Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

Ազատություն եւ Անկախություն

30.09.2008


Վերջերս Հայաստանի Հանրապետությունը նշեց իր անկախության տասնյոթ ամյակը: Այդ առիթով ոմանք շքանշաններ ստացան, ոմանք պատվոգրեր, իսկ ոմանք էլ պաշտոններ: Սակայն մի պահ կտրվելով հայկական իրականությունից, որտեղ անձին գնահատում են ոչ թե ազգին մատուցած ծառայությունների համար այլ իշխանությանը մատուցած ծառայությունների համար եւ որ մեր երկրի նախագահները դեռ առաջնորդվում են Լյուդովիկոս XIV-ի կարգախոսով, ըստ որի «Պետությունը՝ այդ ես եմ», փորձենք հասկանալ թե ի՞նչ է անկախությունը եւ ո՞ւր է այն տանում:

Երբ ես փորձեցի ինձ համար վերլուծել թե ի՞նչ է ինձ տալիս Հայաստանի Հանրապետության անկախությունը կամ թե ՀՀ քաղաքացիների համար ի՞նչ տարբերություն ապրել Ռուսաստանի Դաշնության, ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի իրավակարգի ներքո թե ունենալ եվրոպական ինքնուրույն իրավակարգ եւ ապրել այդ իրավակարգի ներքո, եկա մի եզրահանգման, որ շարքային քաղաքացու համար ոչ մի տարբերություն չկա: Ինչո՞ւ եկա այդ եզրահանգման, որովհետեւ անկախությունը վերլուծում էի այսօրվա իրականության լույսի ներքո, իսկ ի՞նչ ունենք մենք այսօր, գրեթե ոչինչ, որ համեմատած Խորհրդային Հայաստանի ժամանակաշրջանի հետ առավելություն լիներ: Այդ պատճառով էլ մարդկանց մի զգալի հատված կարոտախտով է հիշում խորհրդային ժամանակները, քանի որ այդ մարդիկ չեն կարողանում հասկանալ թե ի՞նչ է անկախությունը կամ իրենց ինչի՞ն էր պետք այդ անկախությունը, իսկ ոմանք էլ ավելի առաջ են գնում եւ վստահաբար հայտարարում են, որ ավելի լավ կլիներ ՌԴ-ի կազմում լինեինք գոնե այս դեպքում թոշակները ավելի բարձր կլինեին:

Եվ իրոք, որ, եթե լինեինք ՌԴ-ի կազմում ի՞նչ չէինք ունենա, որ ունենք այսօր: Բնականաբար այս հարցին պատասխանող այն անձինք, ովքեր ներկայումս այս կամ այն կերպ ծառայում են Հայաստանում ձեւավորված ներկա ռեժիմին կփորձեն հայրենասիրական լոզունգներով ուղղակի խեղդել հարց տվողին, իսկ սովորական շարքային քաղաքացին թերեւս չգտնի այս հարցի պատասխանը: Սակայն մի բան հստակ է, որ, եթե Հայաստանը լինի ՌԴ-ի կազմում, ապա Հայաստանի անկուշտ լափողները ստիպված կլինեն մի քիչ դիետայի վրա նստել, քանի, որ իրենցից հզոր լափողներ կհայտնվեն, իսկ շարքային քաղաքացու համար դրանից ոչինչ չի փոխվի եւ ոնց նա ապրել է այդպես էլ կշարունակի ապրել, թերեւս թոշակներն էլ բարձր կլինեն:

Վերը նշվածը իրականությունից կտրված շարադրանք չէ այլ ՀՀ որոշ քաղաքացիների կարծիքների համախմբում եւ ուրեմն ի՞նչն է պատճառը, որ մենք շարքային քաղաքացիներս չենք հասկանում անկախության քաղցրությունը, ի՞նչը չի գնացել այնպես, որ մեզանից շատերը անկախություն բառը լսելիս հայհոյում են այն, իսկ ոմանք էլ հեգնանքով են վերաբերվում այն անձանց ովքեր խորհրդային տարիներին Ազատության հրապարակում բռունցք արած ազատություն էին վանկարկում:

Նշված հարցերի պատասխանը գտնելու համար ես կփորձեմ դիմել իմ մասնագիտությանը եւ առաջադրված հարցերը վերլուծել այդ պրիզմայով:

Եվ այսպես, հասկանալու համար թե ի՞նչ է անկախությունը մենք նախ պետք է հասկանանք թե ինչ է պետությունը:

