Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Դատարանի անկանխատեսելիությունը կամ վախվորած դատավարություն

18.04.2013


ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 149.8 հոդվածի 2-րդ մասը սահմանում է այն գործողությունները, որոնք պետք է կատարվեն դատարանի կողմից՝ նախնական դատական նիստի ընթացքում: Ըստ այդմ՝ «դատարանը նախնական դատական նիստում մասնավորապես՝ ... կողմերի հետ քննարկում է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան՝ կողմերի միջև բաշխում է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանում է ապացույցների ներկայացման ժամկետները. ...»:

Ցավով պետք է արձանագրեմ, որ իմ ամբողջ փաստաբանական պրակտիկայում ես չեմ տեսել, որ դատարանն առանց կոմպլեքսավորվելու, ազատ ձևով, դատավարության կողմերի հետ քննարկի էական նշանակություն ունեցող փաստերի ապացուցման հարցերը, ավելին, չվախենա իր ընդգծված կարծիքն արտահայտել, տվյալ գործի համար էական նշանակություն ունեցող փաստերի ապացուցման վերաբերյալ: Կարծում եմ, որ սա խոսում է դատարանի ոչ պրոֆեսիոնալ լինելու մասին, ինչն էլ իր հերթին անկանխատեսելի է դարձնում այդ դատարանը: Բազմիցս եմ հանդիպել իրավիճակների, երբ դատարանը նախնական դատական նիստում արտահայտել է հետևյալ մտքի գոհարը՝ «-հայցվոր դուք կապացուցեք ձեր հայցի հիմքում ընկած փաստերը, իսկ պատասխանող դուք կապացուցեք ձեր առարկությունների հիմքում ընկած փաստերը:» և վերջ:

Այստեղ դատարանի համար էական չէ թե ինչքանով կապ ունի հայցվորի գրածը տվյալ վեճի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստերի ապացուցման հետ: Դատարանի միակ խնդիրը դառնում է այն, որ ձևականորեն անցկացնի նախնական դատական նիստ՝ խուսափելով որևէ փաստի վերաբերյալ կարծիք արտահայտելուց:

Դատարան դիմող շահագրգռված անձը, այսինքն՝ հայցվորն է որոշում իր կողմից առաջադրվող պահանջի հիմքում ընկած փաստերի շրջանակը (փաստակազմը), բայց նա, օրենքը չիմանալու և այլ պատճառով, կարող է փաստակազմի մեջ չմտցնել իրավաբանական արժեք ներկայացնող կամ՝ մտցնել այդպիսի նշանակություն չունեցող փաստեր: Բնական է, որ հայցի հիմքը կազմող և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը, կողմերի և գործին մասնակցող մյուս անձանց պահանջների ու առարկությունների հիման վրա, ինչպես նաև կիրառման ենթակա նյութական և դատավարության իրավունքի նորմերի պահանջների հաշվառմամբ, վերջնականորեն պետք է որոշի գործը քննող դատարանը: Դատարանը կոնկրետ վեճը լուծելիս հայցի հիմքը կազմող իրավաբանական փաստերը պետք է գտնի, դրանց շրջանակը պարզի կիրառման ենթակա իրավական նորմի (նորմերի) հիպոթեզում (Տե՛ս ՀՀ քաղաքացիական դատավարություն, Երևան 2003, Ռ.Գ.Պետրոսյան):

Վերը նշվածից ակնհայտ է, և դա ճիշտ է, որ դատարանը կողմերի հետ պետք է հստակ քննարկի այն էական փաստերի ապացուցման հարցերը, որոնք պետք է ապացուցվեն տվյալ դատաքննության ընթացքում: Այսինքն, դատարանը կողմերին պետք է ասի, որ հարգելի կողմեր սույն գործի լուծման համար էական նշանակություն ունեն այս փաստերի ապացուցումը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան, բաշխի ապացուցման բեռը:

Եթե դատարանը առաջնորդվի վերը նշված օրենքի տրամաբանությամբ, ապա համոզված եմ շատ դեպքերում բանը չի հասնի դատաքննության և շատ հնարավոր է, որ կողմերից որևէ մեկը վերանայի իր սկզբնական դիրքորոշումը: Այսինքն, եթե դատարանը ասի հայցվոր դու պետք է ապացուցես այս փաստը, պատասխանող դու պետք է ապացուցես այս փաստը և որ պարտվող կողմը կրելու է ողջ դատական ծախսերը, ապա թերևս նախնական դատական նիստում կողմերը գան հաշտության կամ հայցվորը հրաժարվի իր հայցապահանջից: Նման պարագայում կողմերը կարող են կանխատեսել թե ինչպիսի դատական ակտ կունենան վերջում (այսինքն կողմը կգնահատի թե որքանով է կարողանալու ապացուցել կոնկրետ փաստը), հետևաբար նաև դատարանը կլինի ավելի կանխատեսելի:

Բայց արդյո՞ք մեզ պետք է կանխատեսելի դատարան: Սա իհարկե հարցի մյուս կողմն է, քանի որ այս հռետորական հարցին պատասխանելու համար անհրաժեշտ է մի փոքր էլ քաղաքականություն ուսումնասիրել, բայց որ այսօր Հայաստանում խնդիրներն օրենքների մեջ չեն, դա իմ ընդգծված կարծիքն է: Կարծում եմ, որ Հայստանում ներկայումս դատավորները պետք է նվաճեն իրենց հեղինակությունը, քանի որ այն «հեղինակությունը» որը նրանք ունեն ավելին քան բավարար չէ անձանց վեճերը լուծելու համար: Իսկ այդ հեղինակությունը բարձրացնելու համար պետք չէ միայն օրենք փոխել, այլ պետք է հասկանալ օրենքի նպատակը (ոչ թե ըստ զարգացվածության համապատասխան ինտելեկտի տառացի մեկնաբանությամբ խեղաթյուրել օրենքը և արդարանալ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 86 հոդվածով) և գործել այդ օրենքի ոգով:

Մի առիթով լսեցի այն միտքը, որ երբ քեզ բռնաբարում են և դու ոչինչ չես կարողանում անել, ապա խորհուրդ էր տրվում թուլանալ և հաճույք ստանալ: Իհարկե մի փոքր գռեհիկ է հնչում, բայց տիպիկ մեր այն պաշտոնյաների համար է ասված ովքեր ցանկանում են Հայաստանի գորշ իրականությունում որևէ բան փոփոխել, բայց չեն կարողանում և սկսում են օրենք փոխել, բոլորիս հավատացնելով, որ խնդիրները օրենքների մեջ են:

Կարդացեք նաև