Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Որոշ դատավորներ նախընտրում են զրկել, քան զրկվել: Bekum.am

15.03.2017


Պարո՛ն Գյոզալյան, 2015թ. սահմանդրության փոփոխությունների ժամանակ Դուք դեմ էիք հանդես գալիս փոփոխություններին, ավելին, մի խումբ փաստաբանների հետ միասին ներկայացրեցիք Ձեր մասնագիտական եզրակացությունը: Ի՞նչ եք կարծում, արդարացվա՞ծ էին այս փոփոխությունները: Արդյո՞ք մեր հասարակությունն այսօր պատրաստ է այդ փոփոխություններին համահունչ քաղաքացիական դիրքորոշում դրսևորել և իրացնել սահմանդրության 2-րդ հոդվածով իրեն վերապահված բացառիկ իրավունքը՝ ձևավորելով նոր սահմանդրության ուժով երկրի թիվ մեկ քաղաքական մարմինը:

Ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ ես այն կարծիքին եմ, որ Հայաստանի Հանրապետությունում առկա չէր և չէ այն օբյեկտիվ իրողությունը, ըստ որի հայ ժողովրդին անհրաժեշտ էր նոր սահմանադրություն: Թե որքանո՞վ է հասարակությունը պատրաստ այս փոփոխություններին, պետք է ասեմ, որ հասարակության վարքագծում որևէ բան չի փոխվել, ինչպես այն դրսևորվել է նախկինում, այդպես էլ կդրսևորվի նաև հիմա:

Հասարակության մեջ արմատացած է այն մտայնությունը, որ դատական համակարգն ամբողջությամբ գտնվում է գործադիր իշխանության ազդեցության ներքո, և արդարադատությունը Հայաստանում իրականացվում է ընտրովիաբար: Այդպե՞ս է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչո՞ւ: Որտե՞ղ է գտնվում դրա հաղթահարման բանալին:

Գիտե՛ք, շատ դժվար է այս հարցին պատասխանել երկու բառով: Ակնհայտ է, որ խնդիրը նախևառաջ դատական իշխանության մեջ է, դատավորների մտածելակերպի մեջ: Իմ պրակտիկայում ես բազմիցս բախվել եմ այն դեպքերին, երբ դատավորը, կայացնելով անօրինական դատական ակտ, ակնարկել է, որ «Վերևներից» ասված է և այլն: Ընդ որում, շատ դատավորների համար «Վերևները» սկսվում է դատարանի նախագահից մինչև վճռաբեկ դատարանի նախագահը: Կան նաև դատավորներ, ովքեր նմանվում են աստվածաշնչյան հայտնի անիրավ դատավորին, երբ նա չի քաշվում ո՛չ հասարակությունից, և ո՛չ էլ որևէ անձից, իրականացնում է իր խայտառակ դատավարությունները՝ չդիպչելով որոշակի անձանց շահերին: Դատական իշխանությունը, որոշակի դեպքերում գտնվելով հանդերձ գործադիր իշխանության ազդեցության ներքո, այդուհանդերձ, շատ դեպքերում այն չափազանցվում է հենց դատական իշխանության կողմից, որի քողի տակ նրանք իրականացնում են իրենց մութ գործերը: Արդարադատությունն իրականացվում է ընտրովիաբար առավելապես ոչ թե նրա համար, որ դատական իշխանությունը շատ դեպքերում կախվածության մեջ է գործադրից, այլ նրա համար, որ դատական իշխանությունում զգալի մաս են կազմում անառողջ մտածելակերպով դատավորները: Մի բան գոնե ինձ համար ակնհայտ է, որ եթե դատավորը չցանկանա գիտակցված անօրինականություն անել, ապա նա չի անի, բայց քանի որ նա ավելի շատ կախված է սեփական ցանկություններից, իր ուռճացված ԵՍ-ից, իր մերձավորների կարծիքներից (օրինակ դատավոր է, բայց ռուսական արտադրության մեքենա է վարում և այլն), ապա արդարադատությունը մշտապես լինելու է ընտրովիաբար, քանի որ այդ կարգի դատավորները նախընտրում են ավելի շուտ զրկել, քան զրկվել: Ինչ վերաբերում է լուծման բանալուն, պետք է ասեմ, որ երկու ճանապարհ եմ տեսնում: Առաջինը՝ հայտնի փաստ է, որ երբ դու քո երկրում ժողովրդավարության սերմեր ես սերմանում, ապա, որպես կանոն, դրա պտուղները տեսնում ես տասնյակ տարիներ հետո: Այս առումով կարող ենք փաստել, որ լավ թե վատ մեր երկրում սերմանել ենք այդ սերմերը և գուցե որոշ ժամանակ անց կունենանք այնպիսի դատական իշխանություն, ինչպես զարգացած եվրոպական երկրներում: Երկրորդ՝ ավելի կարճ ճանապարհը քաղաքական իշխանության փոփոխությունն է, ըստ որի՝ իշխանության ղեկին գալիս են մարդիկ, ովքեր իրենց էությամբ ու մտածելակերպով լիբերալներ են, ովքեր հասկանում են, որ իշխանության թևերի տարանջատումը պետք է լինի ոչ թե իրենց շահերին համապատասխանեցնելով, այլ իրական, և հասարակությանը իրենց վարքով քարոզում են ոչ թե ճոխություն, հարստություն, այլ համեստություն, չափավորություն:

