Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

ԲԱՑ ՆԱՄԱԿ ՀՀ արդարադաության նախարարին և Գլխավոր հարկադիր կատարողին:

01.03.2017


Հարգելի տիկին Հովհաննիսյան, հարգելի պարոն Հարությունյան

Ցավով պետք է արձանագրեմ, որ արդեն տևական ժամանակ է ինչ ՀՀ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունը չի կատարում ՀՀ օրենսդրության պահանջները, ավելին՝ ՀՀ դատական ակտերը:

Մասնավորապես խոսքը գնում է այն դեպքերին, երբ հարկադիր կատարողները դատարանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ որոշումները կատարելիս դատավարության կողմերից ապօրինի գումարներ են գանձում:

Այս հարցի հետ կապված, ես դեռևս 2012 թվականի նոյեմբերի մեկին դիմել էի ՀՀ գլխավոր հարկադիր կատարող՝ Միհրան Պողոսյանին և խնդրել էի տալ պարզաբանում՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 66 հոդվածի 1-ին և 5-րդ մասերի, ինչպես նաև նույն օրենքի 67 հոդվածի լույսի ներքո, դատարանի կողմից կիրառված հայցի ապահովման միջոցները վերացնելու համար պե՞տք է գանձվի կատարողական ծախս թե՝ ոչ:

16/11/2012թ-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի իրավական հարցերով խորհրդականը իր թիվ ԵՎ 3333 գրությամբ պատասխանել է, որ ՀՀ օրենսդրությամբ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումները կատարելու համար կատարողական ծախս չի նախատեսվում:

Այս գրությունից հետո, սակայն, հարկադիր կատարողները չէին դադարում իրենց ապօրինի գործողությունները և կրկին անձանցից գանձում էին գումարներ:

05/08/2015թ-ին ես դիմել եմ ՀՀ վարչական դատարան ընդդեմ ՀՀ ԱՆ հարկադիր կատարման ծառայության, որով վիճարկել եմ նրանց այդ ապօրինի գործողությունները (թիվ ՎԴ/3671/05/15 վարչական գործ):

15/02/2016թ-ին ՀՀ վարչական դատարանը կայացրել է վճիռ, որով պատկերավոր ասած ասել է, որ հարկադիր կատարողների գործողությունները չեն տեղավորվում օրենքի տրամաբանության մեջ: Այս վճիռը ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կողմից բողոքարկվել է:

19/12/2016թ-ին ՀՀ վերաքննիչ վարչական դատարանը մերժել է վերաքննիչ բողոքը և ստորադաս դատարանի դատական ակտը թողել է օրինական ուժի մեջ: Այս որոշումը ստացել է օրինական ուժ:

Այս ամենից հետո կարծես թե ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աշխատակիցները պետք է գործեին օրինականության սահմաններում, սակայն՝ ոչ:

08/12/2016թ-ին ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն բաժնի ավագ հարկադիր կատարող արդարադատության մայոր Ա. Առաքելյանը թիվ ԵԷԴ/3929/02/16 քաղաքացիական գործով հարուցել է կատարողական վարույթ հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ դատարանի որոշումը կատարելու համար:

12/12/2016թ-ին վերջինս, թոշակառու, սոցիալապես ծանր վիճակում գտնվող և վկայակոչված գործով պատասխանող՝ Օֆիկ Կարապետյանից ստացել է 5000 դրամ և տրամադրել է համապատասխան անդորրագիր:

Տպավորություն է ստեղծվում, որ գործ ունենք մի համակարգված գործողությունների հետ, որոնց համակարգողը արհամարհում է ինչպես ՀՀ օրենսդրությունը, այնպես էլ ՀՀ դատական ակտերը:
Նկատի ունենալով վերոգրյալը

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՄ

1.ՀՀ ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարողներին տալ հստակ հրահանգներ հետայսու անձանցից չբռնագանձել որևէ գումար, որը կապված է դատարանի՝ հայցի ապահովման միջոց կիրառելու որոշումները կատարելու հետ:

2.Անհապաղ Օֆիկ Ցոլակի Կարապետյանին վերադարձնել նրանից բռնագանձված 5000 ՀՀ դրամ գումարը:

3.Սույն նամակը ստանալուց հետո, եթե կրկին շարունակվեց անձանցից՝ հայցի ապահովման որոշումների կատարման համար գումարների բռնագանձումը, ապա կհամարեմ, որ դրանք համակարգվում են ՀՀ ԱՆ նախարարի և Գլխավոր հարկադիր կատարողի կողմից և համապատասխանաբար դատական կարգով կվիճարկեմ նրանց գործողությունները:

Ամենայն բարիք Ձեզ

Հարգանքով՝
Փաստաբան Գևորգ Գյոզալյան

Կարդացեք նաև