Գլխավոր էջ Հետադարձ կապ Կայքի քարտեզը RSS Տպել

ՍՈՎՈՐԵԼՈՒ ԴԺՎԱՐ ՃԱՆԱՊԱՐՀԸ

02.12.2014


Որդյա՛կ, ուսո՛ւմ փնտրիր քո մանկությունից, և մինչև ծերություն իմաստունություն պիտի գտնես: Մոտեցիր նրան վարողի և սերմանողի նման, և սպասի՛ր նրա բարի պտուղներին: Թեև այն մշակելու պահին մի քիչ կհոգնես, բայց շուտով կուտես նրա պտուղները:

Տգետների համար այն քարքարոտ ճանապարհ է, և անմիտ մարդը նրա մեջ երկար չի մնա: Փորձության ծանր քարի նման այն բեռ է նրա վրա և նա չի դանդաղի այն դեն շպրտել:

Արդարև, իմաստունությունը համապատասխանում է իր անվանը և շատերին չէ, որ հայտնի է:

Լսի՛ր, որդի՛ս, և ընդունի՛ր իմ խրատը, մի՛ մերժիր իմ այս խորհուրդը:
Դի՛ր քո ոտքը նրա ոտնակապերի մեջ և քո պարանոցը՝ նրա շղթաների մեջ: Խոնհարեցրո՛ւ քո ուսը, վերցրո՛ւ այն և մի՛ ձանձրացիր նրա կապանքներից:
Քո բովանդակ հոգով մոտեցի՛ր նրան և քո բովանդակ զորությամբ պահի՛ր նրա ճանապարհները:

Քննի՛ր, փնտրիր, և դու կճանաչես այն, և երբ բռնես՝ մի՛ թող նրան, քանզի ի վերջո դու հանգիստ կգտնես նրա մեջ, և քեզ համար նա ուրախություն կդառնա:

Քեզ համար նրա կապանքները զորության պատվար կլինեն, և նրա շղթաները՝ փառքի պատմուճան: Արդարև, ոսկեղեն զարդ կա նրա վրա, և նրա կապանքները հակինթի շար են: Այն կհագնես իբրև փառքի զգեստ և քո վրա կդնես իբրև ցնծության պսակ:
Որդյա՛կ, եթե ցանկանաս, կդաստիարակվես և եթե հոգով նվիրվես, խորագետ կլինես: Եթե լսել սիրես, կհասկանաս և եթե մոտեցնես քո ականջը, իմաստուն կլինես:

Եղի՛ր ծերերի բազմության մեջ, և ով իմաստուն է, հակվի՛ր դեպի նա: Ցանկացի՛ր լսել բոլոր աստվածառաք զրույցները և թող հանճարեղ ասույթները չվրիպեն քեզնից:

Եթե իմաստուն մարդ տեսնես, առավոտից նրա մո՛տ եղիր, և թող քո ոտքը մաշի նրա դռան շեմը:

Խորհի՛ր Տիրոջ հրամանների մասին և տևապես ձգտի՛ր նրա պատվիրաններին: Նա կհաստատի քո սիրտը և իմաստունության ցանկություն կտա քեզ:

ՍԻՐԱՔԻ ԻՄԱՍՏՈՒԹՅՈՒՆԸ 6:18-37

Կարդացեք նաև