Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Հսկիչ դրամարկղների կիրառման անհամատեղելիությունը փաստաբանական գործունեության հետ

04.11.2010


Ինչպես հայտնի է Կառավարությունը փոփոխում է «Հսկիչ դրամարկղների կիրառման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածը, որով ուժը կորցրած է ճանաչում այդ օրենքի 2-րդ մասի «ժգ» կետը ըստ որի հսկիչ-դրամարկղային մեքենա (այսուհետ ՀԴՄ) կիրառելը փաստաբանների եւ նոտարների համար պարտադիր չէր: Այլ կերպ ասած, եթե այդ օրենքը ընդունվի, ապա փաստաբանները եւ նոտարները եւս պարտավոր կլինեն կիրառել ՀԴՄ եւ այդ օրենքը իր ամբողջ ուժով կտարածվի նշված անձանց վրա:

Ինքնին կարելի է փաստել, որ ՀԴՄ կիրառելը բխում է ձեռնարկատիրական հարաբերությունների անհրաժեշտությունից եւ վարչարարության արդյունավետության բարձրացումից` կառավարության տեսանկյունից: Այս առումով Կառավարությունը իր օրենքի նախագծի հիմնավորման մեջ նշել է «Նախագծի մշակումը պայմանավորված է հսկիչ-դրամարկղային մեքենաներով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկատվության տրամադրման եւ հասույթների լիարժեք հաշվառման նկատմամբ հարկային վարչարարության արդյունավետության բարձրացման անհրաժեշտությամբ:»:

Քանի որ Հայաստանում փաստաբանությունը ոչ բարով համարվում է նաեւ ձեռնարկատիրական գործունեություն, ուստի կառավարությունը ցանկանում է հսկել փաստաբանի օրվա կտրվածքով ունեցած շարժը: Այս առումով կարծես թե ամեն ինչ նորմալ է: Բայց սա միայն առաջին հայացքից:

Եվ այսպես, սկսենք նրանից, որ այսպես ասած շան գլուխը թաղված է ոչ թե բուն օրենսդրական փոփոխության նախագծի մեջ այլ կոնկրետ տվյալ օրենքի: Իսկ ավելի կոնկրետ «Հսկիչ դրամարկղների կիրառման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ Օրենք) 7-րդ, 9-րդ եւ որոշ դեպքերում նաեւ 11-րդ հոդվածների մեջ:

Մասնավորապես, Օրենքի 7-րդ հոդվածի գ/ կետը ի թիվս այլի սահմանում է «Կազմակերպությունները եւ անհատ ձեռնարկատերերը, որոնք կիրառում են հuկիչ-դրամարկղային մեքենաներ, պարտավոր են`… uույն oրենքի 9-րդ հոդվածով նախատեuված հuկողության իրականացման նպատակով ապահովել հարկային մարմինների պաշտոնատար անձանց անարգել մուտքը դեպի համապատաuխան հսկիչ-դրամարկղային մեքենան եւ տրամադրել սույն պարբերությունում նշված փաuտաթղթերը:»:

Նույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի գ/ կետը սահմանում է «Հարկային մարմինները`… ստուգում են հսկիչ-դրամարկղային մեքենաներին վերաբերող փաստաթղթերը, անհրաժեշտության դեպքում պահանջելով տվյալներ եւ այլ տեղեկություններ, բացատրություններ, տեղեկանքներ, որոնք անմիջականորեն առնչվում են իրենց իրավասության շրջանակներում իրականացվող ստուգման նպատակներին.»:

Իսկ նույն Օրենքի 11-րդ հոդվածը սահմանում է բավականին զգալի տուգանքներ, որի միջոցով լիովին հնարավոր է փաստաբանական գրասենյակը հասցնել սնանկացման եզրին: Փաստորեն, եթե տվյալ Օրենքը տարածվի փաստաբանական համայնքի վրա, ապա հարկային մարմինները կարող են բացառապես օրինական հիմքերով ցանկացած ժամանակ ներխուժել փաստաբանական գրասենյակ եւ պահանջել որպեսզի փաստաբանը ներկայացնի ասենք տարվա, ամսվա, օրվա կտրվածքով կնքված բոլոր պայմանագրերը եւ բոլոր փաստաթղթերը, որոնք հիմք են հանդիսացել հաճախորդից գումար գանձելու, ինչպես նաեւ տալ բացատրություններ, տրամադրել տեղեկանքներ եւ այլն:

