Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Ինչպիսի ղեկավար է պահանջում հասարակական շահը

16.01.2013


Այսօր Հայաստանում քիչ չեն մարդիկ ովքեր կարծում են, որ հասկանում են ամեն ինչից և որ իրենցից արդար և բարի ղեկավար չկա, որ իրենք ունակ են զարգացնելու այն ոլորտը որը կվստահվի իրենց: Սակայն ինչպես ցույց է տալիս մեր կյանքը, համակարգում մարդիկ փոփոխվում են, սակայն համակարգը մնում է այնպես ինչպես կար: Երբ պաշտոնաթող անձանցից փորձում ես հետաքրքրվել թե ինչո՞ւ իր պաշտոնավարման ընթացքում չփոփոխվեց իր կողմից ղեկավարվող կառույցը, պատասխանը միանշանակ է՝ «խնդիրը անձերի մեջ չէ, խնդիրը համակարգային է» կամ «մեր մենթալիտետը» կամ «ժողովուրդը պետք է փոխվի» և այլն: Անշուշտ այդ վերացական պատասխանները ունեն իրենց ճշմարտացիության հատիկը, բայց որ դա շատ դեպքերում պատասխանատվությունն իր վրայից գցելու նպատակ է հետապնդում՝ ակնհայտ է:

Իսկ ինչպիսի՞ն պետք է լինի ղեկավարը, որ իր կողմից ղեկավարվող կառույցը զարգանա, որ հանրությունը զգա դրական փոփոխությունները, որ հանրության մոտ անարդարության ճգնաժամ չլինի:

Ըստ իս ղեկավար չէ այն անձը, ով իր անձնական շահը չի ստորադասում հասարակական շահին, ով ստանձնելով իր պաշտոնը ավելի շատ մտածում է իր և իր յուրայինների մասին քան հանրության, կամ օգտագործելով իր պաշտոնը նոր կապեր է ձեռք բերում հանուն իր բարորության, մարդկանց նկատմամբ ունենալով իշխանություն՝ նրանց բաժանում է յուրայինների և ոչ յուրայինների, երբեք չի ձեռնարկում քայլ որը կարող է ստվերել իր և այլ իշխանություն ունեցող անձանց հարաբերությունները, երբ խնդիրը չի առնչվում իրեն կամ իր յուրայիններին, ապա առավելագույնս արդարադատ է, իսկ երբ խնդիրը վերաբերվում է իրեն կամ իր յուրայիններին դառնում է կեղծավոր: Չցանկանալով իրեն զրկել, զրկում է ուրիշներին: Ի դեպ, յուրային ասելով ես նկատի ունեմ բոլոր այն դեպքերը, երբ իշխանություն ունեցողը շահագրգռված է սուբյեկտիվ գործոններով:

Հայաստանում այսօր շատ դժվար է ունենալ մի փոքր իշխանություն և լինել արդարադատ, քանի որ եթե լինես արդարադատ, ապա չես ունենա ո՛չ ընկերներ, ո՛չ բարեկամներ: Իսկ այն ընկերները ովքեր արդարադատ լինելուցդ հետո կմնան քեզ հետ ուրեմն նրանք քո իրական՝ գաղափարակից ընկերներն են, ուստի կարող ես ցնծալ և ուրախանալ, բայց ցավոք շատ չես գտնի այդպիսի ընկերներ:

Ըստ իս արդարադատ լինելը նշանակում է, որ առաջինը դու պետք է իշխանությանդ ողջ խստությունը նախ և առաջ կիրառես քո մերձավորների, բարեկամների, հարազատների և ընկերների նկատմամբ, որպեսզի բարոյական իրավունք ունենաս այլ անձանցից պահանջել համանման վարքագիծ: Իր իշխանությունը բանեցնելիս ղեկավարի համար, պետք է խորթ լինեն այնպիսի հասկացություններ ինչպիսիք են՝ «իմ ընկերոջ տղան է», «իմ բարեկամն է», «իմ հարազատն է» և այլն: Իրական ղեկավարը պետք է ունակ լինի արհամարելու կոնկրետ անձանց կարծիքն իր մասին (իշխանություն ստացավ կորցրեց իրեն, բա մարդ իշխանություն ունենա ու իր հարազատին չօգնի և այլն) և պետք է առաջնորդվի հանրության շահով, այն անձանց շահով ովքեր գտնվում են իր իշխանության ներքո: Երբ փոքր հարցերում քո փոքր իշխանությամբ դու արդարամիտ չես, ապա մեծ հարցերում և մեծ իշխանության դեպքում դու կկորցնես քո մարդկային դեմքն ու որակը և կկոչվես կեղծավոր:

Իրոք դժվար է համապատասխանել արդարամիտ ղեկավարի կոչումին, բայց եթե դու չունես այդ որակը կամ չես ցանկանում հետևել արդարամիտ ղեկավարի կոչումին, ապա լավ է, որ երբեք չլինես ղեկավար:

Ի վերջո, ինչո՞ւ գրեցի այս փոքրիկ հոդվածը, քանի որ երկար ժամանակ ուսումնասիրում եմ տարբեր ոլորտներ և լսում եմ տարբեր «ղեկավար» անձանց ու գալիս եմ այն եզրահանգման, որ թերևս Հայաստանում չկան սկզբունքային ղեկավարներ կամ, եթե կան էլ, ապա քիչ են, ուստի անհրաժեշտ է գոնե դաստիարակել և մեծացնել այդպիսիններին, որպեսզի մեր երեխաները գոնե ունենան այդպիսի ղեկավարներ կամ այդպիսիք լինեն:

Կարդացեք նաև