Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

ՄԱՐԴՈՒՑ ԴԵՊԻ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ: ՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ:

28.01.2010


Հասարակական հարաբերություններում անչափ կարեւոր է մարդու ազատությունը: Անձի ազատությունների երաշխավորման գործում բնականաբար գերիշխող դերը պատկանում է տիրապետող դասակարգին՝ պետությանը:

«Մարդուց դեպի պետություն» հասկացության իմաստն այն է, որ պետությունը չի ստեղծում մարդու ազատությունը այլ կոչված է ճանաչելու եւ պաշտպանելու այն հնարավոր ոտնձգություններից: Գոյություն ունի նաեւ այսպես ասած «Պետությունից դեպի մարդ» հասկացությունը որը ներհատուկ է հիմնականում սոցիալիստական ճամբարի երկրներին:

Ըստ այդմ, պետությունն է ստեղծում մարդու իրավունքները եւ ազատությունները իր կողմից հրապարակվող նորմատիվ իրավական ակտերով եւ պաշտպանում է այն: Ասել կուզի պետությունն է որոշում անձի ազատության ընդունելի սահմանաչափը: Այստեղ կարեւոր է նաեւ մեկ այլ հանգամանք՝ կոլեկտիվիզմը:

«Մարդուց դեպի պետություն» հասկացության դեպքում պետությունը ելնում է անձի ազատությունից եւ սահմանափակված է անձի հիմնական իրավունքներով եւ ազատություններով, իսկ «Պետությունից դեպի մարդ» հասկացության պարագայում պետությունը ելնում է կոլեկտիվի շահերից եւ եթե անհրաժեշտ է, պետությունը սահմանափակում է կոնկրետ անհատի իրավունքներն ու ազատությունները հանուն կոլեկտիվի:

Թողնելով սակայն «Պետությունից դեպի մարդ» հասկացությունը փորձենք աղոտ կերպով ուրվագծել «Մարդուց դեպի պետություն» հասկացությունը:

Ինչպես հայտնի է անձի իրավունքներն ու ազատությունները դրանք անհրաժեշտ նախապայմաններն են անձի բնականոն կենսագործունեության համար: Անձի իրավունքների եւ ազատությունների մեջ է հանդես գալիս ազատության այն սահմանաչափը, որը հնարավորություն է տալիս անձի ազատությունը համատեղել այլ անձանց ազատությունների հետ: Այդ ֆորմալ ամրագրված սահմաններում է իրականացվում անձի ինքնորոշումը: Իրական կյանքում հաստատվում են պայմաններ անձի սոցիալական, քաղաքական, տնտեսական, մշակույթային գործունեություն ծավալելու համար: Լիբերալ ուսմունքի համաձայն անձինք իրենց համար ստեղծում են պետություն, որպեսզի վերջինս պաշտպանի անձի ազատությունը: Այս առումով իրավական արժեքների համակարգում մարդկանց ազատությունների պաշտպանության եւ կազմակերպման բարձրագույն արտահայտման ձեւը օրենքն է: Պետությունը օրենքների միջոցով փորձում է ամրագրել օբյեկտիվ իրականությունը եւ դրա միջոցով էլ պաշտպանել անձի ազատությունը:

Պետությունը օրենքներում սահմանում է վարքի ընդհանուր պարտադիր կանոնները: Այդ կանոնները իրավական պետություններում առավելագույնս հաշվի են առնում հավասարության եւ արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակական հարաբերությունների զարգացման օբյեկտիվ պահանջները:

Միեւնույն ժամանակ իրավական օրենքը չի թույլատրում օրենսդրի ինքնակամությունը: Օրենքներում պետք է արտահայտվեն օբյեկտիվորեն ծավալվող հասարակական հարաբերությունները, նրանց զարգացման եւ ինքնաթարմացման միտումները: Տարբեր տեսակի օրենսդրական սահմանափակումներն ու սուբյեկտիվ բնույթի արգելքները խախտում են իրավական պետության հիմքը, արգելակում հասարակական առաջընթացը:

Օրինակ, Հայաստանի Հանրապետությունը իր Հիմնական օրենքի 1-ին հոդվածում սահմանել է՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»: Ուստի ենթադրվում է, որ այն օրենքները որոնք չեն բխում վերը շարադրվածի էությունից ուղղակիորեն խաթարում են իրավական պետության հիմնասյուները:

Անվիճելի է, որ օրենսդրական իշխանությունն օժտված է գերակայությամբ, որովհետեւ այն սահմանում է պետական եւ հասարակական կյանքի իրավական սկզբունքները եւ հետեւաբար, վերջին հաշվով, սահմանում է դատական իշխանությունների իրավական կազմակերպումը եւ գործունեության ձեւերը, որը առանցքային նշանակություն ունի յուրաքանչյուր իրավական պետությունում:

Սակայն, օրենսդիր իշխանության գերակայությունը իրավական պետություններում բաձարձակ բնույթ չի կրում, քանի որ վերջինիս գործունեության սահմանները սահմանափակված են իրավունքի սկզբունքներով, մարդու բնական իրավունքներով, ազատության եւ արդարության գաղափարներով:

Ի տարբերություն Հայաստանի, զարգացած իրավական պետություններում օրենսդիր իշխանությունը գտնվում է ժողովրդի եւ սահմանադրական մարմինների հատուկ հսկողության ներքո, որոնց օգնությամբ էլ ապահովվում է օրենքի համապատասխանությունը գործող սահմանադրությանը:

Իրավական օրենքը ոչ թե օրենսդրի կամքի եւ սուբյեկտիվ հայեցողության արդյունք է, այլ տվյալ հասարակությունում օբյեկտիվորեն ձեւավորվող իրավունքի անհրաժեշտ բաղկացուցիչ մասն է: Օրենսդիրը այս առումով չի ստեղծում իրավունքի բովանդակությունը: Նա, միայն այն ձեւակերպում է նորմերում, արտացոլելով հասարակության զարգացման օբյեկտիվ պահանջները:

Մարդու իրավունքները օրենսդրի «պարգեւը» չէ, այն անձի սոցիալական հնարավորություններն են, որոնք ապահովում են անձի համապատասխան կյանքի մակարդակը: Օրենսդիրը չի կարող արհեստականորեն «իջեցնել» կամ «բարձրացնել» անձի իրավունքների եւ ազատությունների ծավալը՝ կտրված հասարակության օբյեկտիվ իրականությունից:

ՀՀ սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը սահմանում է՝ «Պետությունը սահմանափակված է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:»:

Վերը նշված վերլուծությունը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունն իր պետականաշինության հիմքում դրել է հենց լիբերալ ուսմունքի գաղափարախոսությունը այն է «Մարդուց դեպի պետություն» հասկացությունը եւ դրա վառ ապացույցն է վերը վկայակոչված Սահմանադրության 3-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը: Ակնհայտ է, որ պետությունն իրեն սահմանափակել է մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներով եւ ազատություններով, իսկ դա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունը ստեղծվել է լոկ նրա համար, որպեսզի ապահովի մարդու ազատությունը՝ սահմանված վերը նշված վերլուծության լույսի ներքո ստեղծված օրենքներով:

Ամփոփելով պետք է ասել, որ «Մարդուց դեպի պետություն» դա այն է, երբ անձը ունի լիակատար ազատություն եւ անձի ազատությունը սահմանափակվում է միայն այնտեղ եւ այնքանով, որտեղ եւ որքանով սկսվում է այլ անձի ազատությունն, իսկ պետությունը սահմանափակված է այդ իրավունքներով ու ազատություններով: Ավելին պետությունը կոչված է հետեւելու ու երաշխավորելու անձի իրավունքները սահմանելով համապարտադիր նորմեր, որոնց հիմքում պետք է լինեն անձի ազատությունները եւ իրական կյանքից առաջացած օբյեկտիվ իրականությունը: Միաժամանակ, պետությունը երաշխավորելով անձի ազատությունները եւ պաշտպանելով այն պետք է զգույշ լինել որպեսզի չառաջանա խտրականություն անձանց միջեւ:

Այս առումով էլ դոգմատիկ նշանակություն ունի այն հանգամանքը, որ իշխանություն ներկայացնող տիրապետող դասակարգը պետք է իրապես արտացոլի ժողովրդի վստահությունը, քանի որ ցանկացած ձեւով ոչ արդար ընտրված իշխանությունների դեպքում հօդս է ցնդում ամեն տեսակ իրավունքներ ու ազատություններ:

Սովորաբար պրակտիկա է ումից որ իշխանություն ես ստանում նրան էլ ծառայում ես, քանի որ գիտես, որ նա է քեզ իշխանություն տվողը: Այս առումով բնականաբար, եթե պետության օրենսդիր մարմինը արտահայտի տվյալ պետության ազգաբնակչության շահերը կամ տվյալ պետության ազգաբնակչությունը ներկայացված լինի օրենսդիր մարմնում, ապա բնականաբար այդ երկրի օրենքները կապահովեն կոնկրետ անձի ազատությունը հիմքում ունենալով օբյեկտիվ իրականությունը: Այստեղ մենք կունենանք «Մարդուց դեպի պետություն» մոդելը: Այն դեպքում, երբ օրենսդիր մարմինը չի արտահայտում տվյալ պետության ազգաբնակչության ներկայությունը օրենսդիր մարմնում, ապա արտահայտում է այն նեղ շրջանակի անձանց շահերը, որոնց միջոցով հայտնվել է օրենսդիր մարմնում: Այս դեպքում տվյալ պետությունում խաթարվում է ամեն ինչ եւ տվյալ պետությունը նմանվում է գետում ընկած տաշեղի, որը չի գնում այլ նրան տանում են: Այս դեպքում մենք կունենանք ո՛չ «Մարդուց դեպի պետություն» մոդելը եւ ո՛չ էլ «Պետությունից դեպի մարդ» մոդելը:


ՀՀ փաստաբանների պալատի անդամ
Փաստաբան Գեւորգ Գյոզալյան

Կարդացեք նաև