Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

ՍԵՐՆԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ՀԱՍՈՒՆԱՑՄԱՆ ՄԻԱԿ ՃԱՆԱՊԱՐՀ

08.01.2012


«Այն, ինչ մի ժողովրդի համար, նրա որոշ հասակում, բարերար սննդամիջոց է, մեկ ուրիշի համար կարող է թույն համարվել, ուստի ժողովրդի համար լավ է միայն այն, ինչ բխում է նրա սեփական էությունից:» (Զրույցներ Գյոթեի հետ: Էքերման, Երևան 1975):

Այս խոսքերը ասվել են հռչակավոր գրող Գյոթեի կողմից և ներկա ժամանակներում կարդալով այն չի կարելի չընդունել դրա ճշմարտացիությունը:

Ժողովրդի հասակ, ինչ է դա, եթե ոչ հավաքական մտածողության ձև, որը դրսևորվում է ժողովրդի վարքագծում: Ասել կուզի, կոնկրետ ժողովրդի մեծամասնության վարքագծից կարելի է դատել նրա որոշակի հասակի մասին: Իր հերթին, հասակը ճշմարտապես որոշելուց հետո, կարելի է հստակ եզրակացություն կազմել այդ ժողովրդի ապրելակերպի արդարացիության վերաբերյալ:

Ըստ իմ պատկերացման, պետությունը կամ ավելի ճիշտ ժողովուրդը, որն ապրում է որոշակի տարածքում, նման է ընտանիքի: Բնականաբար ընտանիքում կան որոշակի կանոններ, որոնցով ընտանիքի անդամները հարաբերվում են միմյանց հետ: Պարզելու համար մեր ընտանիքի՝ Հայաստանի կանոնները, ես մի փոքր անդրադարձ պետք է կատարեմ ոչ վաղ անցյալին, որպեսզի հասկանանք մեր ընտանիքի կանոնների հիմնական ծագումնաբանությունը, որից էլ կարող ենք հասկանալ, ի վերջո դրանք (կանոնները) մեր էության և մեր հասակին համապատասխանող կանոններ են, թե ոչ:

Հայաստանն, անջատվելով Խորհրդային Միությունից, հրաժարվեց իր այն կանոններից, որն իրեն պարտադրում էր Մոսկվան: Այս առումով Հայաստանը փորձեց ստեղծել իր սեփական կանոնները: Անկախացման նախնական փուլում Հայաստանն իր կանոնները մշակում էր հիմք ընդունելով ԱՊՀ մոդելային օրենքները, իսկ այնուհետև՝ 2001 թվականից սկսած, հիմք է ընդունում եվրոպական օրենքները: Մինչ 2005 թվականը, երբ նախապատրաստվում էր ՀՀ Սահմանադրության փոփոխությունները (ոչ Արմեն Հարությունյանի ներկայացրած) ես որպես «Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ մասնակցում էի ԱԺ քննարկումներին:

Դեռ այդ ժամանակ սեղանին դրված էր Սահմանադրության նախագծերի երեք տարբերակ՝ Արշակ Սադոյանի կիսատ և թերի սահմանադրության նախագիծը, Գուրգեն Արսենյանի նախագիծը և Հանրապետական կուսակցության նախագիծը: Պետք է ասեմ, որ այդ երեքից որևէ մեկը որևէ աղերս չուներ ներկա Սահմանադրության հետ: Իսկ ինչպես հրապարակ իջավ ներկա Սահմանադրությունը: Շատ պարզ. պատկերավոր ասած գնաց Եվրոպա և վերադարձավ Հայաստան՝ ներկա տեսքով: Այնուհետև այն դրվեց հանրաքվեի: Ժողովրդի մեծ մասն ընդդիմության կոչով չմասնակցեց քվեարկությանը, սակայն այն ընդունվեց: Արձանագրելով փաստերն այնուամենայնիվ ես՝ որպես իրավաբան, բավականին բարձր եմ գնահատում մեր ներկա Սահմանադրությունը և կարծում եմ, որ այն լավագույներից մեկն է:

Սահմանադրության փոփոխություններից՝ 2005 թվականից հետո, Հայաստանում կանոններն էլ ավելի ուժեղ թափով սկսվեցին եվրոպականացվել, որն ընթանում է մինչ օրս: Թե ինչքանով ժողովուրդը կապ ունի այդ կանոնների հետ, երևում է իշխանական երեք թևերից, երբ «Հանրապետական» կուսակցությունից կազմված կառավարությունն օրենքները ուղարկում է ԱԺ, «Հանրապետական» կուսակցությունից կազմված մեծամասնությունն ընդունում է այդ օրենքները և «Հանրապետական» կուսակցությունից ընտրված նախագահը վավերացնում է դրանք: Ընդ որում «Հանրապետական» կուսակցության ընտրություններում արդար հաղթանակելը հասարակության մեջ խիստ կասկածելի է թվում:

Ինչևէ, չխորանալով դրա մեջ, պետք է փաստեմ, որ թեև կանոնները եվրոպականացվում են, բայց դրանից ժողովրդի վարքագիծը չի փոխվում: Եվ հիմա մենք ունենք մի իրավիճակ, երբ կանոնների և ժողովրդի միջև առկա է մի մեծ տարածություն, որը միանշանակորեն չի բխում ժողովրդի էությունից:

Այդ տարածությունը դրսևորվում է կյանքի բազմաթիվ ոլորտներում սկսած հետիոտնային անցումներում կարմիր լույսի տակով անցնող հետիոտների վարքագծից մինչև ընտրություններում կաշառք վերցնող ընտրողներից: Անարդարությունից անվերջ բողոքողներից, սակայն իր գործով դատավորին, քննիչին, դատախազին կաշառք առաջարկողներից: Հայրենասիրություն քարոզողներից, սակայն բանակում մեկ օր չծառայածներից, դպրոցներում երեխաների ծնողներից գումար վերցնողներից մինչև ստրուկի հոգեբանություն ունեցող ծնողի կողմից գումար տալուն, միայն այն բանի համար, որ իր երեխայի գնահատականը բարձր լինի, անվերջ իշխանությունների վարած քաղաքականությունից բողոքողների, սակայն երբեք որևէ հանրահավաքի չմասնակցածներից (էլ չեմ ասում իր հայացքների համար դատապարտվածների), քրիստոնեությունն առաջինն ընդունելու վերաբերյալ անվերջ խոսացող գլուխգովաններից, սակայն երբեք Աստվածաշունչ չկարդացածներից և այլն և այլն:

Ցավոք նմանատիպ վարքագիծ ունեցողները մեր իրականությունում դեռևս շատ են և այդ պատճառով է, որ չի փոփոխվում կյանքի որակը, երբ այդ բալանսը կփոփոխվի հոգուտ մյուս թևի, կյանքի որակի բարձրացումը անխուսափելի կլինի:

Իրականում, երբ շփվում ես հասարակության տարբեր շերտերի հետ տեսնում ես, որ ժողովրդի գերակշռող մասի իրական վարքագիծը չի համապատասխանում ընդունված կանոններին: Ասել կուզի, մեծամասնության հասակը չափից ավելի նվազ է, որպեսզի կյանքում իրական որակական փոփոխություններ տեղի ունենան:

Հավատացեք, իշխանություններին պատվեր տվողը հենց նույն այդ հասարակությունն է և եթե իրական փոփոխություններ տեղի ունենան անձանց մտածելակերպում, ապա այդ հասարակությանը չհամապատասխանող ցանկացած իշխանություն ժամերի ընթացքում դուրս կթռչի իր տեղից: Բայց ավաղ, իմ խորին համոզմամբ, անձանց մտածելակերպում փոփոխություններ, որպես կանոն, տեղի է ունենում միմիայն սերնդափոխության միջոցով և այս առումով թերևս ժամանակ է հարկավոր: Բայց մինչ այդ ժամանակը կգա պետք է զգույշ լինել ցանկացած կանոն գրելիս և պարտադիր հաշվի առնել սեփական ժողովրդի հասակը, և «Ընտանիք» չներմուծել այնպիսի կանոններ, որոնք չեն համապատասխանում այդ հասակին:

Ամփոփելով հոդվածս՝ պետք է նշեմ, որ քանի դեռ հասարակությունում կան բազմաթիվ մարդիկ, ովքեր մեքենայի համընկնող համարանիշներին աստղաբաշխական գումարներ են տալիս, այդ հասարակարգում դեռևս վաղ է եվրոպական կանոններ ներմուծելը, քանի որ Եվրոպայում վաղուց ի վեր մեծահարուստները հեծանիվ են վարում:

Գևորգ Գյոզալյան

Կարդացեք նաև