարանների ծանրաբեռնվածությունը, դատավորների անփորձությունը, դատական կամ ընդհանրապես իրավական համակարգի անկատարությունը, մեղադրյալի և նրա պաշտպանի, ինչպես նաև գործի մյուս մասնակիցների վարքագիծը գործի քննությունը ձգձգելու օբյեկտիվ պատճառ դիտվել չեն կարող:

Ներպետական մարմիններում դատաքննության կամ այլ դատական վարույթի տևողության ժամկետը գնահատելիս Դատարանն առաջնորդվում է այն սկզբունքով, համաձայն որի ողջամիտ ժամկետի պահանջի խախտումը կարող է կատարվել միայն պետության մեղքով տեղի ունեցող ձգձգումներով:
Դատաքննության ընդհանուր տևողության ողջամտությունը գնահատելիս պետք է հաշվի առնվի նաև վարույթների տևողությունը վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում:

ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը արձանագրում է, որ մեր երկրում կան որոշ խնդիրներ գործերի քննության ողջամիտ ժամկետների հետ կապված` ինչպես դատական պրակտիկայի, այնպես էլ օրենսդրության կատարելագործման տեսանկյունից:

Այսպիսով, Կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն, որը ներպետական իրավական համակարգի բաղկացուցիչ մասն է և գերակայություն ունի վերջինիս նկատմամբ, արդար դատաքննության իրավունքի կարևոր տարրերից մեկը գործը ողջամիտ ժամկետում քննելն է: Գործերի քննության անհիմն և չպատճառաբանված ձգձգումները մարդու իրավունքի կոպիտ խախտումներ են:

Այս ամենով հանդերձ Հայաստանի Հանրապետության դատարանների նախագահների խորհուրդը որոշել է. 1. Գործի քննությունը պետք է իրականացվի հնարավորին սեղմ ժամկետում: Քաղաքացիական գործերով, մասնավորապես, գործի քննությունը պետք է ավարտվի մեկ դատական նիստի ընթացքում, եթե չկան ՀՀ քաղաքացիական դատավարության 119-րդ հոդվածով նախատեսված բացառիկ դեպքերը` գործի քննությունը հետաձգելու համար: 2. Գործի քննության ժամկետները որոշելիս գործի քննության ժամկետի սկիզբ պետք է համարել. քաղաքացիական գործերով` այն պահը, երբ առաջին անգամ դատարանը հայցը կամ դիմումն ընդունել է վարույթ:

Ըստ էության դատավոր Ավագ Գաբրիելյանը արդարադատության իրականացումը կախվածության մեջ է դրել ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության գործողություններից, ասել կուզի մենք պետք է արդարադատություն որոնենք ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում, քանի որ եթե վերջինս այդպես էլ չկայացնի կատարողական գործողություններն ավարտելու մասին որոշումը, ապա սույն դատավորը այդպես էլ դատական նիստի օր չի նշանակի և չի իրականացնի արդարադատություն։

Ավելին, դատավորի այս դիրքորոշումը ոչ միայն չի տեղավորվում առողջ տրամաբանության մեջ, այլ նաև այն որևէ աղերս չունի ներկա իրավակարգավորումներ հետ։ Մասնավորապես, ինչպես նշեցի վերը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի 3-րդ մասն ավելին քան հստակ է։ Այս առումով ակնհայտ է, որ սույն դատավորը 12/06/2017թ-ին կայացրած իր որոշման մեջ չնշելով դատաքննության ժամանակը և վայրը կոպտագույն կերպով խախտել է հիշատակված նորմը։
Էլ ավելին, ներկա իրավակարգավորումները և մասնավորապես ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրքը որևէ պարտավորություն չի դնում հայցվոր կողմի վրա ներկայացնելու ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության՝ կատարողական վարույթն ավարտելու մասին որոշումը։ Սա ոչ այլ ինչ է քան վերադարձ սովետական սոցիալիստական բարքերին։

Իմ ԸՆԴԳԾՎԱԾ ՀԱՄՈԶՄԱՄԲ սույն դատավորն իրավունք չունի պաշտոնավարել որպես դատավոր, քանի որ եթե այս պարզագույն հարցում դատավորը դեռևս չի կողմնորոշվել, որ նա պետք է ղեկավարվի ՀՀ օրենսդրության պահանջներով և առանց որևէ օրենսդրական հիմքի կոպտագույն կերպով խախտում է անձի ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքը՝ արդարադատության իրականացումը կախվածության մեջ դնելով ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունից, ապա շատ ավելի բարդ գործերով սույն դատավորը հիմնահատակ կանի անձանց այլ իրավունքները։ Այս ամենը խորը անվստահություն է առաջացրել թե՛ ինձ մոտ և թե՛ իմ վստահորդի մոտ առ այն որ դատավորը կոմպետենտ չէ կամ այլ կերպ ասած ձեռնհաս։

Ավելորդ եմ համարում վկայակոչել նաև համապատասխան պաշտոնատար անձանց ելույթները, իրավապաշտպան կազմակերպությունների զեկույցները՝ ողջամիտ ժամկետներում դատական քննություն իրականացնելու վերաբերյալ։ Այս հարցը ներկայումս գտնվում է նաև կառավարության օրակարգում, ուստի սույն գործը ես նաև այնտեղ կբարձրացնեմ։

Հարկ եմ համարում ընդգծել, որ անկախ ԱԽ կողմից կայացվող որոշման, եթե սույն գործը չստացավ իր արդարացի լուծումը (մասնավորապես ողջամիտ ժամկետում չքննվեց գործը), ապա ես սույն գործով արդարություն եմ որոնելու նաև ՄԻԵԴ-ում, քանի որ խախտումն ակնհայտ է։
Հիմք ընդունելով վերոգրյալը և առաջնորդվելով ՀՀ օրենսդրության պահանջներով,

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ

1.ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ավագ Գաբրիելյանին ենթարկել կարգապահական պատասխանատվության ՀՀ Սահմանադրության 63-րդ հոդվածի, ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 90-րդ հոդվածի պահանջները կոպիտ խախտելու համար։

2.Կորպորատիվ շահի գերակայության դեպքում, փորձառու դատավորի կողմից տանել բացատրական աշխատանքներ՝ ներկա իրավակարգավորումների վերաբերյալ (այնպես, ինչպես ներկայումս իրականացվում է ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորների կողմից), մասնավորապես, որ արդարադատության իրականացումը չի կարող կախվածության մեջ լինել որևէ պետական մարմնի գործողություններից։

Կարդացեք նաև