Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Իսկ ո՞վ է դատավորը

26.09.2007


2007 թվականին ԱԺ կողմից ընդունված ՀՀ Դատական օրենսգրքի 13 հոդվածի 6-րդ մասը սահմանում է, որ դատավորի կողմից շահադիտական կամ անձնական այլ դրդումներով ակնհայտ անարդար դատավճիռ, վճիռ կամ դատական այլ ակտ կայացնելու փաստի առթիվ քրեական հետապնդում չի կարող հարուցվել, եթե այդ ակտը վերադաս դատարանի կողմից բեկանված չէ:

Նշված նորմի անհրաժեշտությունը, ըստ իս, առաջացավ այն ժամանակ, երբ մի քանի տարի առաջ ՀՀ գլխավոր դատախազության մի քանի քննիչներ բառիս բուն իմաստով ներխուժեցին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան եւ, այդ դատարանի նախագահի կամքին հակառակ, դատարանի արխիվից վերցրեցին դատավոր Էդիկ Ավետիսյանի կողմից կայացրած վճիռները եւ «ուսումնասիրության նպատակով» տարան գլխավոր դատախազություն:

Թե ինչ եղավ դրանից հետո, հայտնի է. գլխավոր դատախազությունը միջնորդեց քրեական վարույթ հարուցել եւ դատավոր Էդիկ Ավետիսյանին պատասխանատվության կանչել, քանի որ, ըստ դատախազության, նա նախկինում կայացրել է անօրինական վճիռներ:

Իհարկե, այն ժամանակ դատավորները մի կերպ կարողացան պահել իրենցից մեկին եւ, որքան էլ զարմանալի էր, չհանձնեցին նրան:

Թվում էր, թե այս ամենից հետո դատական իշխանության ներկայացուցիչները հասկացան, որ դատավորներին որոշակի երաշխիքներ են պետք արդարադատություն իրականացնելիս, եւ թերեւս դա էր պատճառը, որ վերը նշված նորմը տեղ գտավ Դատական օրենսգրքի համապատասխան հոդվածում:

Բայց արի ու տես, որ այդպես կարծողները սխալվում էին, քանի որ հայ իրականությունում ոչ մի օրենք էլ չի կարող դատավորներին երաշխիք լինել, եւ եթե պետք է, որ դատավորին մատաղ անեն, ապա նրան առանց որեւէ օրենքի էլ կարող են մատաղ անել` հանուն մնացած դատավորների բարեկեցության:

Ճակատագրական զուգադիպությամբ, կրկին անգամ այսպիսի մի իրավիճակ է ստեղծվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում դատավոր Պարգեւ Օհանյանի նկատմամբ այն բանից հետո, երբ վերջինս հայտնի քրեական գործով «Ռոյալ-Արմենիա» ընկերության նախագահ Գագիկ Հակոբյանին եւ նախկին տնօրեն Արամ Ղազարյանին արդարացրեց եւ, ոչ ավել, ոչ պակաս, դատարանի դահլիճից ազատ արձակեց: Ինչ խոսք, նման բան Հայաստանի դատական պատմությունը իր պրակտիկայում գրեթե չի ունեցել` սկսած դեռ սովետական ժամանակներից, եւ որ երեւույթը սենսացիոն էր, դա անգամ խիստ վերահսկվող հեռուստատեսությունների էկրաններից էլ էր երեւում:

Իսկ ինչպե՞ս ընդունեցին դա նախ եւ առաջ մեր դատական համակարգի կարկառուն բարեփոխիչները, որոնք պատեհ առիթը չեն կորցնում բարձրաձայնելու, որ դատական համակարգը պետք է լինի անկախ, որ դատավորը պետք է չենթարկվի ոչ մի ճնշումների եւ այլն: Շատ պարզ եւ հայկական. մտորում են հանձնել իրենցից մեկին` հանուն իրենց բարեկեցության:

Եւ այսպես, այսօր մեր դատավորների առջեւ կանգնած է մի հարց, պատվախնդրության հարց, այն է՝ հանձնո՞ւմ են նրանք դատավոր Պարգեւ Օհանյանին, թե՞ ոչ:

Այս գործում կլինեն դատավորներ, որոնք պաշտոնապես իրենց անողնաշարությունը եւ մորթապաշտությունը կփորձեն հիմնավորել նրանով, որ դատավոր Պարգեւ Օհանյանը օրենքից բխող վճիռներ չի կայացրել, իսկ ոչ պաշտոնապես կարդարանան, որ իրենք ի՞նչ կարող էին անել, իրենց «վերեւներից» էին ասել:

Այստեղ իմ փաստաբանական պրակտիկայից ելնելով` ես կարող եմ ինձ թույլ տալ եւ հարցնել` գոյություն ունի՞ արդյոք մի դատավոր, որի կայացրած վճիռների մեծ մասում առկա չեն դատական կոպիտ սխալներ. ո՛չ, գոյություն չունի` սա, ի դեպ, պաշտոնապես:Իսկ ոչ պաշտոնապես կասեմ հետեւյալը՝ ինչպես ասում է մեր գլխավոր դատախազի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը. «Ա՛յ մարդ, հա՛մ ուզում եք հաճույք ստանալ, հա՛մ էլ ուզում եք կույս մնա՞լ», այդպես չի լինում: Բա էլ ո՞ւր կորավ մարդու` լավի եւ վատի միջեւ ընտրություն անելու հնարավորությունը, ինչպե՞ս կարելի է չարը անել եւ արդարանալ նրանով, որ եթե չանեի, սոված կմնայի:

Կամ նույն այն դատավորներից կազմված խորհուրդը, որը պետք է քննի դատավոր Պարգեւ Օհանյանի գործը. ես խորհուրդ կտայի մի պահ, երբ նրանք ազատ լինեն, կարդան նախկինում իրենց կողմից կայացված վճիռները, միգուցե այնտեղ էլ ամեն ինչ օրենքի տառից չէ: Ասածս ամենեւին չի նշանակում, որ այն դատավորներին, որոնք թույլ են տալիս օրենքի խախտումներ, պետք չէ կարգապահական պատասխանատվության ենթարկել, բնավ ոչ. եթե առկա է օրենքի խախտում, պետք է դրա համար լինեն պատասխանատվություն կրող անձինք: Կլինեն դրանք դատավորներ, դատախազներ, փաստաբաններ, էական չէ:

Սակայն Պարգեւ Օհանյանի դեպքում մենք ունենք հետեւյալ իրավիճակը, երբ դատավորը ինքնուրույնություն դրսեւորելով` պարզ ասել է` դատախազությունը չի կարողացել ապացուցել ամբաստանյալների մեղքը, եւ այդ հիմքով նրանց պետք է արդարացնել, միաժամանակ «ո՛չ» է ասել հայկական իրականությանը:

Իսկ ի՞նչ զարգացում է տեղի ունենում. ինչ-որ մի մարմին՝ դատական դեպարտամենտ անունով, գտել է, որ դատավորի` նախկինում կայացրած վճիռները անօրինական են, եւ այդ հարցով դիմել է Արդարադատության խորհրդին: Եթե դա լիներ սովորական պայմաններում, միգուցե դրա մեջ որեւէ արտառոց բան չլիներ, բայց երբ դա տեղի է ունենում «Ռոյալ-Արմենիայի» գործից հետո, առնվազն հասկանալի է, թե ինչ նպատակ է հետապնդում:

Ի դեպ, զարմանալին այն է, որ մեր դատական համակարգի կարկառուն բարեփոխիչները չեն ցանկանում նկատել, որ դատավորը, այնուամենայնիվ, պետք է լինի ազատ, դա է պահանջում նաեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր որոշումներում: Այս դեպքում դատավորի վճիռների օրինականությունը ստուգի ինչ-որ մի մարմին՝ դատական դեպարտամենտ անվանումով, որտեղ աշխատում են իրավաբանական ոլորտում նոր կայացող, բարեհամբույր տեսքով երիտասարդներ, առնվազն բանասիրական ոլորտից է:

Ինչեւէ, այսօր ՀՀ դատական իշխանությունը ցույց կտա` հանձնո՞ւմ է իր կազմի լավագույններից մեկին, թե՞ ոչ: Լավագույն` այս դեպքում չի նշանակում, որ Պարգեւ Օհանյանի իրավաբանական գիտելիքները կամ նրա կողմից նախկինում կայացրած վճիռները, որպես իրավաբան, ես գնահատում եմ անթերի, բնավ ոչ, ավելին` այն վճիռները, որոնց ես տիրապետում եմ, համարում եմ թերի, իրավաբանորեն ոչ պատճառաբանված եւ չհիմնավորված, սակայն մի՞թե դատավորին պետք է գնահատել ըստ նախկինում կայացրած իր վճիռների:

Ոչ, դա պետք է անել` հաշվի առնելով հայ իրականությունը, որտեղ զոքանչից սկսած մինչեւ ՀՀ նախագահի աշխատակազմի աշխատողները ճնշում են գործադրում դատավորների վրա: Իսկ քանի որ Հայաստանում ստեղծված է մի համակարգ, որը լափում է ամեն ինչ եւ այն ամենը, որը դեմ է կանգնում իրեն, այս պայմաններում, երբ մի դատավոր «ո՛չ» է ասում այդ համակարգին, առնվազն հաստատում է այդ դատավորի սկզբունքային լինելու հանգամանքը: Կամ, եթե վճիռների օրինականություն ենք ստուգում, միգուցե ճիշտ կլիներ սկսել Հյուսիսային պողոտայի հողերի հարկադիր իրացման դատական վճիռներից: Միանշանակ է, որ այդ վճիռներ կայացնող դատավորներն էլ գիտեն իրենց վճիռների օրինականության աստիճանը, սակայն այդ դատավորները դեմ չեն կանգնել այն համակարգին, որը պատվեր է տվել իրենց:

Եւ ահա, այս լույսի ներքո պետք է դատավորին գնահատել: Այս համատեքստում, երբ դատավորը փորձում է իրոք օրենքի տառից բխող գործողություն կատարել` դրանով իսկ հասարակության մեջ հավատ առաջացնելով դեպի արդարադատությունը, ինչպես նաեւ նեխած դատական համակարգը, մի քայլ առաջ տանելով դեպի իրավունքի գերակայություն, կարծում եմ, որ այդ դատավորի նկատմամբ պետք է ոչ թե կարգապահական վարույթ հարուցել, այլ խրախուսել, անկախ այն հանգամանքից, թե նախկինում այդ դատավորը ինչ վճիռներ է կայացրել: Այսինքն` նախ պետք է ապահովել դատավորի իրական անկախությունը, որպեսզի դատավորը զգա իր թիկունքում կանգնած ուժը, ինչպես նաեւ դատավորը պետք է լինի արդար, սկզբունքային, ոչ թիթիզ գողական եւ իր կախվածությունն ու կաշառակերությունը չփորձի արդարացնել իր սոցիալական ոչ բարվոք վիճակով:

Ցավոք սրտի, Հայաստանում շատ քիչ դատավորներ են այդպիսին:

Կարդացեք նաև