Ցավոք սրտի նախագիծ կազմողները հաշվի չեն առել մի նրբություն ինչն առանձնահատուկ է դարձնում փաստաբանական գործունեությունը գործունեության այլ տեսակներից ինչպիսիք են օրինակ, մանրածախ առեւտուրը, վարսավիրի եւ կոշկակարի ծառայությունները եւ նմանատիպ այլ գործունեություններ: Տվյալ դեպքում մենք գործ ունենք «փաստաբանական գաղտնիք» կոչվող հասկացության հետ, որի միջամտությունը պետական այրերի կողմից կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ արդարադատության իրականացման գործում:

• Փաստաբանական գաղտնիքը, որպես ֆունդամենտալ իրավունք.

Ինչպես հստակ սահմանված է մի շարք եվրոպական դատարանների որոշումներում, փաստաբանական գաղտնիքը հանդիսանում է ֆունդամենտալ իրավունք և ունի նախապատվություն այն ծավալով, որով հարկային վարչարարությունը չի կարող իրականացվել «ամեն գնով»՝ ի հաշիվ փաստաբանական գաղտնիքի: Այս համոզմունքը հիմնված է նրանում, որ դատարանները հստակ սահմանում են, որ փաստաբանական գաղտնիքը հանդիսանում է ֆունդամենտալ իրավունք, որը երաշխավորվում է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» 6-րդ (Արդար դատաքննության իրավունք) և 8-րդ (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) հոդվածներով:

Այս առումով ես կվկայակոչեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներից միայն մեկը՝ Նիմիցն ընդդեմ Գերմանիայի գործով, որում Դատարանը մասնավորապես նշել էր. «…կապված դրա հետ (փաստաբանական գաղտնիքի) անհրաժեշտ է հիշեցնել, որ միջամտությունը փաստաբանի մասնագիտական գաղտնիքին կարող է ունենալ հետևանքներ արդարադատության իրականացման գործում, դրանով իսկ խախտելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածով երաշխավորված արդար դատաքննության իրավունքը: Որպես լրացում սրա նաև պետք է նշել, որ միջամտությունը փաստաբանական գաղտնիքին կարող է ունենալ նեգատիվ ներգործություն ինչպես փաստաբանի հաճախորդի մոտ, այնպես էլ հասարակությունում ընդհանրապես:»:

Իսկ գործը վերաբերվում էր նրան, որ պատկան մարմինները ստուգումներ էին իրականացրել փաստաբանական գրասենյակում: Այս ամենին ինձ մնում է գումարել նաեւ ՄԱԿ-ի շրջանակներում ընդունված «Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքները», որի 22.-րդ կետը սահմանում է, որ, «Կառավարությունները ընդունում եւ ապահովում են իրավաբանների եւ նրանց հաճախորդների ցանկացած հարաբերությունների ու խորհրդատվությունների գաղտնի բնույթը` նրանց մաuնագիտական առնչությունների շրջանակներում:», իսկ 16-րդ կետի գ/ ենթակետը սահմանում է` «Կառավարություններն ապահովում են, որպեսզի իրավաբանները …, վարչական, տնտեսական կամ այլ պատժամիջոցների չենթարկվեն` ընդունված մասնագիտական պարտականություններին, նորմերին ու բարոյականությանը համապատաuխան ցանկացած գործողության համար, ինչպես նաեւ չենթարկվեն նման հետապնդման եւ պատժամիջոցների սպառնալիքների:»:

Ակնհայտ է, որ տվյալ նախագծի ընդունմամբ կանաչ լույս կվառվի հարկային ծառայողների համար առանց որեւէ դժվարությունների մուտք գործել փաստաբանական գրասենյակներ եւ ՀԴՄ կոչված անվան տակ ստուգել թե կոնկրետ օրինակ, վարչապետ Տիգրան Սարգսյանը որ փաստաբանական գրասենյակում է ստացել իրավաբանական խորհրդատվություն եւ ինչ հարցի վերաբերյալ: Սա կարծում եմ պարզ է ինչպես աստծու օրը:

Պարզ է նաեւ, որը սրանով մենք կթաղենք փաստաբանական գաղտնիքը որպես այդպիսին:

• Փաստաբանի գործունեության արդյունքը որպես իրավական պետություն կառուցելու երաշխիք