Դուք հայտնի փաստաբան եք, զբաղվում եք իրավապաշտպան գործունեությամբ և Ձեր գործունեւոյթան ընթացքում ամեն օր առնչվում եք ապօրինությունների, մարդու իրավունքների խախտման տարատեսակ դրսևորումների: Այդուհանդերձ, տեսակետ կա, որ մեր պետության մեջ ամենավտանգավոր ախտը կոռուպցիայի ծավալն է: Ինչպե՞ս եք տեսնում դրա հաղթահարման ճանապարհը: Հնարավո՞ր է, արդյոք հասնել մի աստիճանի, երբ պետությունը և հասարակությունը կձերբազատվի նշված ախտից, եթե այո, ապա ի՞նչ է պետք անել այս ուղղությամբ:

Այս հարցի պատասխանը ես արդեն տվեցի նախորդ հարցին պատասխանելիս: Դրա լուծումը ոչ թե տարատեսակ օրենքների ընդունման մեջ է, այլ մի դեպքում ժամանակի, իսկ մյուս դեպքում՝ քաղաքական իշխանության փոփոխության մեջ:

Փաստաբանությունը տարեց տարի զարգանում է, թեև այն հանգամանքին, որ առկա են լրջագույն խոչընդոտներ՝ այդ թվում պետական մարմինների և այլ ինստիտուտների կողմից: Ի՞նչ մարտահրավերներ են այսօր կանգնած փաստաբանության և փաստաբանների առջև, արդյո՞ք այդ մարտահրավերները օբյեկտիվ են, և որո՞նք են դրանց հաղթահարման համար փաստաբանների քայլերն ու միջոցները:

Փաստաբանությունը դասվում է ազատ մասնագիտությունների շարքին: Այս առումով առաջին քայլը, որ պետք է արվի, այնպիսի սերունդ կրթելն է, ովքեր կհասկանան, որ փաստաբանությունը նման չէ պետական այլ ինստիտուտներին և դրանցից տարբերվում է նրանով, որ այստեղ ազատների և դրական իմաստով՝ ըմբոստների հավաքատեղի է: Եթե փաստաբանական դպրոցին հաջողվի անել դա, ապա ինքնին կլուծվի այն մարտահրավերների մեծ մասը, որոնք ծառացած են այս ինստիտուտի առջև: Իսկ այդ մարտահրավերները հայտնի են և գտնվում են բացառապես փաստաբանական համայնքի ներսում: Ես չեմ կիսում այն կարծիքը, որ ներկայումս պետական իշխանությունը փորձում է «ճնշել» փաստաբանական համայնքը: Բոլոր դեպքերը մասնավոր դեպքեր են և չեն համակարգվում պետական իշխանության կողմից: Ընդհանրապես, ոչ միայն փաստաբանական համայնքում, այլ նաև ուրիշ ոլորտներում, անգամ ընտանիքում, խնդիրներն ավելի հեշտ են լուծվում, երբ դու ստեղծում ես ազատ մթնոլորտ, որտեղ անձանց մեջ զարգացնում ես անհատականությունը՝ հիմնված որոշակի գաղափարախոսության վրա՝ արդարություն, ազնվություն, հավասարություն, այն ինչ դարեր շարունակ եղել է մարդկանց և ժողովուրդների ձգտման նպատակը: Այս առումով փաստաբանական համայնքում պետք է լինի որոշակի գաղափարախոսության վրա հիմնված ապագայի տեսլական, թե ինչպիսի՞ն ենք պատկերացնում ապագայի փաստաբանին: Ծառայամիտ, վախկոտ, շողոքորթ, չափազանց շահամոլ, վատ իմաստով՝ խորամանկ, իր շահը մնացածի շահից գերադասող փաստաբան պատրաստելը, թե՞ ազատ, լավ իմաստով՝ ըմբոստ, վստահորդի շահը օրինականության սահմաններում առաջ տանող, այդ շահի հաշվին անձնական կապեր չստեղծող, իր կարծիքն ազատ արտահայտող, մարդու իրավունքն ազգայնականությունից և կեղծ հայրենասիրությունից վեր դասող իրավունքի ազատ մարտիկ ստեղծելը: Գոնե ես այդ խնդիրների լուծումը տեսնում եմ երկրորդ տեսակի փաստաբանների առկայությամբ:

Բացի այդ, եթե  եթե ցանկանում ես որևէ ոլորտից վերացնել արատավոր համակարգը, ապա երբեք դրական արդյունքի չես հասնի, եթե այդ համակարգը փորձես վերացնել այն նույն գործիքակազմով, որով ստեղծել ես այդ համակարգը: «Ե՛կ կրկին կեղծենք, որ իրականացնենք վեհ գաղափարներ» գաղափարախոսությունը որևէ կապ չունի վեհ գաղափարների հետ:

Սկզբնաղբյուր՝ Որոշ դատավորներ նախընտրում են զրկել, քան զրկվել: bekum.am կայք

Կարդացեք նաև