Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Արդարադատության խորհուրդը պետք է բացատրության տա, թե ինչու է մերժում բողոքները

13.03.2012


Փաստաբան Գևորգ Գյոզալյանը որոշել է Արդարադատության խորհրդի (ԱԽ) անընդունելի աշխատաոճը քննարկման առարկա դարձնել վարչական դատարանում: Փաստաբանի ներկայացրած հայցն ըստ էության ԱԽ-ի գործելաոճից դժգոհողների հավաքական բողոքն է, երբ դատավորին կարգապահական տույժի ենթարկելու դիմում են ներկայացնում և, անկախ փաստերի ծանրակշիռ լինելուց, ԱԽ-ից ստանում մի ձևաթուղթ, որում միայն հասցեատերն է փոխված:

Փաստաբան Գ. Գյոզալյանը 2012թ. հունվարի 19-ին դիմել է Արդարադատության խորհրդին՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդիկ Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: ԱԽ-ի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է, որ ներկայացված հիմքերը բավարար չեն դատավոր Էդիկ Ավետիսյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու համար:

Փաստաբանը կրկին ԱԽ-ին է դիմել՝ խնդրելով տրամադրել կարգապահական հանձնաժողովի արձանագրությունը, եզրակացությունը և որոշումը, որով կհավաստիանար, որ իր դիմումը քննարկվել է, և քննարկման արդյունքում է ԱԽ-ն եզրակացրել, որ «հիմքերը բավարար չեն կարգապահական վարույթ հարուցելու համար»: Այս անգամ էլ ԱԽ-ի աշխատակազմի ղեկավարը պատասխանել է. «Արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովը կարգապահական վարույթ չհարուցելու դեպքում որոշում կայացնելու իրավասությամբ օժտված չէ»:

Գևորգ Գյոզալյանը, մեկ անգամ ևս համոզվելով, որ իրեն տրամադրվածը ԱԽ-ի հերթապահ ձևաթուղթն է, դիմել է վարչական դատարան: Փաստաբանը վարչական դատարան ներկայացրած հայցադիմումով խնդրել է պարտավորեցնել ԱԽ-ին հիմնավոր ու պատճառաբանված պատասխանել իր դիմումին, որից պարզ կդառնա, թե իր ներկայացրած օրինախախտումներն ինչո՞ւ բավարար չեն համարվել: «Ինչպե՞ս է ԱԽ-ն որոշել, որ բավարար հիմքեր առկա չեն, ի՞նչ չափորոշիչներից ելնելով է նման եզրակացության հանգել և ո՞ր օրենքով է ղեկավարվել իմ դիմումը մերժելիս»,- նշել է նա հայցադիմումի մեջ:

Անդրադառնալով ԱԽ-ի գործելաոճին՝ փաստաբանը հայտնում է, որ ԱԽ-ի գործողություններից անհասկանալի է այն օբյեկտիվ սահմանաչափը, որի դեպքում պատասխանատվության են ենթարկում դատավորին: ԱԽ-ի կայացրած որոշումների ուսումնասիրությունից ակնհայտ է դառնում, որ հաճախ դատավորին առավել նվազ խախտումների համար են պատասխանատվության ենթարկում, քան իր ներկայացրած հիմքերն են: «Այսինքն՝ ԱԽ-ն բացահայտ սյուբեկտիվ մոտեցում է դրսևորում՝ կախված դատավորի անձից»,- ասում է փաստաբանը: Վերջինս խոստացել է խտրականության դրսևորման օրինակները ներկայացնել դատաքննության ընթացքում:

Փաստաբանը ԱԽ-ին ներկայացրել է այն օրինախախտումները, որոնք դատավոր Էդիկ Ավետիսյանը կատարել է 2011թ. դեկտեմբերի 22-ին քննած, պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջ ներկայացրած քաղաքացիական գործով: Այդ գործի շրջանակներում փաստաբան Գևորգ Գյոզալյանը ներկայացրել է գործով երրորդ անձի շահերը:

«Հայցվորը ներկայացրեց իր հայցը, և ես պետք է հարցեր տայի նրան, սակայն պարզվեց, որ, ըստ Է. Ավետիսյանի, դրա իրավունքը չունեմ, հարցերը պետք է տայի դատավարության նախապատրաստական փուլում: Ապացույցների հետազոտմանը չանդրադառնալով և չճշտելով վկաներ հրավիրելու ժամակետների հարցը՝ բոլորովին անսպասելիորեն գործի նախապատրաստական փուլում դատավորը որոշում է հարցաքննել նախնական դատաքննության ընթացքում հրավիրված վկային՝ մինչ այդ տեղյակ չպահելով երրորդ անձի ներկայացուցչին, որ կոնկրետ այդ օրը պետք է լսի վկային»,- ԱԽ-ին տեղեկացրել է փաստաբանը:

