Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Ծեծը թույլատրվել է օրենքով

13.12.2006


Այսպես, փոփոխությունով կառավարությունը առաջ էր քաշել այսպես կոչված «Ներխուժման» ինստիտուտը, որը մինչ այդ հայտնի չէր քաղաքացիական իրավունքի տեսությանը:

Դրանով սահմանվել է, որ ներխուժում է համարվում «օրինական տիրապետողի թույլտվությամբ հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած անձի կողմից հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը», ինչպես նաեւ «օրենքով սահմանված հիմքերով հողամաս, շենք կամ շինություն կամ այլ անշարժ գույքի տարածք մուտք գործած անձի կողմից այդ հիմքերի դադարումից կամ օրենքով նախատեսված համապատասխան գործողություններ կատարելուց հետո հողամասից, շենքից կամ շինությունից կամ այլ անշարժ գույքի տարածքից դուրս գալու վերաբերյալ դրանց օրինական տիրապետողի պահանջը չկատարելը»:

Նույն օրենքը սահմանում է, որ «ներխուժումը կանխելու կամ վերացնելու նպատակով օրինական տիրապետողն իրավունք ունի խելամիտ պաշտպանության միջոցներ ձեռնարկելու, այդ թվում՝ ներխուժման հետեւանքին համարժեք ուժ գործադրելու, եթե ոչ ուժային միջոցները չեն կարող կանխել կամ վերացնել ներխուժումը»:

Այսինքն, սույն օրենքի ընդունմամբ կարելի է ասել, որ յուրաքանչյուր ոք որոշակի հանգամանքների առկայության դեպքում իր նախաձեռնությամբ կարող է կիրառել խելամիտ ուժ, այսինքն` բռնություն: Չխորանալով այսպես կոչված «խելամիտ» բառի նշանակության մեջ, եւ որ այն տարբեր մարդկանց կողմից ընկալվում է տարբեր ձեւերով, կցանկանայի միանգամից նշել, որ ուժ գործադրելը դուրս է քաղաքացիաիրավական կարգավորման ոլորտից, քանի որ քաղաքացիական իրավունքը կարգավորում է ապրանքադրամական եւ այլ բնույթի գույքային եւ ոչ գույքային հարաբերություններ, իսկ խելամիտ ուժ կիրառելը քրեաիրավական ոլորտից է, որը նախատեսում են անհրաժեշտ պաշտպանության եւ ծայրահեղ անհրաժեշտության ինստիտուտները (տե՛ս ՀՀ քրեական օրենսգրքի 42, 44 հոդ.), եւ եթե անձը ուժ կիրառի մեկ այլ անձի նկատմամբ այս ինստիտուտներից դուրս, ապա շատ հնարավոր է, որ այն, համաձայն ՀՀ ՔՕ 118 («Ծեծը») կամ 119 («Խոշտանգում») հոդվածների, դիտվի որպես հանցագործություն: Իսկ ինչ վերաբերում է անձի կամքին հակառակ նրա հողամաս, շենք կամ շինություն մուտք գործելու հանգամանքին, ապա ՀՀ Սահմանադրության 24-րդ հոդվածը ուղղակիորեն երաշխավորում է անձի բնակարանի անձեռնմխելիության իրավունքը, իսկ ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 147-րդ հոդվածի` այն համարվում է հանցագործություն, եւ դրա համար նախատեսված է համապատասխան պատիժ:

Այսպիսով, կարելի է փաստել, որ եթե ինչ-որ մեկը մուտք գործի ձեր հողամաս խաղող քաղելու նպատակով, եւ ձեր զգուշացումներից հետո նա անմիջապես չհեռանա ձեր տարածքից, ապա դուք կարող եք ըստ ձեր հոգեվիճակի խելամտության ծեծել նրան, եթե դուք տաքարյուն եք, կարող եք անգամ կացնահարել նրան, բայց այնպես պետք է անեք, որ չմահանա:

Ի դեպ, համաձայն նույն օրենքի, եթե որոշ ժամանակ անց նա ձեր դեմ հայց հարուցի դատարան առողջությանը պատճառված վնասի համար, ապա դուք իրավունք ունեք այն չվճարել, քանի որ այդ օրենքը հնարավորություն է տալիս պատճառված վնասը չփոխհատուցել: Ի դեպ, նույն հոդվածում տեղ գտած մեկ այլ նորամուծության համաձայն, այսուհետ, եթե ձեր բնակարան կամ այլ տարածք մուտք գործի ինչ-որ անձ, ապա դուք պետք է ունենաք համապատասխան լիազորագիր ոստիկանության հետ, որպեսզի ոստիկանները արդյունավետ կերպով ձեռնարկեն համապատասխան միջոցառումներ` ձեր բնակարան մուտք գործած անձին դուրս հրավիրելու համար, իսկ եթե չունեք համապատասխան լիազորագիր, ապա ոստիկանությունը, բնականաբար, առաջնորդվելով «մեջը փող չկա» իրեն հոգեհարազատ կարգախոսով, չի իրականացնի իր պարտականությունները, եւ դուք ստիպված եք լինելու նորից վերադառնալ խելամիտ ուժ կիրառելու ինստիտուտին, եւ ինքներդ կացնով կամ բահով փորձեք խելամիտ ծեծով դուրս հրավիրել այդ անձին:

Ցավոք սրտի, այս օրենքը միակը չէ, որը հիմնված է ոչ թե իրավաբանության, այլ բանասիրության վրա, եւ համոզված եմ, որ ԱԺ-ն կարելի է լուծարել, քանի որ, ինչպես ցույց է տվել փորձը, ԱԺ պատգամավորների մեծամասնությունը անգամ տեղյակ չէ, թե ինչ օրենք է քննարկվում, քանի որ նրանք սովորել են միայն վարժ կոճակ սեղմել այն ուղղությամբ, որի մասին «ախպեր տղերքն» են խնդրել: Իսկ այս դեպքում կարելի է ստեղծել տասը անձից կազմված մի հանձնաժողով, որը կկատարի ԱԺ-ի գործառույթները. այս դեպքում գոնե մեր բյուջեի վրա շատ ծանրաբեռնվածություն չի ընկնի:

Կարդացեք նաև