Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Ցուցում կատարողները չեն պատժվում

19.06.2010


Վերջերս ՀՀ արդարադատության խորհուրդը կարգապահական վարույթներ էր հարուցել ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Յուրի Բաղդասարյանի, Երեւան քաղաքի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Ալվարդ Հունանյանի եւ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր՝ Արմեն Խաչատրյանի նկատմամբ: Այս դատավորները կոնկրետ գործեր քննելիս կիրառել էին ուժը կորցրած եւ հակասահմանադրական օրենքներ, ինչն էլ առիթ էր հանդիսացել նրանց նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցելուն: Նշված վարույթների շրջանակներում դատավոր Յու. Բաղդասարյանը ենթարկվել էր կարգապահական պատասխանատվության՝ աշխատավարձի 25 տոկոսի պահմամբ՝ վեց ամիս ժամկետով, իսկ դատավորներ Ա. Հունանյանն ու Ա. Խաչատրայնը կարգապահական պատասխանատվության չէին ենթարկվել եւ ԱԽ-ն բավարարվել էր միայն հարցի քննարկմամբ:

Առաջին հայացքից կարծես թե ամեն ինչ նորմալ է, սակայն դա միայն առաջին հայացքից, քանի որ երբ մենք ուսումնասիրում ենք վերը նշված որոշումներն, ապա ավելին քան ակնհայտ է դառնում, որ համանման խախտումներ թույլ են տվել նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի դատավորները՝ «Ա1+» հեռուստաընկերության գործով եւ դրա համար որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել, ասել կուզի մարդիկ կոնկրետ ցուցում են կատարել, իսկ ցուցում կատարելու համար Հայաստանում ինչպես հայտնի է չեն պատժվում:

Երբ ԱԽ-ն 2010թ.-ի փետրվարի 19-ին կարգապահական տույժի ենթարկեց Յու. Բաղդասարյանին, ես դիմում-առաջարկ հորդորանքով դիմեցի ԱԽ-ին եւ Վճռաբեկ դատարանի նախագահին առաջարկելով պաշտոնապես ներողություն խնդրել բոլոր այն անձանցից, որոնց նկատմամբ կիրառվել է ուժը կորցրած օրենք եւ այն տեղադրել ՀՀ վճռաբեկ դատարանի եւ արդարադատության նախարարության կայքէջերում, քանի որ նույն Վճռաբեկ դատարանը «Ա1+» հեռուստաընկերության գործով կիրառել էր հակասահմանադրական օրենք: Այս փաստը անառարկելի իրողություն է, քանի որ դրա մասին հստակ խոսել է ՀՀ սահմանադրական դատարանն իր թիվ ՍԴՈ 866 որոշման մեջ: Այդ դիմումի կապակցությամբ ԱԽ-ն ինձ տվեց ինչ-որ լղոզված պատասխան, ըստ որի իմ կողմից հիշատակված գործը գտնվում է Վճռաբեկ դատարանի վարույթում, ուստի Վճռաբեկ դատարանը իր դիրքորոշումը դեռ կարտահայտի: Սակայն չի կարելի ասել, որ այդ դիմում-առաջարկ, հորդորանքից հետո ԱԽ-ի դիրքորոշումը համանման գործերով չփոխվեց, քանի որ կոնկրետ դատավորներ Ա. Հունանյանն ու Ա. Խաչատրյանը կարգապահական պատասխանատվության չենթարկվեցին եւ նրանց աշխատավարձից պահումներ չկատարվեցին, թեպետեւ նրանք նույնպես կիրառել էին հակասահմանադրական եւ ուժը կորցրած օրենքներ՝ ինչպես դատավոր Յու. Բաղդասարյանը: Դատավորների կողմից ուժը կորցրած օրենքների կիրառումը ԱԽ-ն իր վերջին երկու որոշումների մեջ փորձել է պատճառաբանել նրանով, որ. «… դատավորին թյուրիմացության մեջ է գցել ՀՀ օրենսդրական դաշտի ոչ պաշտոնական աղբյուր հանդիսացող՝ Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգում (www.arils.am, www.laws.am, www.legislation.am) հրապարակված «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի ինկորպորացիան …, որը չի համապատասխանում «Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում» հրապարակված օրենքի տեքստին:»: Ըստ էության սրանով ԱԽ-ն փորձել է «մաքրել» նաեւ Վճռաբեկի դատավորներին՝ «Ա1+» հեռուստաընկերության գործով: Սակայն ստացվում է, որ ԱԽ-ի պատճառաբանությունից կարելի է եզրակացնել, եթե ադրբեջանական հատուկ ծառայություններին մի օր հաջողվի կոտրել վերը նշված կայքերը եւ այնտեղ տեղադրել ոչ հայանպաստ օրենքներ, ապա մեր դատավորները անվերապահորեն կարող են կիրառել դրանք, այնուհետեւ արդարանալ, որ «դե մենք ի՞նչ մեղք ունենք, այդ կայքերում այդպես են տեղադրված օրենքները»:

Ըստ էության սա ցույց է տալիս, որ մեր «պրոֆեսիոնալ» դատավորները չեն հետեւում ԱԺ-ի նիստերին, ՍԴ-ի որոշումներին, առավել եւս ՄԻԵԴ-ի որոշումներին, նրանք միայն հետեւում են ցուցումներին, ինչը արդարությանը դեմ չգնալու համար պետք է փաստենք, որ շատ լավ սերտում եւ կիրառում են:

Իրավական նորմալ երկրում, եթե դատավորը (առավելեւս վճռաբեկ դատարանի դատավորը) կիրառեր հակասահմանադրական օրենք, ապա նա նվազագույնը պետք է ենթարկվեր խիստ կարգապահական պատասխանատվության, իսկ մեր երկրում հարազատ ժողովրդից անգամ ներողություն խնդրելն է անպատվաբեր: Արդյունքում այսօր առավել քան ակնհայտ է, որ Վճռաբեկ դատարանի դատավորները կիրառել են հակասահմանադրական օրենք եւ որեւէ մեկը դրա համար պատասխանատվության չի ենթարկվել, ավելին նույն ԱԽ-ն, որը իբր թե անաչառ մարմին է, ջանք չի խնայում հիմնավորելու ու բացատրելու համար, որ չի կարելի կիրառել հակասահմանադրական օրենք, բայց եւ չգիտես ինչու իմ դիմում-առաջարկ հորդորանքից հետո այլեւս հակասահմանադրական օրենք կիրառելու համար դատավորներին չի պատժում եւ բավարարվում է միայն հարցի քննարկմամբ: Շեշտեմ, որ հակասահմանադրական օրենք կիրառել է մի դատարան, որը ՀՀ-ում կոչված է ապահովելու օրենքի միատեսակ կիրառությունը: Ասել կուզի, վա՜յ այն երկրին, որի վճռաբեկ դատարանը կիրառում է հակասահմանադրական օրենքներ եւ ձեւավորում է օրենքի միասնական կիրառության համակարգ:

Կարծում եմ այս դեպքում լիովին արդարացված է մեր քաղաքացիների վերաբերմունքը ՀՀ դատական ատյանների նկատմամբ եւ առավել եւս ՀՀ վճռաբեկ դատարանի նկատմամբ: Իսկ միգո՞ւցե դատարանները լուծարենք եւ դրանց տեղը նշանակենք տեղական ֆեոդալների՞: Գոնե այս դեպքում բյուջեի վրա ծանրություն չի ընկնի, սակայն այս դեպքում էլ հարց է առաջանում, իսկ ո՞վ պետք է ուտի տարբեր երկրների եւ կառույցների կողմից այդ համակարգին տրվող գրանտները:

Կարդացեք նաև