Գ. Գյոզալյանն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավոր Է. Ավետիսյանին այն հիմքով, որ նախնական դատաքննության ընթացքում վերջինս իրավունք չունի հարցաքննել վկային:

«Դուք թույլ եք տվել օրենքի կոպիտ խախտում, ինչը կարող է պայմանավորված լինել երկու հանգամանքով. կամ պայմանավորվածություն եք ձեռք բերել հայցվորի հետ, կամ չեք ապահովել պատշաճ մասնագիտական պատրաստվածություն: Երկու դեպքում էլ անթույլատրելի է սույն գործով Ձեր հետագա մասնակցությունը, ուստի պետք է ինքնաբացարկ հայտնեք կամ բարձրացրած հարցերին պատճառաբանված հիմնավորում տաք»,- նշել է նա ինքնաբացարկի միջորդության մեջ: Դատավորը չի ընդունել ինքնաբացարկը՝ ասելով, թե ինքը չի խախտել դատավարության մասնակիցների հավասարության և մրցակցության սկզբունքները:

Մյուս կոպիտ խախտումը, ինչպես նշում է փաստաբանը, դատավոր Է. Ավետիսյանն արել է ապացույցների հետազոտման փուլում. ապացույցների հետազոտում չի իրականացրել: Այսինքն՝ լսել է հայցվորի ներկայացուցչին, պատասխանողի ներկայացուցչին, երրորդ անձին և նրա ներկայացուցչին և որոշել է ավարտել դատաքննությունը ու հայտարարել վճռի հրապարակման օրն ու ժամը:

«Ապացույցների գնահատման և հետազոտման փուլ, ըստ էության, տեղի չի ունեցել, իսկ ես առարկություններ ունեի ներկայացված ապացույցների վերաբերյալ և դատարանին հայտնել էի՝ «չգիտեմ՝ ա՞յս փուլում անդրադառնամ, թե՞ ապացույցների գնահատման փուլում», սակայն այդպես էլ չկարողացա տեսակետ հայտնել, քանի որ դատավորը հայտնեց, թե՝ «ապացույցների գնահատման փուլում», սակայն այդպես էլ այդ հարցին չանդրադարձավ: «Ի՞նչ է սա, եթե ոչ օրենքի կոպիտ խախտում»,- հարցնում է փաստաբանը:

Թվարկված անօրինականություններով, որոնք ԱԽ-ն «օրենքի ոչ կոպիտ խախտում» է համարում, դատավորը խախտել է կողմերի հավասարության սկզբունքը, որն էլ հանգեցրել է երրորդ անձի իրավունքների խախտմանը:

Դատավարական խախտումները արտասովոր չեն Հայաստանի դատական պրակտիկայում, և չենք կասկածում, որ Արդարադատության խորհուրդը նմանատիպ բողոքներ ամեն օր է ստանում: Սակայն այս հրապարակման մեջ նշված օրինախախտումներն ուշագրավ են նրանով, որ դատավոր Էդիկ Ավետիսյանը այդ կերպ հնարավորություն է ունեցել վեճը լուծել հօգուտ իր գործընկերոջ:

Այս գործով հայցվորն ու պատասխանողը Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վլադիմիր Գրիգորյանի զավակներն են, իսկ քաղաքացիական գործով երրորդ անձ ճանաչվածը՝ նրանց նախկին փեսան:

Հնարավոր չէ՞, որ դատավոր Էդիկ Ավետիսյանը սուբյեկտիվություն դրսևորեր իր գործընկերոջը գոհացնելու համար: Արդյոք այս միակ հիմքը բավարար չէ՞ր, որ ԱԽ-ն շեղվեր իր ավանդական գործելաոճից և քննության առներ փաստաբանի ներկայացրած դիմումը, թեկուզև պարզելու համար՝ արդյոք դատավորներ Է. Ավետիսյանն ու Վլադիմիր Գրիգորյանը «Դատավորների վարքագծի կանոնները» խախտե՞լ են:

Լրագրող Սառա Պետրոսյան

Արդարադատության խորհուրդը պետք է բացատրության տա, թե ինչու է մերժում բողոքները

Կարդացեք նաև