Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Թե՞ փողի իրավունք

26.01.2007


Որքանով այն կնպաստի իրավունքի զարգացմանը, թերեւս ցույց կտա ժամանակը: Սակայն հանուն օբյեկտիվության պետք է նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում նման օրենսդրական փոփոխություններ բազմիցս են եղել, բայց դրանից կյանքը դեպի դրականը չի փոխվել, եւ ուրեմն ինչո՞ւմն է խնդիրը:

Հայաստանը իր պատմության մեջ մեծամասամբ հանդես է եկել որպես թույլ պետություն, եւ հետեւաբար նա պետականորեն չի ունեցել ինքնուրույն, իր ժողովրդի էությունից բխող իրավական քաղաքակրթություն:

Հայաստանը հիմնականում ընդօրինակել է այն այլ պետություններից (Պարսկաստան, Հռոմ, Բյուզանդիա, Ռուսաստան եւ այլն), եւ առանց հաշվի առնելու, թե արդյոք դրանք բխո՞ւմ են իր ժողովրդի էությունից, փորձել է կիրառել այն:

Իհարկե, եղել են առանձին դեպքեր, երբ կոնկրետ անհատներ մշակել եւ հրապարակ են նետել լուրջ աշխատություններ, բայց դրանք ապագա չեն ունեցել երկրում իշխանությունների բացակայության պատճառով, եւ հետագայում էլ այդ աշխատությունները ինքնագովասանքի ոլորտից դեպի իրական կյանք չեն տեղափոխվել: Պետք չէ բացել պատմության դասագրքերը, որ համոզվենք դրանում. բավական է նայել այսօրվա մեր կյանքում տեղի ունեցող իրադարձություններին, եւ ամեն ինչ կպարզվի, քանի որ Հայաստանը իր գոյության ընթացքում պատմությունից դասեր չի քաղել, ուստի նա ընթանում է այնպես, ինչպես ընթացել է իր ամբողջ գոյության ընթացքում, եւ ոչ մի բան չի փոխվել նրա քաղաքական կուրսի մեջ:

Հետեւաբար մի բան հստակ է, որ Հայաստանը չունի իրավական քաղաքակրթություն եւ չի էլ փորձում ստեղծել իրենը, ուստի նա դրանք վերցնում է այլ պետություններից:

Այդպիսին էին նաեւ վերջին փոփոխությունները՝ իրավական միասնական պրակտիկա կիրառելու վերաբերյալ:

«Դատական նախադեպ» ինստիտուտը անգլոամերիկյան իրավական համակարգին ներհատուկ ինստիտուտ է, որը այդ երկրներում հանդիսանում է իրավունքի հիմնական աղբյուր: Այդպիսի կողմնորոշման երկրներում օրենքները չեն կատարում այն դերը, ինչպիսին կատարում են մայրցամաքային իրավունքում: Այդ երկրներում բացակայում են կոդիֆիկացված ակտերը՝ օրենսգրքերը: Առանձին ինստիտուտների վերաբերյալ ընդունված օրենքները, որպես կանոն, համակարգման չեն ենթարկվում: Նման պայմաններում վճռորոշ նշանակություն է տրվում նախադեպային իրավունքին, եւ իրավունքի հիմնական աղբյուր են համարվում դատարանի (որպես կանոն՝ վերադաս դատական ատյանների) կայացրած վճիռները, որոնք որոշակի եղանակներով համակարգվում կամ ընդհանրացվում են:

Յուրաքանչյուր նման վճիռ թե՛ նույն, թե՛ մեկ այլ դատարանի կողմից պարտադիր կարգով հաշվի է առնվում նույն տիպի մեկ այլ գործ քննելու ժամանակ: Այդ վճիռները, որպես իրավունքի աղբյուր, ըստ էության կանխորոշում են անգամ «ստատուտային իրավունքի», այսինքն` պետական իրավասու մարմինների կողմից ընդունված օրենքների եւ այլ նորմատիվ ակտերի կիրառման կարգը: ՀՀ-ի պարագայում այդ «կանխորոշիչ» դերը ստանձնել է վճռաբեկ դատարանը, որը իր որոշումներով ստեղծում է նախադեպեր, որոնք պարտադիր են ստորադաս դատական ատյանների համար:

Իհարկե, եթե այս հանգամանքին տեսականորեն մոտենանք, միգուցե գտնենք ինչ-որ դրական բաներ, բայց, ցավոք, մենք դատապարտված ենք այս հարցին գործնականորեն մոտենալ: Իսկ գործնականորեն մենք ունենք հետեւյալ պատկերը:

Օրինակ, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2 հոդվածը սահմանում է, թե որ դեպքերում է վճռաբեկ դատարանը վարույթ ընդունում վճռաբեկ գանգատները, եւ ըստ այդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի՝ «Վճռաբեկ դատարանը բողոքը ընդունում է վարույթ, եթե uտորադաu դատարանի կողմից դատավարական կամ նյութական իրավունքի խախտման արդյունքում հնարավոր դատական uխալը կարող է առաջացնել ծանր հետեւանքներ»:

Այսինքն, եթե վճռաբեկ դատարանը որոշի, որ կոնկրետ դատական սխալ է տեղի ունեցել, որով խախտվել է անձի իրավունքը, բայց հաշվի առնելով, որ այդ իրավունքի խախտումը չի կարող ծանր հետեւանքներ առաջացնել, ապա կարող է վճռաբեկ գանգատը վարույթ չընդունել:

Այստեղ ուղղակի կամայական մոտեցման տեղիք է տալիս «ծանր հետեւանքներ» հասկացությունը, քանի որ այն տարբեր մարդկանց կողմից կարող է ընկալվել տարբեր կերպ, մեկի համար կարող է 50 հազար դրամի կորուստը սովի պատճառ լինել, իսկ մյուսի մոտ` օրվա հաճույքներից զրկվելու պատճառ: Բացի այդ, այսուհետեւ վճռաբեկ դատարանը իրավասություն ունի փոփոխել ստորադաս դատարանի վճիռը եւ դրան տալ օրինական ուժ, այսինքն` էական չէ, թե ինչ վճիռներ են կայացրել ստորադաս երկու դատարանները, էական է այն, թե ինչ վճիռ կկայացնի վճռաբեկ դատարանը:

Ցավոք սրտի, սա միակ օրենքը չէ, որ գրվել է այնպես, որ կարելի է մեկնաբանել ոչ թե մեկ, այլ մի քանի ձեւերով, ինչը չարաշահման, կամայականության տեղիք է տալիս, եւ եթե սրան էլ ավելացնենք այն հանգամանքը, որ մենք աստիճանաբար անցնում ենք անգլոամերիկյան սիստեմին, որը անհամատեղելի է մեր իրավական քաղաքակրթության հետ, ապա մեզ մնում է միայն հուսալ, որ գոնե դատավորի պաշտոնում չհայտնվեն այնպիսի անձինք, որոնք կօգտվեն այդ օրենսդրական խեղաթյուրանքից եւ կձեւավորեն մի ուրիշ տեսակի իրավունք՝ փողի իրավունք:

Կարդացեք նաև