Ինչպես գիտենք Հայաստանում այսօր առկա է երկու սերունդ՝ մեկը, որը բավականին երկար ժամանակ ապրել է սոցիալիստական հասարակարգում եւ բնականաբար դաստիարակվել եւ կրթվել է այդ հասարակարգում եւ մի պայծառ օր այդ դաստիարակությամբ եւ կրթությամբ հանկարծակի հայտնվել է նորանկախ Հայաստանի պետական ապարատում (իհարկե այստեղ խոսքը չի գնում հայ այն անհատների մասին, որոնք պայքարել են Հայաստանի անկախության համար եւ չնայած կրթվել են այդ հասարակարգում, սակայն շատ լավ հասկացել են իրական անկախության եւ ազատության արժեքները) եւ մյուսը, որն ապրել է սոցիալիստական հասրակարգի վերջին ժամանակաշրջանում, դաստիարակվել եւ կրթվել է միայն մի քանի տարի այդ համակարգում կամ ընդհանրապես չի ապրել այդ հասարակարգում:

Ըստ այդմ էլ պետություն հասկացությունը այս սերունդների մեջ ընկալվում է երկիմաստ ձեւով: Օրինակ, Աղայանի՝ Արդի հայերեն բացատրական բառարանում պետություն հասկացությունը տրված է հետեւյալ ձեւով՝ «Պետություն - երկրի տիրող դասակարգի (դասակարգերի) քաղաքական կազմակերպությունը համապատասխան մարմիններով ու հաստատություններով, որի նպատակն է պաշտպանել գոյություն ունեցող կարգերը եւ ճնշել ուրիշ դասակարգերի դիմադրությունն ու պայքարը:», ներկա իրականության տիպիկ բնորոշում:

Փաստորեն, Աղայանի կողմից տրված բնորոշման մտածելակերպի սերունդը ներկայումս գտնվում է պետական ապարատի ղեկին: Իսկ մյուս բնորոշումը դա հին եւ նոր մտածողների կողմից տրված բնական եւ իրական բնորոշումներն են:

Պետության, որպես օրենքի հիման վրա իր գործունեությունն իրականացնող կազմակերպության, մասին պատկերացումները սկսել են ձեւավորվել մարդկային քաղաքակրթության զարգացման վաղ փուլերում: Իրավական պետության հետ էին կապվում հասարակական կյանքի առավել կատարելագործված եւ արդարացի ձեւերի որոնումները: Անտիկ աշխարհի մտածողները (Սոկրատես, Դեմոկրիտ, Արիստոտել, Պոլիբիոս, Ցիցերոն եւ այլն) փորձում էին բացահայտել պետական իշխանության համար այնպիսի կապեր եւ փոխազդեցություններ, որոնք ապահովեին տվյալ դարաշրջանի հասարակության ներդաշնակ գործունեությունը: Անտիկ աշխարհի գիտնականները գտնում էին, որ առավել բանական եւ արդարացի է միայն մարդկանց համակեցության այն քաղաքական ձեւը, որի դեպքում օրենքը պարտադիր է ինչպես քաղաքացիների, այնպես էլ պետության համար:

Սպինոզան (Спиноза Б. Избр. Сочинения Т II. М., 1957. Ст. 207-209, 261) առաջիններից մեկը տվեց ժողովրդավարական պետության տեսական հիմնավորումը, որը կապված լինելով օրենքների հետ ապահովում է մարդու իրական իրավունքներն ու ազատությունները: Նա պնդում էր, որ պետությունը հզոր է միայն այն դեպքում, երբ այն յուրաքանչյուր մարդու երաշխավորում է ոչ միայն կյանքի պահպանում, այլեւ նրա շահերի բավարարում, կառավարողներին նախազգուշացնում է հպատակների սեփականության, անվտանգության, պատվի, ազատության եւ այլ բարիքների նկատմամբ ոտնձգության կատարելուց: Ինչպես տեսնում ենք Սպինոզան առաջ է քաշում այնպիսի հասկացություն, ինչպիսին է ազատությունը:

Այս առումով առավել առաջ էր գնացել մեկ այլ մտածող՝ Հոբսը, որը պաշտպանում էր մարդու ազատության հասկացությունը որպես իրավունք անելու այն ամենը, ինչ արգելված չէ օրենքով եւ դրանով իսկ հասարակական հարաբերությունների իրավական կարգավորման առավել արդյունավետ սկզբունքի տեսական հիմք դրեց:

Մոնտեսքյոն, իրավական պետության հաստատումը բացատրում էր քաղաքացիական հասարակությունում քաղաքական ազատության անհրաժեշտությամբ: «Ազատությունն իրավունք է անելու այն, ինչ թույլատրվում է օրենքներով: Եթե քաղաքացին կարողանար անել այն, ինչ այդ օրենքներով արգելված է, ապա նա ազատություն չէր ունենա, քանի որ նույնը կարող էին անել եւ այլ քաղաքացիներ (Монтескье Ш. Избр. поизведения. М., 1955. С. 289):»: Քաղաքական ազատությունը Մոնտեսքյոյի մոտ նշանակում է օրինականության եւ անվտանգության հաստատում: Իսկ դա ձեռք է բերվում իշխանությունները օրենսդրի, գործադրի եւ դատականի տարանջատման ճանապարհով, որոնք կենտրոնացված են միմյանց սահմանափակող ու հավասարակշռող տարբեր մարմինների ձեռքում: Սա նրա քաղաքական-իրավական տեսության կարեւորագույն գաղափարներից մեկն էր: Հետագայում այն իրավական մարմնավորում ստացավ քաղաքակիրթ երկրների մեծ մասի պետական շինարարության մեջ:

Այս առումով Հայաստանն էլ իր պետական շինարարության մեջ ընդգրկեց իշխանությունների տարանջատման սկզբունքը, սակայն Հայաստանում իրավունքը առաջնային դեր չխաղաց, ավելին՝ վստահաբար կարելի է պնդել, որ եթե Հայաստանի Ազգային ժողովի փոխարեն լինի 10 անձից բաղկացած հանձնաժողով, իսկ դատական համակարգը կազմված լինի թաղային եւ տարածքային հեղինակությունների դեպարտամենտից, որը պարտադիր կկատարի իշխանությունների կամքը, ապա Հայաստանում կլինի նույն այն իրավիճակը, ինչն առկա է այսօր: Իրավական պետությունում իրավունքն առաջնային դեր է խաղում միայն այն դեպքում, եթե այն հանդես է գալիս որպես ազատության չափ յուրաքանչյուրի եւ բոլորի համար, եթե գործող օրենքները ծառայում են ժողովրդի եւ պետության շահերին, իսկ դրանց կենսագործումը հանդիսանում է արդարության մարմնավորում: Զարգացած օրենսդրությունը, դեռեւս չի վկայում հասարակության մեջ իրավական պետության առկայության մասին: Հայաստանի փորձը ցույց տվեց, որ ինչպես ամբողջատիրական երկրներում, այնպես էլ Հայաստանում պարբերաբար հրապարակվում են իրավական ակտեր, «ապահովվում» է դրանց խստիվ կենսագործումը եւ այլն, բայց այդպիսի իրավական կարգավորումը իրավական պետության հակապատկերն է:

Իրավական պետության մեջ, նշում է Կանտը (Кант И. Соч. Т. 4. Ч. II. Ст. 233), քաղաքացին պետք է օժտված լինի իշխողների նկատմամբ օրենքների ճշգրիտ կատարման նույն հնարավոր հարկադրանքով, որով օժտված է իշխողը քաղաքացու նկատմամբ ունեցած իր վերաբերմունքով: Պետությունը, ըստ Հեգելի (Гегель. Философия права. М., 1990. С. 95), հասարակական կյանքի առավել կատարյալ կազմակերպություն է, որում ամեն ինչ կառուցվում է իրացված ազատության թագավորություն ներկայացնող իրավական հիմքի վրա: Պետության վերաբերյալ հեգելյան հայացքների արժեքը կայանում է նրանում, որ հարկադրանքի, բռնության, ֆունկցիան նրանում այնքան էլ կարեւոր դեր չեն խաղում: Կարեւորը պետական գործունեության սոցիալական եւ իրավական հստակ ուղղվածությունն է, նրա բարոյական խորը բովանդակությունը, հասարակության եւ անհատի համար բանականն ու օգտակարը:

Ամփոփելով պետության հասկացությունների բնորոշումները, կարելի է տալ արդի իրավական պետության հասկացությունը, ըստ որի իրավական պետությունը ինքնիշխան պետություն է, որն իր մեջ կենտրոնացնում է երկրում բնակվող ժողովրդի, ազգերի եւ ազգությունների ինքնիշխանությունը:

Իրականացնելով իշխանության գերակայություն, ընդհանրություն, լիարժեքություն եւ բացառիկություն, այդպիսի պետությունն առանց բացառության բոլոր քաղաքացիների համար ապահովում է արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակական հարաբերությունների ազատությունը: Իրավական նորմալ պետության մեջ հարկադրանքը իրականացվում է իրավունքի հիման վրա:

Հարկադրանքը, լինելով պետական ինքնիշխանության կարեւոր ցուցանիշ, սահմանափակված է իրավունքով, բացառում է անօրինականությունն ու կամայականությունը: Պետությունն ուժը օգտագործում է միայն բանականության (իրավական) շրջանակներում եւ միայն այն դեպքերում, երբ խախտվում են նրա ինքնիշխանությունը, նրա քաղաքացիների շահերը: Նա սահմանափակում է առանձին մարդու ազատությունը, եթե նրա վարքագիծը սպառնում է այլ մարդկանց ազատությանը:

Իրավական պետությունում մարդիկ տալիս են իրենց ինքնիշխանությունից մի փոքր մաս, որի արդյունքում ստեղծվում է պետություն, որը կոչված է ապահովելու եւ պաշտպանելու այդ մարդկանց ազատությունը: Այսինքն, պետությունը գործիք է, որը պետք է ապահովի մարդու ազատությունը:

Իսկ ի՞նչ է ազատությունը: Կրկին դիմենք Աղայանի օգնությանը: Ըստ Աղայանի «Արդի հայերեն բացատրական բառարանի» ազատություն նշանակում է՝ «Ազատություն – ժողովրդի իրավունքը՝ տնօրինելու իր քաղաքական, պետական, հասարակական ու մշակույթային կյանքը: Ուրիշի իշխանությունից զերծ՝ ազատ լինել: Ճնշումից՝ արգելքից ազատ լինելը:»: Իսկ, անկախ, այդ նույն բառարանի նշանակում է՝ « Անկախ – ուրիշից կախում չունեցող, կախման մեջ չգտնվող:»:

Եվ այսպես, անկախ իրավական պետությունը դա յուրատեսակ գործիք է, որը առավելագույնս ապահովում է այդ տարածքում բնակվող անձանց ազատությունը: Իրավական պետությունում անձը առավելագույնս ազատ է, այսինքն պետությունը կամ որ ավելի ճիշտ է անկախ պետությունը, եթե կուզես դա անձի ազատությունն է: Մնացած բոլոր դեպքերում պետությունը դա իշխանություն է, որի բնորոշումը այնքան՜ լավ տվել է Ա. Իսահակյանն, ըստ որի՝«Իշխանությունը – սերունդներ լափող. Անհագ վաշխառու, անկուշտ ձրիակեր, պատերազմների հավերժ հերյուրող: Եվ ամեն ինչ է իշխանությունը – իրավունք, օրենք եւ արդարություն. Նա ինքն է խիղճը եւ չարն ու բարին, իսկ դու գերեզման, դու՝ ոչնչություն:»:

Նոր հասարակարգի մտածելակերպով օժտված սերունդը շատ լավ գիտակցում է, որ անկախությունը դա ազատությունն է, անհատի ազատությունը կատարելու այն ամենը ինչը արգելված չէ օրենքով, իր հերթին օրենքը իրավական արժեքների համակարգում մարդկանց ազատությունների պաշտպանության եւ կազմակերպման բարձրագույն արտահայտման ձեւն է: Պետությունը օրենքներում սահմանում է վարքի ընդհանուր պարտադիր կանոնները: Այդ կանոնները իրավական պետություններում առավելագույնս հաշվի են առնում հավասարության եւ արդարության սկզբունքների վրա հիմնված հասարակական հարաբերությունների զարգացման օբյեկտիվ պահանջները: Միեւնույն ժամանակ իրավական օրենքը չի թույլատրում օրենսդրի ինքնակամությունը, ինչը ցավոք այսօր Հայաստանում մենք չենք տեսնում: Օրենքներում պետք է արտահայտվեն օբյեկտիվորեն ծավալվող հասարակական հարաբերությունները, նրանց զարգացման եւ ինքնաթարմացման միտումները: Տարբեր տեսակի օրենսդրական սահմանափակումներն ու սուբյեկտիվ բնույթի արգելքները խախտում են իրավական պետության հիմքը, արգելակում հասարակական առաջընթացը:

1991 թվականի սեպտեմբերի 21-ին անկախացանք: Ոմանք մտածեցին, որ սա բերելու է նրան, որ Հայաստանում անձը լինելու է ազատ, ինքն է տնօրինելու իր քաղաքական, պետական, հասարակական ու մշակույթային կյանքը, իր ճակատագիրը եւ անկեղծ ուրախացավ, իսկ մյուսները մտածեցին, որ անկախությունը դա հնարավորություն է լափելու մի ուրիշ ձեւի լափելու, հարստահարելու, զրկելու, սպանելու, պոռնկացնելու մի ամբողջ ժողովուրդ …

2008 թվականի սեպտեմբերի 21-ին նշում ենք անկախության տոնը եւ ես ինձ հարց եմ տալիս ի՞նչ ունի այսօր շարքային քաղաքացին, որ հնարավոր էր որ չունենար, եթե լիներ ասենք Ռուսաստանի կազմում: Բացարձակապես ոչինչ, բացի անմեղ տեղը սպանված եւ կալանավորված մարդկանցից, պոռնիկների մի ամբողջ բանակից, հարստահարվածներից եւ զրկվածներից: Եվ այս ֆոնին թերեւս զարմանալի չէ սովորական շարքային մարդու վերաբերմունքը անկախության «տոն»-ի նկատմամբ, իսկ ինչո՞ւ նա պետք է իրապես ուրախանա այդ օրը, ի՞նչ ունի նա այսօր, որը չուներ խորհրդային ժամանակաշրջանում…

Կարդացեք նաև