Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

ՓԱՍՏԱԲԱՆԻ ԴԵՐԸ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ

06.09.2009


Նորմալ իրավական պետություններում, արդարադատության իրականացման գործընթացում բավականին մեծ է փաստաբանի դերը: Այս առումով շատ կարեւոր է վերլուծել փաստաբանի վարքագիծը մի շարք օբյեկտիվորեն ձեւավորվող իրավիճակներում: Օրինակ, քիչ չեն դեպքերը, երբ փաստաբանը իրավաբանական օգնություն ցուցաբերելու ընթացքում պարզում է, որ իր պաշտպանյալը իրականում կատարել է այն հանցագործությունն, որի համար նրան մեղադրում են, սակայն պաշտպանյալը այն ժխտում է: Կամ ինչպե՞ս վարվել այն դեպքերում, երբ պաշտպանյալը փաստաբանի առջեւ խոստովանում է իր կատարած հանցագործության մասին, սակայն դատարանում այն ժխտում է, ինչպե՞ս պաշտպանել մարդուն, որի կատարած հանցագործությունը հակասության մեջ է մտնում քո ներքին համոզմունքների հետ, ինչպե՞ս նպաստել նրան, որ մանկահասակ երեխային բռնաբարող հանցագործը հայտնվի ազատության մեջ եւ այլն:

Թերեւս սրանք հարցեր են, որոնք չունեն միանշանակ պատասխաններ, սակայն այստեղ ուղղակի անհրաժեշտ է անդրադառնալ փաստաբանի վարքագծին:

Ինչպես հայտնի է փաստաբան-պաշտպանյալ/վստահորդ հարաբերություններում փաստաբանից պահանջվում է պաշտպանության համառ եւ հետեւողական իրականացում: Պաշտպանի գործունեության մեջ էական դեր է խաղում նրա մասնագիտական էթիկան:

Փաստաբանի բարոյական կասկածների ու տառապանքների մասին իր կարծիքն է արտահայտել ռուս փաստաբան Մ. Կազարինովը փաստաբաններ Ազունովի ու Արոնսոնի գործով: Ըստ նրա «Քրեական գործերի բաժանումը փաստաբանների համար ընդունելիների եւ անընդունելիների, արմատապես սխալ է: Դատարանում փաստաբանության հին ու փորձառու ներկայացուցիչներից մենք լսել ենք համակրելի եւ անհամակրելի գործերի մասին: Համակրելին այնպիսի գործեր են, որոնցում հասարակական խիղճը ամբաստանյալի կողմն է: Նման գործերը արձագանք չի գտնում դատավորների սրտում հետեւաբար արդարացնող դատավճիռն ապահովված է: Սակայն լինում են դեպքեր, երբ ամբաստանյալն խրված է մեղքերի ու հանցանքների մեջ, օրինավորն ու ազնիվն նրանից երես են թեքել, իսկ դատավորների սրտերը լցված են զայրութով: Այս դեպքում մեղադրական դատավճիռն ապահովված է: Նման գործերում անհրաժեշտ է նվիրված եւ անձնազոհ պաշտպանությունն, որի խնդիրն է ամբաստանյալի եւ դատավորի միջեւ վերականգնել խզված բարոյական կապը, ցույց տալ, որ ամբաստանյալը նույնպես մարդ է՝ Աստծո կնիքով եւ աստվածուրաց գծերով, հարկ է նրա նկատմամբ առաջացնել դատողների կարեկցանքը»:

Փաստաբանը կոչված է պաշտպանելու ոչ թե հանցագործությունն, այլ մարդուն, նրա իրավունքներն ու օրինական շահերը, կանխելու չհիմնավորված դատապարտումն ու անարդարացի պատիժը: Փաստաբանի մասնագիտական էթիկայի գործնական նշանակությունը պայմանավորվում է նրանով, որ նա օգտվում է դատական ամբիոնից, որը նրան հնարավորություն է ընձեռում ներազդելու մարդկային զանգվածի գիտակցության վրա: Այստեղից պետք է հետեւեցնել, որ փաստաբանի բարոյական նկարագիրը եւ նրա արժեքային կողմնորոշումները ստանում են անմիջական հասարակական նշանակություն:

Կոնին այս առումով արդարացիորեն գտնում էր, որ քրեական պաշտպանությունն ավելի շատ առիթներ է տալիս պահանջներ ներկայացնելու բարոյական ոլորտից, քան մեղադրողի գործունեությունը, եւ դա ամբաստանյալի ու հասարակության միջեւ առաջացած բարդ ու բազմիմաստ հարաբերությունների պատճառով:

Որպես կանոն դատավարության մասնակիցներից յուրաքանչյուրն իրավասու է գործի նկատմամբ գրավվել այնպիսի դիրք, որը համապատասխանում է իր ներքին համոզմանը մինչդեռ փաստաբանը մի շարք դեպքերում ստիպված է լինում լռեցնել իր ներքին համոզմունքը, քանի որ նա չի կարող հրաժարվել պաշտպանությունից նույնիսկ այն դեպքում, երբ հանցագործության բնույթը լրիվ հակառակ է բարոյական զգացումին: Նման դեպքերում պաշտպանյալի շահերը համաձայն փաստաբանի կոչման պետք է ավելի բարձր դասվեն ճշմարտության շահերից, քանի որ փաստաբանը իր կոչմանը հավատարիմ իրավունք չունի բացահայտելու այն հանգամանքներն որոնք մերկացնում են իր պաշտպանյալին:

Փաստաբանի գործունեությունը դատախազականից տարբերվում է նրանով, որ փաստաբանը պարզաբանում է գործի այն հանգամանքներն, որոնք արդարացնում կամ մեղմացնում են ամբաստանյալի մեղքը: Հիպոկրատի պատվիրանը (առաջինը չվնասել), վերաբերվում է ոչ միայն բժիշկներին, այլեւ փաստաբաններին, որոնք պարտավոր են իրենց գործունեությամբ վնաս չպատճառել պաշտպանյալի շահերին: Այս առումով պետք է փաստել, որ փաստաբանի համար առաջնահերթ խնդիր է իր պաշտպանյալի օրինական շահերը: Այստեղ հատկանշական է նաեւ այն հանգամանքն, որ ի վերջո փաստաբանը արդարադատություն իրականացնող մարմին չէ եւ վերջնական որոշում կայացնողը միշտ էլ դատարանն է:

Իրավաբանական բացատրական բառարանների մեջ փաստաբանական գործունեությունը բնորոշվում է հետեւյալ կերպ. «Փաստաբանական օգնությունը իրենից ներկայացնում է համալիր գործողություններ, որոնք վստահորդի համար առավել բարենպաստ արդյունքի հասնելու նպատակով ազդեցություն են ունենում իրավահարաբերությունների վրա :»:

Այստեղից էլ պետք է եզրակացնել, որ փաստաբանի գերագույն գլխավոր նպատակը դա իր վստահորդի շահերն են:

ՀՀ փաստաբանության մասին օրենքի 19-րդ հոդվածի 6-րդ կետը սահմանում է, որ փաստաբանը պարտավոր է չկատարել վստահորդի շահերին հակասող որեւէ գործողություն, չընդունել դիրքորոշում՝ առանց նրա հետ համաձայնեցնելու, բացառությամբ այն դեպքերի, երբ փաստաբանը համոզված է պաշտպանյալի ինքնազրպարտության մեջ, հակառակ պաշտպանյալի դիրքորոշման՝ չընդունել դեպքի հետ նրա առնչությունը եւ մեղավորությունը:

Այս առումով պարզ է, որ փաստաբանների համար հաճախորդի շահը ավելին է քան բուն արդարադատությունը: Ընդ որում նմանատիպ նորմ առկա է գրեթե բոլոր զարգացած երկրների օրենսդրություններում:

Իհարկե ես ընդունում եմ, որ շատ մարդիկ կհակադրվեն այս մոտեցմանը, բայց մի բան ակնհայտ է, որ եթե պաշտպանյալը հրապարակայնորեն ժխտում է իր մեղսակցությունը, ապա փաստաբանը օրենսդրորեն կաշկանդված է այն ընդունելու: Տվյալ դեպքում փաստաբանը կարող է հրաժարվել այդ գործից, բայց այն միանշանակորեն կարող է ազդել իր հետագա վարկանիշի վրա:

Մի առիթով ինձ հարցրեցին թե ինչպես եմ ես նպաստելու նրան, որ մեկ տարեկան երեխային վերցնեն մորից եւ հանձնեն հոգեբանորեն անհավասարակշիռ հորը, որը պատրաստվում է այդ երեխային տանել արտասահման եւ նրա դաստիարակությունը հանձնել սոցիալական մարմիններին: Երբ ես մտածեցի այդ հարցի վրա մի պահ սարսափեցի, զգացմունքներս ուղղակի զինված հարձակում իրականացրին մտքիս վրա եւ պատասխան պահանջեցին մտքիցս: Միտքս իհարկե չուներ այդ հարցի պատասխանը: Բայց այն բանից հետո, երբ միտքս ճնշեց զգացմունքների ապստամբությունը ես հասկացա, որ փաստաբանը երբեք չպետք է խորամուխ լինի գործի բարոյական մասի մեջ, դա փաստաբանի համար ճահիճ է, որից նա դժվարորեն կարող է դուրս գալ: Զգացմունքային դաշտում փաստաբանը անխուսափելիորեն ջախջախվելու է եւ զգացմունքը փաստաբանի համար թույն է, ուստի ըստ իս փաստաբանը կոնկրետ գործի զգացմունքային մասը պետք է թողնի բանասերներին եւ լրագրողներին: Փաստաբանի համար կոնկրետ գործը դա խնդիր է, որը նա պետք է լուծի իրավունքի շրջանակներում ուշադրություն չդարձնելով այդ գործում հանդես եկող անձանց: Այս խնդրի լուծման համար փաստաբանը կարող է օգտագործել օրինական կարգով այն ամենը ինչը հնարավորություն կտա բարելավել իր պաշտպանյալի կարգավիճակը: Սրա հետ միաժամանակ, փաստաբանի համար անընդունելի պետք է լինի այնպիսի միջոցներ ինչպիսիք կրում են անօրինական բնույթ (կաշառք, շանտաժ, նենգ միջոցներ եւ այլն):

Կարելի է փաստել, որ բոլոր ժամանակներում փաստաբանները «ոչ ցանկալի» մարդիկ են եղել հատկապես իշխանության ներկայացուցիչների համար: Այս առումով, երբ Ռուսաստանի թագավոր Պետրոս I-ը 1698թ.-ին Անգլիայում այցելեց դատարան այնտեղ տեսավ «օրենսգետներին» այսինքն փաստաբաններին՝ պատմուճանով եւ կեղծամով: Նա հարցրեց՝ «Ովքե՞ր են սրանք եւ ի՞նչ են այստեղ անում» «Սրանք բոլորը օրենսգետներ են Ձերդ Գերազանցություն» - պատասխանեցին նրան: «Օրենսգետնե՞ր – զարմացավ Պետրոսը: - Ինչի՞ համար են նրանք: Իմ ամբողջ թագավորությունում միայն երկու օրենսգետներ կան, որից մեկին, երբ վերադառնամ պետք է կախաղան հանեմ:»: Նույն կարծիքին է եղել նաեւ Եկատիրինա II-ը. «Քանի դեռ ես ողջ եմ փաստաբաններն ու դատախազները ինձ մոտ օրենսդրությամբ չեն զբաղվելու, իսկ իմ մահից հետո կհետեւեն այն սկզբին, որը կհիմնեմ ես:»: Այս առումով նա լիովին ճշմարիտ էր, քանի որ իմպերատոր Նիկոլայի I-ը նույն հաստատակամ ոճով ասում է կնյազ Գոլիցինինին, որը պնդում էր փաստաբանության ինստիտուտի ներդրման անհրաժեշտության մասին. «Ոչ, կնյազ, քանի դեռ ես թագավորելու եմ, Ռուսաստանին պետք չեն փաստաբաններ: Կապրենք նաեւ առանց նրանց»: Իր հայտարարությունների մեջ ավելի առաջ էր գնացել Նապոլեոն Բոնապարտը` «Փաստաբանները դրանք հեղափոխականներ են, հանցագործությունների և դավաճանությունների արտիստներ են: Ես մեծ հաճույքով կկտրեի այն փաստաբանի լեզուն, որը կօգտագործեր այն ընդդեմ կառավարության»:

Վերը նշվածը ցույց է տալիս, որ փաստաբանները հաճախորդների շահերից զատ նաեւ ի լույս են հանում այն մութ գործերն, որոնք իրականացնում են բոլոր ժամանակների իշխանության կրողները, ուստի այդ առումով փաստաբանը կարեւոր դերակատարություն ունի հասարակական կյանքում:

Որպես ամփոփում պետք է նշել, որ փաստաբանի համար առաջնահերթ խնդիր է հանդիսանում իր վստահորդի/պաշտպանյալի շահերը, որը նա պետք է պաշտպանի բոլոր օրինական միջոցներով, միաժամանակ փաստաբանը հանդիսանում է նաեւ իրավունքի զինվոր, քանի որ փաստաբանի գործունեության հետեւանքով տվյալ պետությունը դառնում է առավել իրավական:


Փաստաբան Գեւորգ Գյոզալյան

Կարդացեք նաև