Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Նախ դատական համակարգը մաքրեք կոմունիստներից

06.04.2007


Ապրիլի 3-ին Սահմանադրական դատարանը քննում էր ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2` «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու վերաբերյալ» հոդվածը հակասահմանադրական ճանաչելու հարցը:

Այս հոդվածի հետ կապված դիմումներ էին տրվել միանգամից տարբեր անձանց` փաստաբանների, շարքային քաղաքացիների կողմից, ուստի Դատարանը այդ դիմումները միավորել էր մի վարույթում: Խոսքը` քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարված փոփոխությունների մասին է, որոնց արդյունքում վճռաբեկ բողոքները վարույթ չեն ընդունվում:

Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի շահերը ներկայացնում էր ոչ թե ԱԺ ներկայացուցիչը, այլ կառավարության ներկայացուցիչը՝ ի դեմս արդարադատության նախարարի, որը կարծես մտովի հրաժարվել էր իր պաշտոնից եւ Սահմանադրական դատարանում հանդես էր գալիս որպես սովորական իրավաբան: Բայց իրավաբանությունը հուշում է, որ արդարադատության նախարարը ոչ թե մտովի պետք է հրաժարվեր իր պաշտոնից, այլ իրավաբանորեն ամրագրված նորմով, որպեսզի կարողանար Սահմանադրական դատարանում հանդես գալ որպես ԱԺ ներկայացուցիչ:

Նախարարը դա բացատրում էր նրանով, որ չկա որեւէ արգելող նորմ, որը հնարավորություն չի տալիս իրեն ՍԴ-ում ներկայացնել ԱԺ շահերը: Այստեղ համալսարանում լավ սովորող ուսանողը միանգամից կհակադարձեր, իսկ հարգելի պարոն նախարար, կա՞ գեթ մեկ նորմ, որը ձեզ հնարավորություն է տալիս, որպես արդարադատության նախարար, Սահմանադրական դատարանում հանդես գալ որպես Ազգային ժողովի ներկայացուցիչ: Իհարկե չկա նման նորմ, եւ իհարկե երրորդ կուրսի ուսանողը դեռ պետության եւ իրավունքի տեսություն առարկայից գիտե, որ պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են օրենքներով, ի տարբերություն պաշտոնատար անձանց՝ քաղաքացիները իրավասու են կատարել այն ամենը, ինչը արգելված չէ օրենքներով եւ այլ իրավական ակտերով:

Դա է պահանջում նաեւ ՀՀ Սահմանադրության 5-րդ հոդվածը, որի երկրորդ պարբերությունը սահմանում է «Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով»:

Այսինքն` նախարարը, որպես կառավարության անդամ, չի կարող անել այն ամենը, ինչը արգելված չէ օրենքներով, քանի որ նա պաշտոնատար անձ է, ուստի պետք է կատարի միայն այն, ինչի համար լիազորված է Սահմանադրությամբ եւ օրենքներով: Իսկ եթե շարժվենք նախարարի արտահայտած կարծիքի տրամաբանությամբ, ապա մոտ ապագայում նախարարը կարող է զբաղվել բիզնեսով եւ հայտարարել, որ դա նա անում է որպես քաղաքացի, այլ ոչ թե որպես նախարար: Իսկ ի՞նչ էին մտածում ՍԴ անդամներն այս իրավական մտքի նոր գոհարի մասին: Բնականաբար, եթե որեւէ մեկը փորձի ինձ համոզել, որ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը Հայաստանի լավագույն իրավաբաններից մեկը չէ, ապա ես կապացուցեմ հակառակը: Իսկ ի՞նչ է ՍԴ անդամները չգիտեի՞ն Սահմանադրության 5-րդ, ինչպես նաեւ 88-րդ հոդվածի մասին, որը մասնավորապես սահմանում է, որ կառավարության անդամը չի կարող զբաղեցնել իր պարտականությունների հետ չկապված պաշտոն պետական մարմիններում: Մի՞թե Ազգային ժողովը պետական մարմին չէ, կամ թե նրա շահերը ներկայացնող իրավաբանի մասնագիտությունը՝ պաշտոն չէ:

Ինձ համար մի բան հստակ է, որ արդարադատության նախարարի թիմը` ի դեմս Դավիթ Հարությունյանի եւ Հովհաննես Մանուկյանի, փորձում է աղավաղել ՀՀ քաղաքացիական եւ քրեական դատավարության օրենսգրքերը` այնտեղ զետեղելով նորմեր, որոնք չեն բխում մեր ժողովրդի շահերից:

Ավելին` այս քայլն ինչ-որ իմաստով նաեւ ուղղված է փաստաբանների դեմ, եւ այստեղ ուղղակի տեղին է ասել` հարգելիներս, նախ դատական համակարգից մաքրեք կոմունիզմը եւ այդ մտածելակերպով դատավորներին, այնուհետեւ անցեք օրենքների եվրոպականացմանը:

Հ.Գ. Այս բողոքով Սահմանադրական դատարանը վճիռ կկայացնի այսօր` ապրիլի 6-ին:

Կարդացեք նաև