Ինչպես հայտնի է փաստաբանական գործունեության գլխավոր հիմնասյուներից է նրա անկախությունը եւ կոնֆինդենցիալ բնույթը: Պարզ է որ, որքան շատ լինեն վարչական լծակներ փաստաբանների վրա այնքան շատ այդ երկիրը կլինի մեղմ ասած ոչ իրավական: Ավելին փաստաբանական գործունեություն ծավալելու համար փաստաբանի համար կարեւոր է իր վստահորդի վստահությունը, որի բացակայության դեպքում ընդհանրապես անիմաստ է խոսել փաստաբանական ծառայությունների մասին: Վերը ես Տիգրան Սարգսյանի օրինակով բերեցի, որ շատ հեշտությամբ փաստաբանի գաղտնիքը կարող է դառնալ հանրության գաղտնիքը, իսկ այդ դեպքում հաճախորդը այլեւս կվստահի ոչ թե փաստաբանին այլ հանրությանը:

Այս առումով հատկանշական է 23.01.2008թ.-ի Բելգիայի սահմանադրական դատարանի որոշմամբ արտահայտված այն միտքը ըստ որի փաստաբանական գաղտնիքը հանդիսանում է ֆունդամենտալ սկզբունք, քանի որ փաստաբանական գործունեությունը և փաստաբանի կարգավիճակը ունեն յուրահատուկ սպեցիֆիկա համեմատած այլ մասնագիտությունների հետ: Վկայակոչված որոշումը հստակ ընդգծում է, որ հաճախորդի շահերի պաշտպանության համար անհրաժեշտ է հաճախորդի վստահությունը իր փաստաբանի նկատմամբ, իսկ դա չի կարող ապահովվել առանց այն երաշխիքի, որ բոլոր փաստերը, որոնք հաճախորդը հայտնում է փաստաբանին կարող է բացահայտվել երրորդ կողմի համար (Իմ բերած օրինակում այդ փաստերը ակնհայտորեն բացահայտվում են երրորդ կողմի համար ընդ որում կատարյալ օրենսդրական հարմոնիայի մեջ):

Արդյունքում Բելգիայի սահմանադրական դատարանը սահմանեց, որ փաստաբանական գաղտնիքին վերաբերվող ցանկացած միջամտություն պետք է լինի հիմնավորված և իրականացվի միայն բացառիկ դեպքերում:

Պետք է փաստել նաև, որ այս ամենի զարգացման տեմպերը տանում են նրան, որ եվրոպական դատարանի, ինչպես նաեւ եվրոպական երկրների սահմանադրական դատարանների բազմաթիվ որոշումները հիմք են հանդիսանում ներպետական օրենսդրությունների այնպիսի կառուցման համար, ըստ որի նվազագույնի են հասցված փաստաբանական գործունեության նկատմամբ պետական միջամտությունը թե հարկային վարչարարության տեսանկյունից եւ թե փողերի լվացման պայքարի տեսանկյունից:

Ինչպես արդեն իսկ նշել եմ վերը, այս համոզմունքը հիմնված է նրանում, որ դատարանները հստակ սահմանում են, որ փաստաբանական գաղտնիքը հանդիսանում է ֆունդամենտալ իրավունք, որը երաշխավորվում է «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի» 6-րդ (Արդար դատաքննության իրավունք) և 8-րդ (Անձնական և ընտանեկան կյանքը հարգելու իրավունք) հոդվածներով:

• Ամփոփում

Այսպիսով, եթե վերլուծվող օրենքի նախագիծը դառնա օրենք, ապա համոզված եմ մենք կթաղենք առանց այն էլ վերակենդանացման բաժնում գտնվող փաստաբանական ինստիտուտը: Մի առիթով ես նշել էի, որ փաստաբանի գործունեությունից մենք պետք է ոչ թե պետության բյուջեն լցնենք այլ իրավական պետություն կառուցենք: Նման պայմաններում կարծում եմ պետությունը ինքը պետք է որոշի փաստաբանական գործունեությունը ծառայեցնի նրան, որ պետությունը իրավական դառնա թե ծառայեցնի նրան, որ բյուջեն լցվի: Եթե առաջինը, ապա հույսեր կան, որ Հայաստանը այնուամենայնիվ կդառնա իրավական պետություն, իսկ եթե երկրորդը, ապա կպատասխանեմ Տիրոջ խոսքերով. «Այն քարը որը անարգեցին շինողները անկյունաքար եղավ, ով ընկնի այդ քարի վրա կփշրվի եւ ում վրա ընկնի այն կճզմի նրան»:

Կարդացեք նաև