Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԹԵ՞ ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿ

12.02.2009


Փաստաբանության ծագումնաբանությունը այնքան հին է, ինչքան դատավորության կոչումը: Ինչպես դատավորությունը, այնպես էլ փաստաբանությունը իրենից ներկայացնում է այսպես ասած հասարակական պաշտոն, որի հիմնական խնդիրը կայանում է մարդու իրավունքների պաշտպանությունը: Միաժամանակ, դատավորը այդ իրավունքները պաշտպանում է պետական իշխանության ուժով, իսկ փաստաբանը օգնում է դատարանին արդարադատություն իրականացնելիս ճիշտ կողմնորոշվել փաստերը իրավունքի հետ համադրելիս:

Փաստաբանությունը կոչված է հասարակության, պետության եւ անձանց շահերի հավասարակշռմանը եւ օրինականության պահպանմանը: Այն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն ուղղված է իրավաբանական օգնություն ստացողի հետապնդած օրինական շահերի իրականացմանը՝ օրենքով չարգելված միջոցներով եւ եղանակներով: Հենց այս գաղափարներից էլ բխում են փաստաբանության հիմնական նպատակները, որոնք ընդհանուր առմամբ կարելի է ձեւակերպել հետեւյալ կերպ՝

ա) քաղաքացիական հասարակության եւ իրավունքի գերակայության ամրապնդումը,

բ) վստահորդների շահերի պաշտպանությունը, նրանց որակյալ իրավաբանական օգնության տրամադրումը:

ՀՀ սահմանադրության 20-րդ հոդվածի առաջին պարբերությունը սահմանում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք: Օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:»:

Վերը նշված իրավաբանական իմպերատիվը, ըստ որի յուրաքանչյուր ոք ունի իրավաբանական օգնություն ստանալու իրավունք փաստացի հանդիսանում է յուրաքանչյուր անձի մուտքը դեպի արդարադատություն, որը բնականաբար ապահովվում է փաստաբանների միջոցով: Հենց այս կոնտեքստով է ներկայացված փաստաբանի դերը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից, Գոլդերն ընդդեմ Միացիալ Թագավորության գործով:

Ըստ այդ վճռի Գոլդերը նշում էր, որ փաստաբանին դիմելու իր իրավունքի մերժումը ներքին գործերի նախարարի կողմից հանդիսանում է Կոնվենցիայի խախտում, ըստ որի երաշխավորվում է անձի արդարադատության դիմելու իրավունքը: Դատարանը մեկնաբանելով Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասը, նշված գործով եկել է այն եզրակացության, որ փաստաբանի ծառայություններից օգտվելու անհնարինությունը հանդիսանում է անձի արդարադատության դիմելու իրավունքի խախտում, քանի որ փաստաբանի հետ կոնտակտը հանդիսանում է առաջին քայլը քաղաքացիական գործ հարուցելու: Այս առումով ակնհայտ է փաստաբանի դերը հասարակության մեջ, այն է`արդարադատությանը դիմելու մատչելիության ապահովումը, սա է փաստորեն Եվրոպայի որդեգրած մոտեցումը:

Ներկայումս Հայաստանի Հանրապետությունում փաստաբանությունը բացի իրավապաշտպան գործունեության տեսակ լինելուց հանդիսանում է նաեւ ձեռնարկատիրական գործունեության տեսակ: Որքանով է այն արտացոլում օբյեկտիվ իրականությունը եւ անհրաժեշտ է արդյոք ՀՀ-ում փաստաբաններին դիտել պոտենցիալ ձեռնարկատերեր կփորձեմ վերլուծել ստորեւ:

Այսպես, ըստ իս փաստաբանների եւ ձեռնարկատերերի գործունեությունը կարելի է բաժանել մի շարք չափանիշներով: Մասնավորապես, օրենսդիրը տարբեր ձեւերով է կանոնակարգում փաստաբանական եւ ձեռնարկատիրական գործունեությունը: Օրինակ, Համաձայն Փաստաբանության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի առաջին պարբերության` փաստաբանական գործունեությունն իրավապաշտպան գործունեության տեսակ է, որն ուղղված է իրավաբանական օգնություն ստացողի հետապնդած օրինական շահերի իրականացմանը` օրենքով չարգելված միջոցներով եւ եղանակներով: Իսկ ինչ ձեւով է բնորոշվում ձեռնարկատիրական գործունեության տեսակը ՀՀ օրենսդրության լույսի ներոք: Ըստ այդմ համաձայն ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 2-րդ հոդվածի` ձեռնարկատիրական է համարվում անձի ինքնուրույն, իր ռիսկով իրականացվող գործունեությունը, որի հիմնական նպատակը գույք օգտագործելուց, ապրանքներ վաճառելուց, աշխատանքներ կատարելուց կամ ծառայություններ մատուցելուց շահույթ ստանալն է: Այստեղ գլխավոր առանձնահատկությունը կայանում է նրանում, որ, եթե ձեռնարկատերի հիմնական նպատակը շահույթ ստանալն է, ապա փաստաբանի հիմնական նպատակը անձին որակյալ իրավաբանական օգնություն տրամադրելն է` ուղղված նրա սահմանադրական իրավունքների եւ ազատությունների իրականացմանը, որն էլ իր հերթին բխում է իրավական պետության սկզբունքից:

Այսինքն, ակնհայտ է, որ մենք չենք կարող փաստաբանի հիմնական նպատակը դարձնել շահույթ ստանալը եւ մի բան էլ ավելին` փաստաբանի գլխին կոտրել ՀՀ հարկային բեռը իր ողջ ծանրությամբ: Այս դեպքում փաստաբանը դադարում է լինել իրավունքի զինվոր նա ավելի շատ դառնում է առեւտրական, ինչը իմ խորին համոզման անթույլատրելի է:

Այս բնույթի հարցի վերաբերյալ ավելի հստակ պարզաբանում կարելի է գտնել Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական դատարանի 23.01.2007թ.-ի թիվ N-1-П գործում: Այնտեղ Սահմանադրական դատարանը պարզաբանել է, որ փաստաբանների վրա պարտականություն է դրված պրոֆեսիոնալ մակարդակի վրա ապահովել անձանց իրավաբանական օգնություն ստանալը նրանց իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ինչպես նաեւ արդարադատությանը դիմելու մատչելիության նպատակով:

Ամփոփելով պետք է նշեմ, որ Հայաստանում թեպետ օրենքները գրվում են ոչ թե հասարակական հարաբերությունների հետեւանքով առաջացած օբյեկտիվ պահանջմունքներից դրդված, այլ կոնկրետ անձանց շահերից դրդված, ուստի այս առումով ակնկալել նշված օրենքում ինստիտուցիոնալ փոփոխություն կամ գոնե լուրջ վերլուծություն առնվազն միամտություն է: Սակայն մենք պետք է հասկանանք, որ փաստաբանը կարող է ինչպես վճարովի հիմունքներով մատուցել ծառայություններ այնպես էլ անվճար: Հավատացած եմ, որ բազմաթիվ փաստաբանների մոտ եղել են դեպքեր, երբ կոնկրետ գործի, անձի, հանգամանքներից ելնելով փաստաբանը առանց որեւէ հատուցման ծառայություններ է մատուցել: Սա ձեռնարկատիրական գործունեությունում խորթ գործոն է եւ հակասում է բիզնես կանոններին: Փաստաբանին ոչ միայն չպետք է դիտել որպես ձեռնարկատեր այլ պետք է թեթեւացնել նրա ուսերին դրված հարկային բեռը` հարկելով փաստաբանին պարզեցված կարգով` դրանով իսկ խրախուսելով իրավապաշտպան գործունեությունը, քանի որ վերջին հաշվով փաստաբանների գործունեությունից ոչ թե պետ. բյուջեն պետք է լցնել, այլ իրավական պետություն կառուցել: Պատահական չէ, որ բազմաթիվ արեւմտյան երկրներ որդեգրել են հենց այս մոտեցումը:

Կարդացեք նաև