Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

ԻՐԱՎՈՒՆՔԻ ՄՇԱԿՈՒՅԹԸ ԵՎ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԴԵԳՐԱԴԱՑԻԱՆ

29.04.2015


Հասարակական հարաբերություններն, ըստ իս, դրանք սուբյեկտների (սուբյեկտի) վարքագիծն է, որն հիմնված է տվյալ սուբյեկտի արժեքային համակարգի, արդարության, ճշմարտության վերաբերյալ նրա պատկերացումների վրա: Նման պատկերացումներով և համոզմունքով սուբյեկտը մտնում է հասարակություն և դրսևորում է որոշակի վարքագիծ: Այս վարքագիծը կարող է բխել կամ չբխել սուբյեկտի ներքին համոզմունքներից, ելնելով այն հանգամանքից թե կոնկրետ սուբյեկտն ինչ արժեհամակարգ ունի: Մասնավորապես մի դեպքում սուբյեկտն կարող է գործել ելնելով իր համոզմունքներից, իսկ մյուս դեպքում ելնելով իր շահերից: Ամեն դեպքում անձանց մեծամասնության վարքագիծը կանխորոշում է հասարակական հարաբերությունների իրական պատկերը:

Իր հերթին պետությունն այս ամենում հանդես է գալիս որպես կարգավորիչ դեր ունեցող և օրենքներում սահմանում է վարքի ընդհանուր պարտադիր կանոնները, որոնք, եթե պետությունն իրավական է, առավելագույնս հաշվի են առնվում հավասարության և ազատության սկզբունքների վրա հիմնված հասարակական հարաբերությունների զարգացման օբյեկտիվ պահանջները:

Միևնույն ժամանակ, իրավական պետությունում ընդունվող օրենքներում չի թույլատրում օրենսդրի ինքնակամությունը: Օրենքներում արտահայտվում են օբյեկտիվորեն ծավալվող հասարակական հարաբերությունները, նրանց զարգացման և ինքնաթարմացման միտումները: Բայց մի բան է թե պետությունում ինչ օրենքներ են ընդունվում (հետևապես նաև վարքագծի կանոններ սահմանվում), մեկ այլ բան է թե տվյալ հասարակության սուբյեկտներն ինչ կերպ են վերաբերվում այդ օրենքներին:

Սույն հոդվածով ես կփորձեմ վերլուծել Հայաստանի հասարակության, այսինքն դրա մեծամասնության իրավագիտակցության հասունության աստիճանը, պետության՝ որպես հանրային իշխանության կրողի, իրավագիտակցությունը հասարակության մեջ սերմանելու գործառույթի իրականացումը:

Ինչպես սահմանված է իրավագիտական գրականությունում ՝ իրավական մշակույթը մարդկանց կյանքի իրավական (պետական-իրավական) կազմակերպման մեջ ձեռքբերված զարգացման մակարդակն է:

Հասարակության անդամների իրավագիտակցության մեջ արտահայտված իրավական հայացքների (պատկերացումների, գաղափարների, արժեքների, գիտելիքների և այլնի) բովանդակությունը, բնույթը և որակն ինչպես հասարակության անդամների մշակույթային հասունության, այնպես էլ այդ հայացքները գործող իրավունքի համապատասխան իրական (օբյեկտիվացված) ձևերի, պետական իշխանությունների ինստիտուտների, մարդկանց վարքագծային հարաբերությունների և այլնի ձևով մարմնավորելու, նրանց հոգևոր պատրաստակամության աստիճանի էական ցուցանիշներն են:

Դասագրքային ճշմարտությունն այն է, որ ժամանակակից իրավական մշակույթին ներհատուկ են այնպիսի որակական բնութագրեր, ինչպիսիք են՝ անձի իրավունքների ու ազատությունների որոշիչ նշանակությունը հասարակական և պետական կյանքի կազմակերպման մեջ, զանգվածային իրավագիտակցության մեջ օրենքի և իրավակարգի, իրավունքի տիրապետման գաղափարների ու արժեքների նկատմամբ հարգանքի զգացմունքի հաստատումը, սահմանադրականության և իրավական օրենքի գերակայության սկզբունքի իրականացումը, պետության բոլոր ճյուղերի արդյունավետ գործունեությունը, պետության վրա քաղաքացիական հասարակության ներգործության և դրա գործունեության նկատմամբ վերահսկողության օրինական ձևերի, միջոցների ու ընթացակարգերի ճյուղավորված համակարգը և այլն:

Միաժամանակ, եթե հակիրճ ասեմ, ապա իրավունքն ոչ թե պոզիտիվ իրավունքն է, այսինքն պետության իշխանական-հրամայական պատվիրան՝ օրենքը, որը շատ հաճախ չի համապատասխանում իրավունքին, այլ իրավունքը, որն հիմնված է անձի բնական և անօտարելի իրավունքների վրա և որոնք իրենց հաստատումն են գտնում իրավական օրենքներում, դրանով իսկ ճանաչվելով, ամրագրվելով և պաշտպանվելով պետության կողմից:

Վերը նշված՝ իրավական մշակույթին հակընդդեմ (անտիպոդ) է իրավական նիհիլիզմը՝ իր բազմաթիվ դրսևորումներով ու ձևերով, իրավունքը թերագնահատելուց և դրա նկատմամբ անհարգալից վերաբերմունքից մինչև իրավունքի լիակատար անտեսումն ու բացառումը: Իրավական նիհիլիզմը միշտ էլ պետական նիհիլիզմ է, քանի որ իրավունքի բացառումն իր մեջ, ըստ էության, ներառում է նաև պետության՝ որպես հանրային իշխանության իրավական կազմակերպության բացառումը:

Վերը նշվածի լույսի ներքո, ինչպես արդարացիորեն նշում է Ներսեսյանցը, հասարակությունների իրավագիտակցության մակարդակը բաժանվում է երեք տիպերի՝ օրենքին հավանություն տվող, օրինապահ իրավագիտակցություն ունեցող և օրինախախտ իրավագիտակցություն ունեցող:

Օրենքին հավանություն տվող իրավագիտակցության մեջ (գործող իրավունքի) պահանջները, նպատակներն ու արժեքները սուբյեկտը գիտակցում և ընդունում է որպես անվերապահորեն անհրաժեշտ ու օգտակար (իր և ուրիշների համար, հասարակության համար ամբողջությամբ) և կատարման ենթակա: Սուբյեկտի այսպիսի դիրքորոշումը պայմանավորված է, առաջին հերթին, գործող իրավունքի որակական-բովանդակային արժեքներով (դրա արդարությամբ, արժեքով, օգտակարությամբ և այլն), այլ ոչ թե օրենքի հեղինակությամբ (դրա համապարտադիր ուժով, հարկադիր բնույթով և այլն):

Ասել կուզի նման սուբյեկտներ ունեցող հասարակարգերում իրավունքը սուբյեկտի համոզմունքն է՝ անկախ դրա պարտադիր լինել կամ չլինելուց: Մասնավորապես սուբյեկտը կատարում է իրավական օրենքի պահանջն ոչ թե նրա համար, որ եթե չկատարի կենթարկվի պատասխանատվության այլ նրա համար, որ այն իր ներքին համոզմունքն է:

Օրինապահ իրավագիտակցության համար հիմնական շարժառիթի գործոնն օրենքի (գործող իրավունքի) հեղինակությունն է: Նման իրավագիտակցության սուբյեկտների դիրքորոշումն օրենքի պահպանման առավելությունների (իր, ուրիշների և ամբողջ հասարակության համար) և դրա խախտման, թերությունների, անշահավետության բացասական հետևանքների գնահատման վրա հիմնված նպատակահարմար ընտրության արդյունքն է: Այդ իմաստով օրինապահ իրավագիտակցությունը պրագմատիկ իրավագիտակցությունն է:

Օրինակ, սուբյեկտը կատարում է օրենքի (իրավունքի) պահանջն առավելապես նրա համար, որ այն օրենք է, որի չկատարման համար կարող է վրա հասնել պատասխանատվություն: Միաժամանակ այս տիպի իրավագիտակցություն ունեցող հասարակարգերում օրենքներն պարտադիր են բոլորի համար առանց խտրականության և կախված սուբյեկտի դիրքից այն կիրառվում է անխտիր:

Օրինախախտ իրավագիտակցությունը նույնպես պրագմատիկ է, որը պայմանավորված է իրավունքը չպահպանելու և հանցագործություններ և իրավախախտումներ կատարելու առավելության ու շահավետության մասին սուբյեկտի պատկերացումներով: Հանցավոր և իրավախախտ կենսաոճն ուղեկցվում է անձի դեգրադացիայով և իրավագիտակցության էական ձևախեղմամբ, որում սկսում են տիրապետող դիրքեր գրավել, այսպես կոչված, «գողական օրենքի»՝ հանցավոր աշխարհի յուրահատուկ, չգրված օրենսգրքի հակահասարակական «արժեքները» և հանցավոր պատվիրանները:

Ասվածի լույսի ներքո, կարծում եմ, որ ընթերցողը կհամաձայնվի, որ այսօր Հայաստանի հասարակության իրավագիտակցության աստիճանը չի գտնվում ո՛չ առաջին՝ օրենքին հավանություն տվող և ո՛չ էլ երկրորդ՝ օրինապահ իրավագիտակցության տիպերում: Օրինակները բազմաթիվ են: Առաջինի դեպքում պետք է նշել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացու (ՀՀ քաղաքացի ասելով նկատի ունեմ ՀՀ-ում բնակվող անձանց մեծամասնությունը, այլ ոչ թե բոլորին) համար առաջին հորիզոնական է գրավում՝ փողը, փառքը, իր և իր հարազատների բարեկեցությունը, բայց ոչ երբեք օրենքը (իրավունքը):

Առաջին տիպի մեջ թերևս ես կառանձնացնեմ եվրոպական մի շարք պետություններին, սակայն ոչ բոլորին: Մասնավորապես հավատացած եմ, որ շատ գերմանացիների համար օրենքների կատարումն ներքին համոզմունք է: Երկրորդ տիպի մեջ թերևս կարելի է դասել եվրոպական այնպիսի պետությունների, ինչպիսիք են Իտալիան, Հունաստանը և այլն: Մասնավորապես այդ պետություններում օրենքները կատարվում են, քանի որ դրանց չկատարումը կարող է բացասական հետևանքներ առաջացնել կոնկրետ սուբյեկտի համար: Միաժամանակ, այդ պետություններում հարկադրանքն առավելապես կիրառելի է բոլորի նկատմամբ՝ անկախ իրենց սոցիալական վիճակից: Այդ է պատճառը, որ ՀՀ-ն չեմ դասում այդ տիպին, քանի որ այստեղ հարկադրանքը գործում է ավելին քան խտրական:

Ըստ իս պատահական չէ, որ այսօր Հայաստանն իր մեծամասնություն կազմող սուբյեկտներով տեղավորվում է երրորդ տիպի մեջ: Երկիր, որն հարյուրամյակներ չի ունեցել իր պետականությունը, իսկ երբ ունեցել է, դրա վրա կիրառելի է եղել պատմահայր Մովսես Խորենացու ողբը՝ հայոց թագավորության վերաբերյալ, երկիր, որ թեև XX դարում մի շատ կարճ ժամանակ ունեցավ պետականություն, սակայն շուտով այն կորցրեց և գրեթե 80 տարի ապրեց ստրկության մեջ, որտեղ իրավունքն ասածը դասակարգային պայքարն էր ուր տիրապետող դասակարգը՝ պետությունը, ճնշում էր շահագործվող դասակարգին՝ ժողովրդին: Որտեղ մասնավոր սեփականության բացակայության պայմաններում զարկ էր տալիս գողությունը հանրային սեկտորից: Երկիր որտեղ թեև օրենքներն առկա էին և կարծես թե արտահայտում էին բնակչության շահերը, սակայն դրանք կիրառվում էին այնքանով, որքանով բավարարված էր դատախազն ու դատավորը (բավարարված ասելով նկատի ունեմ միմիայն փողը կամ պատվերը վերևներից) և ինչպես հայտնի ֆիլմում կնոջը տեղեկանք տալու համար, փորձում են անբարոյական դարձնել: Բնականաբար նման պայմաններում ծաղկում է այլ իրականություն, այսպես կոչված «գողական»:

Այս իրականությունում ստեղծվում են վարքագծի նոր կանոններ, որն գիտակցաբար թույլ էր տրվում տիրապետող դասակարգի կողմից (քանի որ այդպես հեշտ էր կառավարել հասարակությանը), իսկ շահագործվող դասակարգն անխտիր «հարգում» և ենթարկվում էր այդ կանոններին, ի տարբերության պետության կողմից գծված կանոնների: Ահա նման պայմաններում դաստիարակվում և մեծանում էր մի սերունդ (ժողովուրդ), որն անհիշելի ժամանակներից չէր ունեցել ո՛չ պետություն, ո՛չ իրավունք, ո՛չ հավաքական միասնություն և ո՛չ էլ պիտանի սովորություններ: ԵՎ ահա այս սերնդի ներկայացուցիչները մի օր արթնանում են և հայտնվում են նոր իրականության մեջ, որտեղ իրենց մտածելակերպն ու մշակույթը նույն են, սակայն իրադրությունն է փոփոխվել՝ ստեղծվել է նոր իրավիճակ:

Ահա նման հասարակական դեգրադացիայի պայմաններում ստեղծվում է նոր պետություն, որն իր առաջին քայլերն անում է իրավունքն որպես համակեցության հիմնասյուն դնելով, որտեղ պետությունը սահմանափակված է անձի բնական իրավունքներով:

Թեև անկախությունից ի վեր օրենսդրական բազան զարգացավ այնպես, որ անձի իրավունքն գերակայող էր, սակայն իրական կյանք այն այդպես էլ չտեղափոխվեց մնալով միայն թղթի վրա: Այնպես ինչպես Խորհրդային Հայաստանում: Եվ չի էլ տեղափոխվի, քանի դեռ սուբյեկտի արժեքային համակարգում բան չի փոխվել, քանի դեռ սուբյեկտի մոտ դեռևս գերակայող են գողական գաղափարախոսության (այժմ արդեն ձևախեղված, համեմատած խորհրդային ժամանակաշրջանի հետ) նկատմամբ նվազագույնը՝ հարգալից մոտեցումը, իսկ որ ավելի վտանգավոր է այդ գաղափարախոսությամբ առաջնորդվելն այնպիսի վայրում, ինչպիսին է պետական ապարատը:

Ահա այս գաղափարախոսությունն է, որ վաղուց ի վեր քարոզվում է Հայաստանում և բորոտության նման վարակել է ողջ հասարակությանը, և արդյո՞ք արժան է այդպիսի մտածելակերպ ունեցող հասարակությունը լավ ապրելո՞ւ: Թերևս նա արժանի է ապրելու այնպես, ինչպես ապրում է՝ մեղմ ասած անօրինական կամ օրինական ձևով գումար վաստակել, որ մեքենայի համար «գոլդ» համարանիշ գնի, «գոլդ» համարանիշ գնի, որ իրենից վախենան, իրենից վախենան, որ իրեն ինքնաբավարարված զգա: Մյուս կողմից էլ պետական ապարատում պաշտոն ստանա, որ ծառայի (բնականաբար ոչ ժողովրդին), ծառայի, որ նկատվի «վերևների» կողմից, նկատվի, որ անօրինական փող աշխատի, փող աշխատի, որ մեքենայի համար «գոլդ» համարանիշ գնի, «գոլդ» համարանիշ գնի, որ իրենից վախենան:

Ցավոք այս է Հայաստանում տիրապետող գաղափարախոսությունն ու «իրավական մշակույթը»: Իսկ ինչպես փոխել այն, կոպիտ չհնչի, բայց այս սերունդն այնպես ինչպես, որ կա պետք է վերանա, պետք է մաքրվի: Եվ եթե հաջողվի պահպանել Հայաստանի ինքնիշխանությունը (Մաքսային միության ֆոնին կարելի է կռահել), ապա միգուցե մի քանի սերունդ հետո Հայաստանը տեղափոխվի երկրորդ տիպի՝ օրինապահ իրավագիտակցություն ունեցող երկրների շարք:

Կարդացեք նաև