Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

ՀՀ վճռաբեկ դատարանի 02/12/2016թ-ի թիվ ԵՇԴ/1590/02/14 քաղաքացիական գործով որոշման մասին

24.03.2017


"Ես` Սամվել Օհանջանյանս (...), վերցրել եմ Արամ Մանձիկյանից 15.000 ԱՄՆ դոլար (...): Պարտավորվում եմ վերադարձնել մինչեւ 2011 թվականի հոկտեմբերը, որի համար ստորագրում եմ: (...) Ստացած գումարի համար պատասխանատվություն են կրում իմ ընտանիքի անդամները` Աղաջանյան Սվետլանա, (...) Օհանջանյան Ռաֆայել (...) Օհանջանյան Վահագն (...)": Ստացականում առկա են ինչպես Սամվել Օհանջանյանի, այնպես էլ Ռաֆայել եւ Վահագն Օհանջանյանների, Սվետլանա Աղաջանյանի անձնագրային տվյալները եւ ստորագրությունները":

Վճռաբեկ դատարանը այս անձանց չդիտելով երաշխավորներ, նրանց դիտել է որպես փոխառուներ: Մասնավորապես ՎԴ-ն հիշյալ որոշման մեջ նշում է՝ "Մինչդեռ Վճռաբեկ դատարանը, հիմք ընդունելով վերոգրյալ իրավական եւ փաստական վերլուծությունները, արձանագրում է, որ Ռաֆայել եւ Վահագն Օհանջանյանները ու Սվետլանա Աղաջանյանն այդ ստացականով հավաստվող փոխառության պայմանագրի կողմեր են` փոխառուներ, որոնք Սամվել Օհանջանյանի հետ միասին համապարտ պատասխանատվություն են կրում այդ պայմանագրի կատարման համար: Նշված դատողության համար Վճռաբեկ դատարանը հիմք է ընդունում այն հանգամանքը, որ սույն գործի փաստերի համաձայն` Ռաֆայել եւ Վահագն Օհանջանյանները ու Սվետլանա Աղաջանյանը 18.10.2009 թվականին տրված ստացականով ստանձնել են ոչ թե երաշխավորին, այլ փոխառուին բնորոշ պարտավորություններ: Ընդ որում, վերջիններս Սամվել Օհանջանյանի հետ միասին կրում են փոխառության գումարը վերադարձնելու համապարտ պարտականություն, քանի որ նրանց պարտականության համապարտությունը բխում է 18.10.2009 թվականին տրված ստացականի բովանդակությունից եւ սահմանափակված չէ որեւէ պայմանով": ՎԴ-ն համապատասխանաբար կիրառել է համապարտության ինստիտուտի նորմերը և բեկանել, փոփոխել է ստորադաս ատյանի վճիռը՝ Սամվել, Ռաֆայել, Վահագն Օհանջանյաններից եւ Սվետլանա Աղաջանյանից համապարտության կարգով հօգուտ Արամ Մանձիկյանի բռնագանձել է 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ, ինչպես նաեւ 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի նկատմամբ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 411-րդ հոդվածով նախատեսված տոկոսները` սկսած 01.10.2011 թվականից մինչեւ պարտավորության փաստացի կատարման օրը:

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 882-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է՝ փոխառուն իրավունք ունի վիճարկել փոխառության պայմանագիրը, եթե ապացուցում է, որ ինքը փոխառուից իրականում դրամ կամ այլ գույք չի ստացել կամ ստացել է պայմանագրում նշվածից ավելի պակաս քանակով: Նույն հոդվածի 3-րդ մասը սահմանում է՝ եթե փոխառության պայմանագիրը սույն հոդվածի 1-ին կետով սահմանված հիմքերով վիճարկելիս պարզվում է, որ փոխառուն դրամը կամ այլ գույքն իրականում չի ստացել փոխատուից, փոխառության պայմանագիրը համարվում է չկնքված:

Այս գործով Վճռաբեկ դատարանը բեկանել և փոփոխելով դատական ակտը զրկել է՝ ստացականում որպես պատասխանատվություն ստանձնած անձանց, վիճարկելու փոխառության պայմանագիրը՝ անփողության հիմքով: Ավելին, ծանոթանալով դատական ակտերին մենք տեսնում ենք, որ այդ փաստը քննության առարկա չի եղել ստորադաս ատյաններում և մասնավորապես ընդհանուր իրավասության դատարանում:

Այլ կերպ ասած որպես ապացուցման առարկա չի բաշխվել կողմերի միջև: Ավելին նույն այդ ստացականի բովանդակությունից երբեք չի կարելի գալ այն եզրահանգման, որ պատասխանատվություն ստանձնած անձինք իրականում ստացել են այդ գումարը, ինչի պայմաններում, միայն մենք կարող ենք խոսել փոխառության իրավահարաբերությունների մասին (ավելորդ է մանրամասնել թե ինչ է նշանակում ռեալ պայմանագիրը):

Այս ամենով հանդերձ, իմ գնահատմամբ, ՎԴ-ն կոպտագույն կերպով խախտել է անձանց արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը, քանի որ զրկել է նրանց դատարանում վիճարկելու փոխառության պայմանագիրն որպես՝ փոխառուներ դրա անփոխության հիմքով:

Այս որոշումը ևս մեկ անգամ գալիս է ապացուցելու, որ ՀՀ վճռաբեկ դատարանը չպետք է իրավունք ունենա փոփոխելու սորադաս դատական ատյանի դատական ակտը: Այն միայն պետք է բեկանի և ուղարկի ստորադաս դատական ատյան:

Թեմայի վերաբերյալ կարող եք ձեր գրառումները թողել իմ գրասենյակի ԲԼՈԳՈՒՄ:

Կարդացեք նաև